‘Ապահով Հայաստանի անապահով քաղաքացիները’

803

Այսօր կառավարության դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել հայտնի Կոնդ թաղամասի այն բնակիչները, որոնց իշխանություններն իրենց սիրելի «Դաուն-Թաուն» շինարարական ընկերության հետ միասին փողոց շպրտեցին` տարածքը հռչակելով հանրային շահի տեսանկյունից կառուցապատման ենթակա գոտի: 

Այս ընկերությունը պարտավորվել էր նույն տարածքում կառուցված մի շենքում տեղավորել բոլոր 200 ընտանիքներին` նրանց բնակարաններ հատկացնելով: Սակայն արդեն չորրորդ տարին է` ոչ միայն դրա ղեկավարներն են գետնի տակն անցել իրենց խոստումներով հանդերձ, այլեւ կառավարությունը չի պատրաստվում որեւէ կերպ աջակցել կամ փոխհատուցել քաղաքի տարբեր ծայրերում բնակարաններ վարձակալած այս մարդկանց ծախսը: «Էլ հնարավոր չէ դիմանալ սրան: Մենք երեք հոգով աշխատում ենք, բայց էլի չենք կարողանում ապրել: Աղջիկս մանկապարտեզում դաստիարակչուհի է եւ ընդամենը քառասուն հազար դրամ է ստանում, ես աման եմ լվանում` չասեմ որտեղ, եւ օրը երկու հազար եմ տուն տանում, որով հազիվ հաց ենք կարողանում առնել: Տղաս հազիվ է կարողանում հարյուր հազար դրամ ստանալ, որից ութսուն հազարը տան վարձ ենք տալիս, մնացածն էլ գործի գնալ-գալու վրա է ծախսվում: Խեղճ էրեխես անգամ չի կարողանում ընդմիջում անել` մինչեւ երեկոյան ութն աշխատելու պայմաններում: Ամուսինս էլ երեք տարի առաջ մահացավ: Հիմա մենք ինչ անենք, ասե’ք, առավոտից մտածում եմ, թե ինչ անեմ, ինչ տրյուկ մոգոնեմ, որ գոնե համ աղջկաս քառասուն հազարից համ վարձերը տամ կոմունալ, համ իրեն ճանապարհածախս տամ, համ ջահել են` շոր է պետք, հազար բան: Թաղեմ սրանց, ոնց որ մեզ են թաղել»,-բողոքում էր տիկին Հասմիկը:
Քիչ անց նրանց մոտեցավ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, ով հայտարարեց, թե 15 աշխատանքային օրրերի ընթացքում կփորձեն խնդիրը դիտարկել համակողմանիորեն, այնուհետ նաեւ պաշտոնական պատասխան կտան: Ակցայի մասնակիցներին, սակայն, այս պատասխանն «իրենց ականջներից լապշա կախելու պես բան թվաց», իսկ ոմանք հայտարարում էին ծայրահեղ քայլերի գնալու մասին…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Հրաժարական է ներկայացրել ԵՄ օմբուդսմենը’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում Գերմանիան կարող է շրջանցել Անգլիային’