‘
Իշխանական պատգամավորներից մեկի թեթեւ ձեռքով մեդիա-տիրույթում թեմա է հոլովվում, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ոչ միայն ութ հարյուր հեկտարի տարածքային կորուստ ենք ունեցել, այլեւ Նախիջեւանում քսան հազար հեկտար տարածք ենք յուրացրել: Իրավիճակին լավատեղյակ փորձագետներն ասում են, որ խոսքը Հայաստանի սահմաններում դիրքերն առաջ տալու մասին է, որի արդյունքում Նախիջեւան քաղաքը եւ օդանավակայանը հայտնվել են կրակային հասանելիության գոտում, բայց դա արդեն այլ թեմա է: Բնութագրականն այն է, որ իշխանությունը, որեւէ այլ նվաճում չունենալով, Սերժ Սարգսյանի վարչապետությունը փորձում է հիմնավորել «տղայականով»: Մինչդեռ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվելու լինեինք, ապա 1994թ. հրադադարից հետո հանգիստ խղճով կարելի էր Հայաստանում բացարձակ միապետություն հռչակել, վերացնել ընտրությունների ինստիտուտը, հավերժացնել ՀՀՇ-ի իշխանությունը: Դրա համար մեծ ջանքեր չէին պահանջվի: Բավական էր, որ իշխանությունը պոպուլիստ լիներ, վկայակոչեր մեր հազարամյա կորուստների դիմաց տարածքային ձեռքբերումները, սրբադասեր պատերազմի հերոսներին:
Եւ ժողովուրդը ոչ միայն կհասկանար, այլեւ կողջուներ: Մինչդեռ ընտրվեց պետական կյանքը սահմանադրությամբ կանոնակարգելու, ընտրությունների միջոցով քաղաքական համակարգն առողջացնելու ճանապարհը, եւ պատերազմից հազիվ մեկ տարի անց տեղի ունեցան սահմանադրական հանրաքվեն եւ պառլամենտի ընտրությունները: Եթե այն ժամանակ իշխանությունը քարոզչությունը կառուցեր ազատագրված տարածքը հեկտարների բաժանելու վրա, ապա նրա մրցակիցներին ասելիք չէր մնա, եւ նրա հաղթանակը կլիներ բացարձակ: Ընդ որում, ոչ ոք քվեարկության արդյունքները չէր վիճարկի: Բայց դա կլիներ իշխանության այլասերում, ինչպես տեղի է ունենում այսօր, երբ բազում սոցիալական, տնտեսական, քաղաքական, հոգեւոր-մշակութային եւ նույնիսկ բուն ռազմական խնդիրները մատնվում են մոռացության, եւ երկրի ճակատագիրը որոշվում է «տղայականով»:
Իշխանության լեգիտիմությունը հեկտարներով չի չափվում, այլ նրա հանդեպ հանրային վստահությամբ: Ի վերջո, իշխանությունը կարող է ունենալ իր մեկ քառակուսի կիլոմետր տարածքը՝ լավ պաշտպանված նստավայր, հանգստյան գոտի եւ այլն, բայց կորցնել երկրի զգացողությունը: Հայաստանում այդպես էլ կա, եթե քաղաքականության մեջ այլ փաստարկ այլեւս չկա, մնացել է տասը տարում քսան հազար հեկտար «նվաճելու» միֆը:
‘