‘
Իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել Քենիայի հյուսիս-արևելքում գտնվող Գարիսսա քաղաքի համալսարանական քոլեջի վրա, ինչի արդյունքում զոհվել է 147 մարդ, վիրավորվել 79-ը:
Քենիայի ներքին գործերի նախարար Ջոզեֆ Նկաիսերիի խոսքով՝ հաջողվել է փրկել 500 մարդու: Ընդհանուր առմամբ՝ քոլեջում սովորում է 815 ուսանող:
«Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ջիհադիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման գորհայինները հայտարարել են, որ պատանդ կպահեն քրիստոնյա ուսանողներին, իսկ մուսուլմաններին ազատ կարձակեն: 15 մուսուլմաններ իսկապես ազատ են արձակվել:
Բոլոր չորս հարձակվողներն էլ, որոնք պատանդ էին պահում ուսանողներին, սպանվել են:
Քենիայի նախագահ Ուհուրու Քենյաթան ցավակցություն է հայտնել զոհված ուսանողների ընտանիքներին և խոստացել շտապ կարգով ավելացնել երկրում ուժային կառույցների թվակազմը: Նա խոստովանել է, որ մարդկային զոհերի պատճառը անվտանգության ծառայության աշխատակիցների պակասն է եղել, փոխանցում է BBC-ն:
‘