‘Առաքել Սեմիրջյան. Աբորիգենները և գիտատեխնիկական առաջընթացը’

1703

Երբ աբորիգեններն առաջին անգամ հեռուստացույց են տեսնում, նրանք միայն մի բան են անում սովորաբար. նետահարում ու նիզակահարում են այդ հեռուստացույցը, քանի որ այն, ըստ աբորիգենների, չարիք է, որովհետև «արկղի» մեջ անոտ ու անձեռ խոսող մարդու գլուխ չի կարող հայտնվել` նույնիսկ իրենց շամանների պարագայում: 

Այս դեպքում ոչ թե աբորիգեններն են «վատը», այլ պարզապես նրանց չիմացությունը նոր երևույթի նկատմամբ բերում է ագրեսիայի:
Երբ ասվում է՝ Սերժ Սարգսյանի հետ ունենալ խորհրդապահական խողովակ, մարդիկ, ովքեր չգիտեն այդ բառի իմաստը, «նետահարում են այդ խողովակը», որովհետեւ իրենց թվում է՝ այն չարիք է կամ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու գործիք, սակայն այդ ամենը ոչ թե նրանց չարության պատճառով է, այլ չիմացության, որն էլ վերջում բերում է ագրեսիայի:
Ի գիտություն «խորհրդապահական խողովակ» հասկացության մասին անտեղյակների՝ ասեմ, որ նույնիսկ պատերազմող պետությունների ղեկավարներն են ունենում այդպիսի խողովակներ, որոնց միջոցով քննարկվում են տարաբնույթ հարցեր: Նույն Պուտինը հաստատ Պոռոշենկոյի հետ այդպիսի խողովակ ունի, Իսրայելը Պաղեստինի հետ այդ խողովակներն ունի, նույնիսկ Հայաստանը Ադրբեջանի հետ ունի այդ խողովակներից… 
Միայն մի դեպքում է վերանում այդ խողովակը՝ երբ իշխանության են գալիս հոգեկան հիվանդներ, որոնց համար «թշնամու» հետ խորհրդապահական տեղեկություններ փոխանակելը հավասար է ազգային դավաճանության: 
Արդեն բավական ժամանակ է, ինչ համոզվել եմ, որ ինքնին «չարիք» գոյություն չունի. չարիքը ինչ-որ մի բանի հետևանքն է՝ մարդկային ամբիցիաների չբավարարվածության, ուրիշների կողմից խեղված լինելու, կյանքի ընթացքում ստացած բազմաթիվ տրավմաների:

Սակայն ամենամեծ չարիքը ծնվում է տգիտության պատճառով, դրա համար էլ տգիտության դեմ պայքարելով՝ կարելի է մեր երկրում զգալիորեն նվազեցնել չարիքի աղբյուրը: Եթե ավելի ենք խորանում այս հարցում, հասկանում ենք, որ նույնիսկ չբավարարված ամբիցիաների ու սխալ ինքնագնահատականի հիմնական պատճառն էլ է հանդիսանում տգիտությունը: Այդ իսկ պատճառով երբ հանդիպում ենք տգետ մարդկանց, մեր առաջին ռեակցիան ոչ թե պետք է դիագնոզ տալը լինի (որ նա չար է, ապերախտ կամ երախտամոռ), այլ առաջին խնդիրը պետք է լինի՝ նրան ցույց տալ հեռուստացույցի առավելությունները, որ առաջադեմ մարդկությունն արդեն համակարգիչներ էլ է ստեղծել, որի միջոցով կարելի է միանալ ինտերնետին ու աշխարհի մասին տեղեկատվություն ստանալ: Որ երբ մի հարց է ձեզ տանջում, գոնե մի քանի օր կարելի է այդ հարցի մասին համացանցում տեղեկատվություն հավաքել, հետո համապատասխան ելույթներ անել:

Իհարկե, էմոցիաներն էլ վատ բան չեն, ու էմոցիոնալ ելույթները որոշ մարդկանց վրա բավականին մեծ ազդեցություն կարող են թողնել, սակայն երբ այդ ամենին փոքր-ինչ կողքից ես նայում, հասկանում ես, որ դա նույնն է, թե աբորիգենի դիմաց դնես հեռուստացույցն ու սկսես վայելել, թե նա ինչ կանի դրա հետ:

Հա, մեկ էլ ասեմ, որ մեր դեպքում էդ հեռուստացույց դնողը իշխող կուսակցությունն է, որը նախապես տեղյակ է աբորիգենների ռեակցիային: Գոնե այդ հանգամանքը թող ձեզ հասկանալ տա, թե ինչի համար է այդ ամենը արվում:

 

Նախորդ հոդվածը‘Գյումրու ֆուտբոլային ակադեմիան հանձնվել է «Շիրակին»’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Եթե լսեինք «Հայռուսգազարդ»-ին, գազի գինն ավելի բարձր կլիներ’