‘
Իտալիայի իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ռոբերտո Ջակետին ընդունել է իր պարտությունը Հռոմի քաղաքապետի ընտրություններում: Չսպասելով քվեարկության վերջնական արդյունքների հրապարակմանը՝ նա հաղթանակի առթիվ շնորհավորել է իր մրցակցին՝ Վիրջինիա Ռաջիին, որը ներկայացնում է պոպուլիստական «Հինգ աստղերի շարժումը»:
Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Ռաջիի օգտին քվեարկել էր կրկնակի ավելի ընտրող, քան հօգուտ Ջակետիի: Քվեների 16 %-ի հաշվարկը հաստատել է այդ տվյալները:
Ռաջիի քարոզարշավի հիմնական թեման պայքարն էր կոռուպցիայի և արտոնությունների դեմ: Նա կդառնա պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի Հռոմի քաղաքապետի պաշտոնը:
Քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենում նաև Իտալիայի մի շարք այլ քաղաքներում՝ Միլանում, Թուրինում, որտեղ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել քվեարկության առաջին փուլում հավաքել 50 %: Փոխանցում է BBC-ն:
‘