‘
Իրանի նախագահ Ռուհանին այցելել է Բաքու: Չորս տարում դա երկու երկրների նախագահների տանսմեկերորդ հանդիպումն է, որից յոթը՝ բացառապես երկկողմ, չորսը՝ բազմակողմ ձեւաչափով է տեղի ունեցել: Հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումները նման ինտենսիվություն չունեն: Իրան-Ադրբեջան հարաբերությունները հայ-իրականականի համեմատ աչքի են ընկնում նաեւ գործնականությամբ, ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ, նախատեսվում է նավթագազային ոլորտում համագործակցություն, միանում են երկու երկրների տրանսպորտային ենթակառուցվածքները, աճում է ապրանքաշրջանառությունը: Վերջին ժամանակներս եղածին գումարվում է նաեւ ռազմական համագործակցությունը:
Բնականաբար, այդ ամենը հետք է թողնում նաեւ Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշման վրա: Իրանի նախագահը Բաքվում անդրադարձել է նաեւ այդ թեմային: Երեւում է, Ռուհանիի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների համար անակնկալ էր: Եւ տհաճությունը ցրելու համար որոշ լրատվամիջոցներ հրահանգավորվել են կամայական մեկնաբանություններ անել խնդրի շուրջ: Նման դեպքերում պատվեր կատարողները ճգնում են մեկը մյուսին գերազանցել: Եւ ահա մի լրատվամիջոց հասել է այնտեղ, որ Իրանի նախագահի հայտարարությունը ներկայացրել է խմբագրված եւ, տուրք տալով երեւակայությանը, փորձել հավաստիացնել, որ տարածքային ամբողջականության մասին Ռուհանիի ասածը ոչ թե Ղարաբաղին է վերաբերում, այլ՝ Իրանին:
Ասել է թե՝ Ռուհանին Ադրբեջանին հորդորել է ոտնձգություն չանել Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ, փոխարենը խոստացել Ադրբեջանում չակտիվացնել իսլամական գործոնը: Նման «մեկնաբանությունը» միայն խղճահարություն է հարուցում դրա հեղինակի եւ պատվիրատուի նկատմամբ, որովհետեւ Իրանի նախագահը հստակ հետեւյալն է ասել. «Հարկ է տարածաշրջանում երկու երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերով ամրապնդել կայունությունը: Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում: Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պահպանումը մեզ համար շատ կարեւոր նշանակություն ունի»:
Հարկ կա՞ պարզաբանելու, որ եթե տարածաշրջանում կայունության ամրապնդման պատասխանատու են դիտվում Հայաստանը եւ Ադրբեջանը, ապա հաջորդ ընդգծումները չեն կարող վերաբերվել Իրան-Ադրբեջան հարաբերություններին: Մանավանդ երբ բավական թափանցիկ ասվում է, որ տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պահպանումը շատ կարեւոր նշանակություն ունի Իրանի համար: Դիվանագիտական այս նրբասացությունից հետեւում է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում նոր պետության կազմավորմանը: Եւ դա չի կարող վերաբերվել իրանական Ադրբեջանին: Իրանի նախագահը նման բան իրեն թույլ չի տա:
Պետք չէ ծիծաղելի դառնալ: Բանական մարդուն պարզ հասկանալի է, թե ինչ է նկատի ունեցել Իրանի նախագահը: Երեւակայության, նենգափոխումների տրվելու փոխարեն իշխանությունը պետք է հետեւություն անի, թե որտեղ եւ ինչպես է թերացել Իրանի հետ հարաբերություններում, գտնի իրավիճակը կանխատեսելի պահելու հնարավորություններ, հանդես գա Իրանի համար գրավիչ եւ տնտեսական շահ ենթադրող առաջարկություններով: Մի խոսքով՝ թարմացնի հայ-իրանական օրակարգը, ինտենսիվություն հաղորդի փոխադարձ կապերին եւ պաշտոնական շփումներին: Այլապես Իրան-Ադրբեջան հետեւողական մերձեցումը Հայաստանի եւ Ղարաբաղի համար կդառնա հավելյալ լուրջ մարտահրավեր:
‘