‘
Բնապահպան Մարիամ Սուխուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սպասում ենք միջազգային ֆոնդերի հանձինս CNF — WWF կազմակերպությունների արձագանքին երեկվա օրինախախտումների վերաբերյալ: Շարունակելու՞ են ֆինանսավորել Խոսրովի արգելոցը և համագործակցել կրիմինալի հետ, թե կբռնեն օրենքի ճամփան ու կպահանջեն , որ չեղյալ համարվեն այս չընտրությունները:
Ըստ այդմ կարժանան հանրության կողմից համապատասխան վերաբերմունքի:
Հիշեցնենք, որ երեկ Բնապահպանության նախարարությունը խախտել է մամուլի և հասարակայնության՝ էկոլոգիական կարևոր որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու իրավունքը:
Պետք է տեղի ունենար Գետահովտի ՀԷԿ-ի ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ և Խոսրովի արգելոցի տնօրենի ԲԱՑ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿ ընտրություններ հանրության և լրատվամիջոցների մասնակցությամբ:
Սակայն ԲՆ-ն արգելել է թե՛ լրատվամիջոցների, թե՛ միջազգային դոնոր կազմակերպությունների` WWF, CNF և թե դիտորդ ակտիվիստների մուտքը: Վերջիններս նամակով դիմել և ստացել էին պատասխան նամակ — հաստատում, որը տեղադրվել էր էկոնյուզ կայքում, և մեզ անհայտ պատճառներով անհետացավ:
Նրանք հրաժարվեցին անցագրեր տրամադրել «Շանթ», «Իջեւան», «Սիվիլնեթ» հեռուստաընկերությունների, «Լրագիր» , «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրողներին: Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի հետ կապվելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, քանի որ նրա հեռախոսն անջատված էր:
Այդպիսով, Բնապահպանության նախարարությունը խախտեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի (Լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները) 3-րդ կետը. «լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»: Լռությունը հանցագործություն է: Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ համաձայնությամբ»:
‘