‘Ապարանում ոստիկանները Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքն ապօրինի են համարում’

871

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ հասավ Ապարան: Երբ նա Ապարանի հրապարակում ողջունում էր հավաքված մի քանի տասնյակ քաղաքացիներին, ոստիկանության աշխատակիցները բարձրախոսերով իրազեկում էին քաղաքացիներին, որ Ապարանի քաղաքապետրանը հանրահավաք կազմակերպելու մասին դիմում չի ստացել, հետևաբար հավաքն ապօրինի է: 

Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ ծառայողական ավտոմեքենային և ոստիկանին խնդրեց պարզաբանել հնչեցրածը: Հեվհաննիսյանն ասաց, որ ոչ ոք իրավունք չունի լռեցնել կամ վախեցնել քաղաքացիներին, իսկ մարդիկ հավաքվել են ինքնաբուխ:
Հրապարակում հավաքվածներին Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 1918 թվականին Ապարանը փրկեց Հայաստանը, այժմ Ապարանը պետք է նորից անի դա, որպեսզի ոստիկանը չհամարձակվի սպառնալ քաղաքացիներին և տարածել վախի մթնոլորտ:
iLur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ ոստիկանների գործողությունները ապօրինի էին, քանի որ հավաքվածների թիվը չէր հասնում 100-ի, հետևաբար այդ միջոցառումը զանգվածային չի կարելի համարել: Ըստ օրենքի՝ այդ դեպքում ոստիկաններն իրավունք չունեին հնչեցնել հայտարարություն, թե իբր հանրահավաքը ապօրինի է:
Ապարանի հրապարակից Րաֆֆի Հովհաննիսյանը շտապեց «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ նախընտրական քարոզարշավի ժամանակ նկատելով ՀՀԿ-ական թեկնածուի նախընտարական պաստառը՝ պոկել էր այն:
Այս անգամ «Ժառանգության ղեկավարը հերթապահ բժշկին կխնդրեց պատգամ փոխանցել գլխավոր բժշկ Շմավոնյանին, որ այլևս ոչ մեկի՝ նույնիսկ իր նկարը չփակցվի այդ շինության մեջ, քանի որ հիվանդանոցը ունի մարդկանց բուժելու, այլ ոչ թե քարոզարշավ իրականացնելու առաքելություն:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի վերահսկող խմբի տարածքներում Սերժ Սարգսյանը պարտվել է’
Հաջորդ հոդվածը‘Հալեպը կրկին հրթիռակոծության է ենթարկվել’