‘
Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» եւ պարտվեց 0:3 հաշվով:
Առաջին խաղակեսում մանչեսթերցիներն ունեին առավելություն, սակայն թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում անգլիացի հարձակվող Հարի Քեյնը անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով առաջ մղեց լոնդոնցիներին: 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունը շատ անվստահ էր գործում այս խաղում, ինչից «Տոտենհեմն» օգտվեց 84-րդ րոպեին: Լուկաս Մոուրան դարձավ դուբլի հեղինակ՝ վերջակետ դնելով խաղին:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 9 միավոր եւ հավասարվեց առաջատարներ «Լիվերպուլին», «Չելսիին» ու «Ուոթֆորդին»: «Մանչեսթեր Յունայթեդը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը եւ 3 միավորով մնաց 13-րդ տեղում:
Անգլիայի առաջնություն, երրորդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»՝ 0:3
Հարի Քեյն, 50, Լուկաս Մոուրա, 52, 84
‘