‘
Հայաստանը շահել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պալատի ոչ թե պատուհանների ապակիների տեղադրման համար, այլ վիտրաժներ տեղադրելու միջոցով նվիրատվություն անելու մրցույթը: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով պարզաբանել է, որ երեկ օգտագործելով «ապակի» բառը, ենթադրել է , որ բոլորը տեղյակ են, որ խոսքը վիտրաժի մասին է:
Կայքը հիշեցնում է, որ երեկ այս առումով տարակուսանք էր առաջացրել ՀՀ փոխարտգործնախարարի այն նախադասությունը, որ «…այս քայլով Հայաստանն էլ իր ներդրումն է կատարում Եվրոպայի խորհրդում գոյություն ունեցող մշակութային հավաքածուում»:
Tert.am-ին այսօր Զոհրաբ Մնացականյանը հայտնել է նաև, որ վիտրաժների հեղինակը նկարիչ, դիզայներ Արևիկ Պետրոսյանն է, սակայն դժվարացել է հիշել, թե որքան գումար է կազմում ՀՀ կառավարության նվիրատվությունը ԵԽԽՎ-ին:
Արևիկ Պետրոսյանը նկարիչ, քանդակագործ ու «չեկանկիստ» Բենիկ Պետրոսյանի դուստրն է: Bravo.am-ի տեղեկացմամբ՝ Արևիկ Պետրոսյանը ստեղծագործում է օրգանական ապակու վրա` ոսկով և արծաթով, ինչը հենց նկարչուհու խոսքով՝ նոր ուղղություն է արվեստում:
Հիշեցնենք, որ երեկ «Հայկական ժամանակ» թերթը «Շուշա քցենք եվրոյով» խորագրի ներքո տեղեկացրել էր, որ երբ դեռ քննարկվել է ԵԽԽՎ բյուրոյի զեկույցը, դրանում հատուկ տողով շնորհակալություն է հայտնվել Հայաստանի կառավարությանը՝ նվիրաբերության համար:
‘