‘Առաքել Թավրիզյան. Երկու դերասանի թատրոն’

12480

Հայաստանի էլիտա կոչվածը ստեղծել է մեդիա-դուբլյոր, եւ խաղում են երկու դերասանի թատրոն: Պարտոկրատիան ասում է, որ «կերազեր ունենալ ինստիտուցիոնալ եւ ուժեղ օպոզիցիա», իսկ նրա դուբլյոր մամուլը գրում է, որ օպոզիցիան «էգ է», «մարգինալացված է»: Նրանք նույն գործն են անում, երկուսով հասարակությանը կանգնեցնում են «կատարված փաստի առջեւ` Հայաստանում պարտոկրատիայի ալտերնատիվը զինված բունտն է»:

Տեխնոլոգիան պարզ է. մեր ժողովուրդը մերժում է բունտը, «որձ օպոզիցիա չկա», մնում է, որ բոլորը հաշտվեն ստատուս-քվոյի հետ, որը չի փոխվելու մինչեւ 2040թվականը: Սա է երկու դերասանով թատրոնի ալֆան եւ օմեգան: Միջակայքում էլ գեներացիայի է դրված ստատուս-քվոյի «անվտանգության կոնստանտը»: Ասել է թե` «քանի դեռ չկա Ղարաբաղի հարցի լուծում, Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը կարող է երաշխավորել միայն պարտոկրատիան»:

Գծվում է փակ շրջան, որի ներսում հասարակությանը վերապահված է «փորձաճագարի», պարտոկրատիային` փորձարկողի դեր, իսկ պերիմետրի պահպանությունը հանձնված է արտաքին ուժերին: Ամբողջ հույսն այն է, որ նրանք մեծ պատերազմ թույլ չեն տա, մեծ պատերազմի չի գնա նաեւ Ադրբեջանը, քանի որ այնտեղ մարդկանց ավելի վատ են վերաբերվում, հասարակությունը գազանանոցում փակված է, ռեժիմը չի համարձակվի պատերազմով բացել վանդակները:

Ստացվում է, որ Հայաստանի նժդեհա-փանջունիական պարտոկրատիան հակառակորդին «հաղթելու» մի ձեւ է ընտրել` ինչքան հնարավոր է` նմանվել նրան: Դա էլ երկու դերասանով թատրոն է, որի ռեժիսորը Բաքուն է: Տարբերությունն այն է, որ Ադրբեջանում բաց տեքստով են ասում, որ իշխող էլիտայի ալտերնատիվը բունտն է, Հայաստանում` անգաժավորված «ընդդիմության» եւ ոչ պակաս ծախու մեդիա-ռեսուրսների միջոցով:

Ապագայի պատմաբանը հաստատ զարմանալու է, թե ինչպես պատահեց, որ 1998 թվականից հետո Հայաստանը սկսեց դառնալ Ադրբեջանի դուբլյոր: Մենք նրան տալիս ենք քաղաքագիտական անոնս. Ադրբեջանի եւ Հայաստանի ու Ղարաբաղի էլիտաները նույն թատրոնի երկու դերասաններն են: Ժամանակ առ ժամանակ նրանք բեմականացնում են «եթե վաղը պատերազմ է» միստերիան, իսկ առհասարակ զբաղված են սեփական իշխանությունը մինչեւ մահվան անկողին երկարաձգելու հարցը լուծելով:

Ադրբեջանի դեպքում՝ եթե ժողովուրդը տուժում է, փոխարենը, մեծ հաշվով՝ շահում է պետականությունը. որքան տեւի Ղարաբաղի ստատուս-քվոն, այնքան Հայաստանը թուլանում է: Իսկ Հայաստանի պերմանենտ թուլացումը մի օր բերելու է Ղարաբաղի կորստին: Հետեւաբար, նժդեհա-փանջունիական պարտոկրատիան, երկու դերասանի թատրոն խաղալով ներքին կյանքում, փաստացի գործում է հակառակորդի օգտին:

Իսկ Ադրբեջանի պարտությունը կլինի այն ժամանակ, երբ կկտրվի Բաքու-Երեւան պարտոկրատական դուբլյաժի պորտալարը: Դրա համար զինված բունտի անհրաժեշտություն չկա: Բավական է, որ ժողովուրդը նժդեհա-փանջունիական պարտոկրատիայի առջեւ միահամուռ դնի խաղաղության եւ բարիդրացիության պահանջ: Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու համար պետք է խաղաղություն պարտադրել Հայաստանի իշխող կոալիցիային: Դրան հասնելու մի ճանապարհ կա. ազգովի սուլել երկու դերասանով թատրոնի «սրահում», որպեսզի այն վերստին մեր հայրենիքը դառնա…

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’
Հաջորդ հոդվածը‘Արդյո՞ք կապ ունեն Լոնդոնի ահաբեկչությունը և Ռամազանը’