‘«Աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտության հարցը կքննարկեն փետրվարի 11-ին’

1389

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարցով դիմում էր ներկայացրել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով: Դիմումում նշվում էր, որ Պետրոսյանը խախտել է  ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված էթիկայի նորմերը, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի հասցեին հնչեցրել է բռնության եւ սպառնալիքի կոչեր, արել է վիրավորական արտահայտություններ, որոնց վերաբերյալ հանձնաժողովը պիտի որոշում կայացներ:

Դիմումի քննությունը, ինչպես այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը, կայացավ այսօր` դռնփակ նիստում: Մեր թղթակցի փոխանցմամբ, հարցի քննարկման և դրա վերաբերյալ Հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով Հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակվել ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, իսկ հարցի քննարկումը նշանակվել է փետրվարի 11-ին, որին կմասնակցի նաև Շուշան Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Գայանե Շահինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել բանակի վերաբերյալ: Մասնավորեպես, նա գրել էր. «Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից…»: Այս գրառմանը Շուշան Պետրոսյանն արձագանքել էր. «Չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:

Բաբայանը տեղեկացրեց նաեւ, որ քանի որ նոր նստաշրջան է սկսվում, ուստի իր լիազորություններն այսօրվանից դադարում են: Ինչ վերաբերվում է նոր նախագահին, ապա ըստ կանոնակարգի՝ ռոտացիոն կարգով հանձնաժողովի հաջորդ նախագահը կդառնա իշխող ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկությությունները’