‘
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության քվեարկությունը անցկացնելու համար խորհրդարանը 2015 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարության նախագծի քննարկամն ժամանակ հայտարարել էր, որ խմբացկությունը չի մասնակցելու հայտարարության քվեարկությանը, քանի որ չեն ցանկանում «մասնակցել մեր պետական հիմնարար շահերին վնասող այս փաստաթղթի ընդունմանը»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝
— հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
— արժեւորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
— կարեւորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
— երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
‘