‘Առաջ` դեպի ոստիկանապետություն. Վովա Գասպարյանը սպառնում է. էդ ժամանակները անցել են ‘

1365

Ոստիկանության կայքը մի տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացած է ոստիկանապետ Վովա Գասպարյանի  սեպտեմբերի 13-ին Լոռու մարզում անցկացրած աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ վերջինս բավականին ուշագրավ հայտարարություն է արել:

Մասնավորապես, անդրադառնալով հանրահավաքներին, երթերին ոստիկանների և ակտիվիստների «բախման դեպքերին»` Գասպարյանն ասել է, թե «ոստիկանը պետք է շատ հանդուրժող լինի, բայց անընդհատ հանդուրժել պետք չէ»:

«Տարիներ շարունակ հանդուրժել ենք։ Ամենատարբեր հանրահավաքների, երթերի, մասսայական միջոցառումների ժամանակ ոստիկանությունը գտնվել է իր դիրքերում, շատ ավելի հանդուրժող է եղել, շատ ավելի ոչ ադեկվատ է եղել, երբ լկտիանում են, իսկ ոստիկանությունն էդ լկտիությանը զսպվածությամբ է պատասխանում։ Էդ ժամանակահատվածը ես համարում եմ, որ արդեն անցել է»,- հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը՝ ապա մի քանի անգամ դեկլարատիվ հղումներ կատարելով օրենքի իր պատկերացրած գերակայությանը` հայտարարել է. «Այլեւս ես կարգադրում եմ յուրաքանչյուրիդ, ցանկացած քաղաքացի, երբ ոստիկանի վրա ձեռք է բարձրացնում, երբ ոստիկանին անպատվում է, վիրավորում է, ոստիկանի հետ զազրախոսում է, ոստիկանը պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանտվության ենթարկի քաղաքացուն»:

Փաստորեն, Վովա Գասպարյանը արդեն բացահայտ հայտարարում է «առաջ` դեպի ոստիկանապետություն» կարգախոսը:

Թե ինչպես է մինչ այժմ իրեն պահել ոստիկանությունը երթերի, հանրահավաքների եւ ցույցերի ժամանակ՝ հայտնի է բոլորին: Բախումներ կոչվածը մշտապես տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են իշխանությունների կամքը ներկայացնել որպես օրենքի գերակայություն եւ օրինական պահանջ, եւ երբ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանների՝ իրականում ապօրինի պահանջներին: Բացի դա, մինչ այժմ ոստիկանների հետ, այսպես կոչված՝ «բախումները» տեղի են ունեցել հայտնի սցենարով, երբ քաղաքացիներին տարել են բաժին, որտեղ հայտնվել են մի քանի այլ ոստիկաններ եւ ցուցմունքներ տվել քաղաքացիների դեմ՝ իբր իրենց քաշքշելու, դիմադրություն ցույց տալու, հարվածելու մասին:

Սրանք, Վովա Գասպարյանի խոսքերով, այն ժամանակներն էին, երբ իրենք հանուրժող էին, իսկ հիմա արդեն, իր իսկ խոսքերով՝ «էդ ժամանակները անցել են»: Այսինքն՝ սրանից կարելի է արդեն իսկ ենթադրել, որ եթե մինչ այժմ ոստիկանները իշխանություններին անհաճո ընդդիմադիրների գլխին գործեր էին թխում՝ իբր իրենց քաշքշելու կամ դիմադրելու համար, ապա այժմ իրենք դրանից էլ ավելի լկտի են պահելու իրեն քաղաքացիների հետ: Ու էական չէ, որ Վովա Գասպարյանը դա համարում է օրենքի շրջանակներից բխող: Ոստիկանապետը վաղուց իշխանությունների կամքը համարում է օրենքի գերակայություն՝ ստորադասելով Սահմանադրությունն ու օրենքները:

Նախորդ հոդվածը‘Լեո Մեսսի. 13 հիշողություններ՝ անցած 13 տարվա մասին..’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում բացվում է հայկական եկեղեցական համալիրը ‘