‘
Աֆրիկյանների ակումբի շենքում հունիսի 17-ի վաղ առավոտից սկսվել էին ապամոնտաժման աշխատանքներ:
Այս կապակցությամբ ՍիվիլՆեթը կապ է հաստատել մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի հետ` պարզելու, թե արդյոք կառուցապատող ընկերությունն ունի համապատասխան ապամոնտաժման թույլտվություն: Կարո Այվազյանն տեղեկացրել է, որ իրենք դեռ չեն ստացել կառուցապատողի նամակը, այդ պատճառով էլ ինքը պահանջել է դադարեցնել շինարարական աշխատանքները:
Քաղաքացիների և մշակույթի նախարարության պահանջով` ապամոնտաժման աշխատանքներն այս պահին դադարեցված են: Բանվորները և քաղաքացիները սպասում են մշակույթի նախարարության ներկայացուցիչների ժամանելուն:
Քաղաքացի Սոնա Ասատրյանը, որը ցանկանում էր դանակով պատռել Աֆրիկյանների շենքի դիմացի սպիտակ սավանը, բերման է ենթարկվել ոստիկանների կողմից:
Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջին: Այն կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան:
Կառավարության որոշմամբ` Աֆրիկյանների շենքը պետք է ապամոնտաժվի՝ մեկ այլ վայրում վերակառուցվելու նպատակով: Շենքը ներառված է «Հին Երևան» նախագծում, որը պետք է իրականացվի Աբովյան, Բուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով սահմանափակվող թաղամասում:
Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման փաստը դժգոհություն է առաջացրել մի խումբ քաղաքացիների շրջանում: Ստեղծվել է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս պահանջում է շենքը պահպանել իր տեղում կամ ներառել այն նոր կառուցվող շենքում:
‘