‘
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում առաջարկ է եղել քաղաքի մի մասը ծածկել հսկայական թափանցիկ գմբեթով՝բնակիչների համար հարմարավետ ջերմաստիճան ապահովելու և զբոսաշրջիկներին հրապուրելու նպատակով: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն՝ նման առաջարկով է հանդես եկել տեղացի ճարտարապետ Եվգենի Նևելիչկովը: «Երկու-երեք կիլոմետր տրամագծով» գմբեթն առաջարկվում է կառուցել մայրաքաղաքի ձախակողմյան առափնյակում, ինչը թույլ կտա «ծածկել քաղաքի այդ հատվածի գրեթե բոլոր գլխավոր կառույցները», այդ թվում՝ Իշիմ գետի ափին գտնվող նախագահական նստավայրը: Պարզ չէ, սակայն, թե ինչու է առաջարկվում գմբեթի տակ առնել միայն քաղաքի մի մասը (Աստանայի ընդհանուր մակերեսը 700 քառակուսի կմ-ից ավելի է): «Էքսպրես-K» պարբերականի հաշվարկով՝ գմբեթի կառուցումը կարժենա մեկ միլիարդ դոլար, սակայն այդ ծախսը կփոխհատուցվի զբոսաշրջության աշխուժացմամբ և էլեկտրաէներգիայի խնայողությամբ:
Հայտնի չէ, թե արդյոք այս նախագիծը քննարկվել է իշխանությունների հետ:
Ի դեպ, մի քանի տարի առաջ նման նախագիծ առաջարկվել էր ամերիկյան Հյուսթոն քաղաքի համար՝ քաղաքը փոթորիկներից և տապից պաշտպանելու նպատակով:
‘