‘Առաքել Թավրիզյան. Իշխանությունը չդիմացավ’

4728

‘

Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հանրապետական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը, որով նախատեսվում է զինվորական ծառայությունից տարկետում տալ օտարերկրյա դպրոցներում սովորող նորակոչիկներին: Մամուլն իսկույն արձագանքել է, որ դա արվում իշխանավորների եւ օլիգարխների զավակների համար: Ի մասնավորի հայտնի է դարձել, որ նախաձեռնության հեղինակի որդին սովորում է Լոնդոնի մասնավոր դպրոցներից մեկում: Իշխանությունը, մինչդեռ, անցյալ տարի հռչակել է «ազգ-բանակ» կոնցեպցիան, որի տրամաբանությամբ էլ վերացվել է բուհերում տարկետման իրավունքը: Ամենայն հավանականությամբ, նոր նախաձեռնությունը քննարկվել է իշխող կուսակցությունում եւ կընդունվի: Ասել է թե՝ իշխանությունը չդիմացավ «ազգ-բանակ» ռեժիմին եւ տեղի տվեց: Սա նշանակում է, որ իշխող էլիտան միասնական չէ:

Նրա մի մասը տոտալ զորակոչի, հասարակության ռազմականացման, մյուսը սեփական խնդիրները լուծելու առաջնահերթություն ունի: Եւ կարելի է ասել, որ «ազգ-բանակ» կոնցեպցիան արդեն իսկ արժեզրկված է, եթե դրա դեմ հանդես է եկել հանրապետական պատգամավորը եւ համապատասխան հանձնաժողովում արժանացել լիակատար ըմբռնման: Իշխող կուսակցությունն այդպիսով արժեզրկում է պաշտպանության նախարարին: Եւ ինչպիսին էլ որ լինի վերջինիս արձագանքը, նույնիսկ եթե նրան հաջողվի կառավարության միջոցով հակազդել տարկետման իրավունքի ընդլայնման պատգամավորական նախաձեռնությանը, միեւնույն է՝ հասարակական ընկալումն այն է, որ պաշտպանության նախարարի նախաձեռնողականությունը տեղապտույտ է տվել: Իհարկե, «ազգ-բանակ» կոնցեպցիան ամենեւին էլ իրատեսական չէ: Խնդիրն այն է, որ իշխանությունը տեղի է տալիս, խմբագրում ինքն իրեն: Մինչդեռ զորանոցային քարոզչության փոխարեն նա պետք է նորմալ արտաքին քաղաքականությամբ վաներ պատերազմի սպառնալիքը, հասներ արժանապատիվ խաղաղության: Այդ դեպքում ծառայությունից տարկետման իրավունքի հարցը հանրային նման հնչեղություն չէր ունենա, եւ իշխանության մի թեւը չէր գործի մյուսի դեմ: Բայց Հայաստանի ամենալուրջ խնդիրը հենց իշխանության անհամարժեքությունն է իրականությանը, նրա քաղաքակրթական ցածր մակարդակը, երբ հարցերին փորձ է արվում լուծում տալ 1990-ականների Ղարաբաղի պատերազմի դաշտային հրամանատարներին յուրահատուկ մոտեցումներով: Անցած քառորդ դարում ամեն ինչ հիմնավորապես փոխվել է: Եւ իշխանության մեջ հայտնվել են մարդիկ, որոնք սեփական շահերի իրացման համար կարողանում են գտնել «օրենսդրական կարգավորումներ»: Սա շատ լուրջ ահազանգ է այն մասին, որ իշխանությունը ոչ միայն ադեկվատ չէ ժամանակակից իրողություններին, այլեւ այնքան էլ միասնական չէ: Իսկ եթե նկատի ունենանք վաղվա հնարավոր մարտահրավերները, ապա ամեն ինչ ավելի ցավալի կպատկերվի:

‘

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյանի անբարո բիզնեսը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց նաև Ստամբուլում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’