‘Առաքել Թավրիզյան. Պուտինը եւ մենք’

6331

Կիրակի Ռուսաստանն ընտրեց նախագահ: Ոչ ոք Վլադիմիր Պուտինի հաղթանակին չէր կասկածում, բայց արդյունքներն, այնուամենայնիվ, խիստ տպավորիչ են. գործող նախագահն ավելի շատ ձայն է ստացել, քան մյուս յոթ թեկնածուները միասին, գումարած քվեարկությանը չմասնակցածներին: Որոշ ռեգիոններում, մասնավորապես՝ Ղրիմում եւ Չեչնիայում, Պուտինի օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսից ավելին: Նախորդ ընտրությունների հետ համեմատած՝ նա 5 միլիոնով ավելի քվե է ստացել:

Եթե նկատի ունենանք, որ 2000 թվականին Պուտինը նախագահ է ընտրվել 51, 75 տոկոս ձայներով, ապա պարզ կդառնա, որ անցած տասնութ տարիներին նրա վարկանիշը մշտապես բարձրացել է:

Ինչո՞վ է դա պայմանավորված՝ բանավեճի թեմա է: Մեզ հետաքրքրում է Ռուսաստանի նախագահի ընտրության արձագանքը Հայաստանում: Մասնավորապես, իշխանության սպասարկու լրատվամիջոցներից մեկն այսպիսի ընդհանրացում է արել. «Ռուսաստանի նախագահի… ընտրությունների արդյունքները, անկասկած, վերջնականապես հանգուցալուծեցին նաեւ Հայաստանի քաղաքական գլխավոր ինտրիգը՝ վարչապետության հարցը: Անձնիշխանության հաստատման միտումը նույնիսկ տեսականորեն այլընտրանք չի թողնում Սերժ Սարգսյանի վարչապետությանը»:

Թե ինչու՞ կամ ինչո՞վ են Ռուսաստանի նախագահի ընտրությունները կանխորոշում Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետությունը՝ այլ թեմա է: Կա ավելի կոնկրետ հարց: Պուտինի, այսպես կոչված, անձնիշխանությունը նպատակային է: Ռուսաստանն անցած տասնութ տարիներին զգալիորեն բարելավել է միջազգային դիրքերը, գրեթե վերականգնել ազդեցությունը, որ համաշխարհային քաղաքականության վրա ուներ Խորհրդային Միությունը: Ընդունելի է դա, թե ոչ՝ էական չէ, բայց Պուտինը հետեւողականորեն կառուցում է գլոբալ հեղինակության երկիր: Ըստ ամենայնի՝ դրանով էլ նա շահում է ռուսաստանցիների վստահությունը եւ արդարացնում անձնիշխանությամբ պայմանավորված՝ որոշակի խնդիրների հանդեպ հասարակության հանդուրժողականությունը:

Իսկ ի՞նչ նպատակ ունի Սերժ Սարգսյանի անձնիշխանությունը: Նրա վարչապետության հանրային ընկալումը կարող է դրական լինել միայն մի դեպքում՝ եթե հայտարարի, որ դա արվում է հանուն Ղարաբաղի հարցի լուծման, որով Հայաստանը կձերբազատվի պատերազմի ծանրությունից եւ կստանա ազատ շնչելու հնարավորություն: Նման բարձր նպատակ իր առջեւ Սերժ Սարգսյանը դրե՞լ է: Մյուս բոլոր դեպքերում դա կլինի ինքնանպատակ անձնիշխանություն, որը Հայաստանին կբերի նոր եւ ավելի լուրջ խնդիրներ: Գլխավոր հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Հայաստանի ապագան, Սերժ Սարգսյանը չի պատասխանել նախագահության տասը տարիներին: Մինչեւ վարչապետի ընտրությունը շատ կարճ ժամանակ է մնացել: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը կխոսի՞ պատերազմի եւ խաղաղության, Ղարաբաղի հարցի լուծման, Հայաստանի ապագայի իր տեսլականի մասին: Պուտինը Ռուսաստանը տեսնում է ուժեղ գերտերություն: Ո՞րն է Սերժ Սարգսյանի պատկերացրած Հայաստանը՝ չգիտենք:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում մեկնարկել է նախագահական քարոզարշավը’
Հաջորդ հոդվածը‘Մոգերինի. «Սկրիպալի գործով» ԵՄ-ն միասնական դիրքորոշմամբ հանդես կգա’