‘
Սիրիացի ապստամբներն այսօր առավոտյան իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել Հալեպի Մեծ մզկիթը՝ քաղաքի հնագույն և ամենախոշոր մզկիթը, հաղորդում է France-Presse գործակալությունը: Մզկիթի շինությունների համլիրի համար մարտերն ընթանում էին արդեն մի քանի օր: Ավտոմատ զենքերով և նռնականետներով ընթացող կատաղի փոխհրաձգությունների հետևանքով XII դարի շինությունը լուրջ վնասվածքներ է կրել: Մասնավորապես՝ մարտերի ընթացքում հրկիզվել է մզկիթի թանգարանը: Բոցն այնքան ուժեղ է եղել, որ թանգարանի պահոցների առաստաղը փլվել է:
Ի դեպ, Հալեպի ամբողջ պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Ընդ որում՝ Հալեպի Մեծ մզկիթը համարվում է Սիրիայի երկրորդ քաղաքի պատմական հուշարձանների «մարգարիտը»:
Ապստամբները, սակայն, հայտարարում են, որ մզկիթն իրենց հետաքրքրում է ոչ միայն կրոնական, այլև օպերատիվ-մարտավարական տեսանկյունից. պատմական հուշարձանի գրավումը ընդդիմության ջոկատներին հնարավորություն է տվել կտրել կառավարական ուժերի խոշորագույն կայազորի մատակարարման ճանապարհը, հաղորդում է lenta.ru-ն:
‘