‘Առաքել Թավրիզյան. Պարտոկրատիայի «շուստրիությունը» չի անցնի’

10432

Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղի հարցով զեկույց է հրապարակել: Պարտոկրատիայի քարոզչամիջոցներից մեկն անդրադարձել է այդ փաստաթղթին եւ ասելիքն ավարտել. «Ինչպես ընդգծում են խմբի փորձագետները, ցանկացած կենսունակ կարգավորման հիմնական սկզբունքները պարզորոշ են. «կարգավիճակ՝ հողի դիմաց» բանաձևի տարբերակները` զուգորդված ուժեղ անվտանգության միջազգային երաշխիքներով, սակայն դրանք հիմնված են փոխադարձ զիջումների վրա, որը կողմերից ոչ մեկին էլ ձեռք չի տալիս»:

Իրականում ՄՃԽ զեկույցի եզրափակիչ մասում ձեւակերպված է, որ միջնորդները պետք է պարտադրեն կողմերին համաձայնության գալ վստահության եւ անվտանգության վերականգնման անհետաձգելի միջոցառումների շուրջ, «որտեղ մտնում են ԵԱՀԿ մոնիտորինգ իրականացնող անձանց թվի ավելացումը, ԵԱՀԿ ղեկավարության հետ հետաքննությունների մեխանիզմների գործողության մեջ դնելը եւ տերիտորիաներում երկու կողմերի բարձրաստիճան սպաների միջեւ մշտական կոնտակտների ստեղծումը»:
Ամենավերջում շեշտադրված է, որ «դրան զուգահեռ կողմերը պետք է սուբստանտիվ բանակցություններ վարեն` կապված չլուծված , այդ թվում` Լեռնային Ղարաբաղին հարող շրջանները Ադրբեջանին վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղի ստատուսի, միջազգային անվտանգության ապահովման եւ տեղահանվածների իրենց հարազատ հողերը վերադառնալու հարցերի հետ»:
Միջազգային ճգնաժամային խումբը դե-ֆակտո բացահայտել է անցյալ տարի Վիեննայում եւ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ հանդիպումների գաղտնիքը, որը հասարակությունից թաքցնում են Հայաստանի եւ Ադրբեջանի էլիտաները: Զեկույցի եզրակացությունից պարզ է դառնում, որ «մինչեւ Ադրբեջանը չհամաձայնի մոնիտորինգին եւ հետաքննության մեխանիզմների ներդրմանը, Հայաստանը քաղաքական հարցեր չի քննարկի» շտամպը պարտոկրատական «շուստրիություն» է:
Իրականում մեկը մյուսի հետ փոխկապակցված է, եւ այդ ֆորմուլայով էլ ընթացել են Վիեննայի եւ Պետերբուրգի քննարկումները: Ասել է թե` Հայաստանը մեկ անգամ եւս տվել է Լեռնային Ղարաբաղի բուֆերային գոտում զորքերը հեռացնելու համաձայնություն: Փոխարենը Ադրբեջանը համաձայնել է, որ մոնիտորինգ իրականացնող անձանց թվաքանակը մեծացվի: Այդ մասին վերջերս խոսել է ԵԱՀԿ ռուս համանախագահ Պոպովը:

Այսպիսով, ինչպես Գորբաչովը կասեր` պրոցեսը սկսված է: ՄՃԽ-ն, երեւի, զեկույցը հրապարակել է ճիշտ պահի, որպեսզի կողմերի հասարակությունների համար պարզ դառնա, որ իշխող ռեժիմները «քաջարի զինվոր Շվեյկ» են միայն սեփական պատերի ներսում: Դրսում նրանք համաձայնություն են տվել «տարածքներ` Ղարաբաղի անցումային ստատուսի դիմաց» սխեմային: Պարտոկրատիայի «շուստրիությունը» չի անցնի, իսկ նրան սպասարկող մեդիա-ռեսուրսները պարզապես սիզիփոսյան աշխատանք են անում:

 

Նախորդ հոդվածը‘Times. Ջոնսոնը կարող է ընտրություններից հետո լքել ԱԳՆ ղեկավարի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Նոր Նորքում բողոքում են քաղաքապետարանի որոշման դեմ – Shamshyan.com’