‘Առաջարկում են մինչեւ 3 անգամ կրճատել Երեւանի տրանսպորտի երթուղիների թիվը’

3373

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը: Նիստի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը առաջարկել է մասնավորապես մինչև երեք անգամ կրճատել Երևան քաղաքի գործող երթուղիների թիվը եւ օպտիմալացնել երթուղային ցանցը։ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվետվությունները նաև սահմանում են առանձնացված ավտոբուսային գծերի և կանգառահատվածների համար նոր չափորոշիչներ։

Նիստը նախագահող Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը աշխատանքային խմբում ներգրավված ՀՀ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներին առաջարկել է նշված չափորոշիչների կիրառելիության և իրագործելության վերաբերյալ ներկայացնել մասնագիտական գնահատական։

«Այս հարցում մենք չենք կարող հիմնվել միայն խորհրդատուի մասնագիտական կարծիքի վրա։ Մենք ինքներս էլ պետք է ևս մեկ անգամ, լրացուցիչ համոզվենք, որ այն, ինչ առաջարկվում է, հնարավոր լավագույն տարբերակն է», – ասել է Նիկոյանը։

Մինչև այժմ մասնագիտական աշխատանքային խումբն ունեցել է ևս երկու հանդիպում, որոնց ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել են առաջարկներ՝ օպտիմալացման ընդհանուր հնարավորությունների, նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի մասին գնումների ընթացակարգերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը դեռեւս 2016-ի մայիսին տված մի հարցազրույցում հայտարարել է, որ Երեւանի նոր երթուղային ցանցը` նոր շարժակազմով, էլեկտրոնային միասնական վճարման համակարգով եւ նոր երթուղիներով, կսկսի գործել արդեն 2017-ի մայիսին: Ինչպես տեսնում ենք, տրանսպորտային բարեփոխումների հարցը նշված ժամկետից 4 ամիս անց դեռ քննարկման փուլում է, եւ հայտնի չէ, թե երբ ավարտին կհասնի: 

Նախորդ հոդվածը‘Հարվարդում Շնոբելյան մրցանակներ են հանձնվել զվարճալի գիտական գյուտերի համար’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն խստացնում է պատժամիջոցներն ընդդեմ ԿԺԴՀ-ի’