‘Առաքել Թավրիզյան. «Տաղ կոմսոմոլական»’

13798

Մի օրվա մեջ չորս զոհ եւ «տաղ կոմսոմոլական»` ահա մեր իրականության զավեշտախաղը. «Զոհեր միշտ էլ կլինեն: Ես հիշում եմ, որ նախընտրական քարոզարաշավի ժամանակ հայտարարում էին, թե վթարներից քանի մարդ է մահացել: Ըստ այդ տրամաբանության` մենք հիմա մեքենա չպետք է վարենք, բայց ես հենց հիմա մեքենայի ղեկին եմ ու ամառանոցից գնում եմ տուն»,- ասում է Ղարաբաղի «ինքնապաշտպանական առաջին մարտերի հրամանատար» Արկադի Կարապետյանը:

Մարդ կարդում ու, թեեւ ամառ է, սարսռում է, արյունը երակներում պաղում է: Ինքն էլ «որդիներ ունի, իր վրա է պատկերացնում տեղի ունեցածը»: Բայց չի ասում, թե որտեղ են, ինչ են անում որդիները, «առաջին հրամանատարի տրամաբանությամբ»՝ խորհուրդ է տալիս, որ «պետք է վերլուծել զոհերի քանակը»: Ոչ թե՝ զոհվելու պատճառը, այլ` քանակը: Հետո էլ օրինակ է բերում անգլիական բանակի «ուստավը», որտեղ իբր թե գրված է, որ եթե զոհվում ես, ուրեմն մեղավոր ես: Ինչպիսի անամոթություն:

Ուրեմն մահվան բերանին կանգնած 18-20 տարեկան տղանե՞րն են մեղավոր, որ զոհվում են: Ֆիդայության ժամանակ մեկն ասել է. «Ով զարկվեց` դավաճան է», հարյուրչգիտեմքանիամյա այդ նստվածքը հիմա «տաղ կոմսոմոլականով» ժողովրդին ուզում է հաշտեցնել այն մտքի հետ, որ այլընտրանք չկա. կամ պետք է ամեն օր զոհեր տանք, կամ «չապրե՞նք մեր հայրենիքում»: Ուրեմն «հայրենիքում ապրելն» այն է, որ 1997թվի ծնված չորս տղա պիտի մի օրում զոհվի, որպեսզի «դաշնակ Ագոն»  հանգիստ մեքենան վարի, ամառանոցից գնա տուն, ղեկի վրա հարցազրույց տա եւ վերջում «ամփոփի»՝ «Այս խնդրի լուծումը մեկն է, պետք է հասնել Բաքու»:

…1917թվին Հովհաննես Թումանյանը նամակ է գրել եվրոպաներում կյանք վայելող դաշնակցության ոչ երկրոդական անդամ Ավետիք Իսահակյանին: Ասում է, թե «դու հարցնում ես երկրի հալից, ի՞նչ ասեմ»: Ասում է, թե ահավորն այն է, որ չգտնվեց մեկը, որ ատրճանակը պահի քունքին, ինքնասպանություն գործի: Ասում է, թե նույնիսկ մեկը չկար, որ ներողություն խնդրեր ժողովրդից:

1914թվի ամռանը մարդիկ Թիֆլիսում ասում էին, որ զորքին ոչ պարեն է պետք, ոչ տաք հագուստ եւ կոշիկ, Օրթաճալա թեյ են խմելու, իսկ կեսօրին Վանում կճաշեն: Հիմա «տաղ կոմսոմոլականն» է ժողովրդին Բաքու հրավիրում:
Ինքը չկա, ամառանոցից գնում է տուն, բայց չէր խանգարի, որ անձնական լողափով, ուղղաթիռի հրապարակով-բանով մի ամառանոց էլ Ապշերոնի մոտերքն ունենար: Դրա համար պետք է, որ 18-20 տարեկան տղաներն ամեն օր զոհվեն:  
Երեսուն տարում ինչից ուր հասանք…

Նախորդ հոդվածը‘Նոր տվյալներ Տուլայի շրջանում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին’
Հաջորդ հոդվածը‘7 կմ խողովակաշար չկա. Քրգործ է հարուցվել’