‘Առաքել Թավրիզյան. Քսան տարվա դեմագոգիա’

4314

‘

Քսան տարի առաջ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց հրաժարական: Իշխանության եկավ պատերազմի կուսակցությունը՝ խոստանալով Ղարաբաղի հարցի հաղթական լուծում, Հայաստանի թռիչքային զարգացում, ցեղասպանության կատարյալ ճանաչում եւ Թուրքիայի միջազգային դատապարտում, Հայաստան-Սփյուռք անվերապահ համերաշխություն:

Այդ խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել: Ղարաբաղի կարգավորման բանակցություններում կոնցեպտուալ առումով ոչինչ չի փոխվել: Ավելին, միջնորդներն սկսել են խոսել կարգավորման փուլային տարբերակի մասին, իսկ Ֆրանսիայի նախագահն օրերս բաց տեքստով ասաց, որ կողմերը պետք է պատրաստ լինեն ցավալի փոխզիջումների: Ցեղասպանության ճանաչման գործընթացում առանձնակի ձեռքբերումներ չեն արձանագրվել, Թուրքիան միջազգայնորեն չի դատապարտվել եւ շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Հայ-թուրքական հարաբերություններն իջել են ամենացածր մակարդակի: Չկա որեւէ հեռանկար, թե առաջիկայում դրական տեղաշարժերի ականատեսն ենք լինելու: Տնտեսական վիճակը վատթար է, ահագնանում է արտագաղթը: Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կորցրել է ապագայի հույսը եւ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է հեռանալ երկրից: Անկումն ակնհայտ է կյանքի բոլոր բնագավառներում:

Բայց անցած քսանամյակի ամենամեծ աղետն իշխանության բացարձակ անպատասխանատվությունն է: Հասարակության հետ երկխոսությունը փոխարինվել է դեմագոգիայով: Արդյունքում` ունենք վիճակ, երբ իշխանությունն իրեն թույլ է տալիս ոչ միայն խաբել ժողովրդին, այլեւ ծաղրել նրա զգացմունքները, հաճախ էլ մեղադրել «տհասության» եւ «քաղաքական ապատիայի» մեջ: Քսան տարում իշխանությունն օտարվել է ժողովրդից, ապրում է կլանային-խմբակային շահերով եւ հետաքրքրություններով: Եւ ինչքան խորանում է օտարվածությունը, իշխանությունն ավելի շատ է խոսում «համազգային միասնությունից»: Իրականությունը փոխակերպվում է վերացականության: Օրվա խնդիրները չեն լուծվում, փոխարենն առաջարկվում են տասնամյակների հեռավորության «նվաճումներ»:

 Ամենագլխավորը՝ քսան տարում Հայաստանը եւ Ղարաբաղը չեն հաղթահարել պատերազմի սպառնալիքը: 2016թվականի ապրիլյան էսկալացիան վկայեց, թե որքան վտանգավոր է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը: Հայաստանի իշխանությունը, սակայն, շարունակում է շեշտը դնել ռազմական գործոնի վրա: Այդ դեմագոգիան Հայաստանի եւ Ղարաբաղի համար գլխավոր սպառնալիքն է:

2018 թվականը պետք է դառնա շրջադարձի տարի: Քսանամյա դեմագոգիան ոչինչ չի տվել, միայն ռեսուրսներ է խլել: Ժողովուրդը պետք է ասի իր վճռական խոսքը եւ իշխանությանը պարտադրի վերադառնալ իրատեսության դաշտ:

 

 

‘

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի իշխող կուսակցությունն առաջադրել է նախագահի իր թեկնածուին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում իրավապաշտպանն ազատ է արձակվել’