‘Առաքել Սեմիրջյան. Ադեկվատության դեֆիցիտ’

1693

Երեկ մի երիտասարդ մշակութաբան (ում ժամանակին միայն խելոք էի կարծում, պարզվեց՝ նաև իմաստուն է), մի բան ասաց, որի համար խելոքությունը բավարար չէր. դրա համար իմաստնությունն էլ էր պարտադիր: Հայաստանի հիմնական խնդիրների մասին խոսելիս նա նշեց, որ ամենահիմնական խնդիրներից մեկը մեր երկրում ադեկվատության պակասն է, որն էլ բերում է ցանկացած գործընթացի վիժեցման:

Խորանալով այս տեսակետի մեջ` կարելի է ասել, որ ադեկվատության բացակայությունը ոչ միայն իշխանությունների մենաշնորհն է, այլ նաև «ընդդիմության» անբաժանելի մասը, ու սա երևի միակ բանն է, որ իշխանությունները չեն մենաշնորել, դեռ ավելին` որոշ ընդդիմադիրներ շատ ավելի ոչ ադեկվատ են, քան իշխանությունները: Օրինակ` իշխանությունը հստակ գիտի, թե ինչ է ուզում և ինչպես հասնել իր նպատակին: Նրա հիմնական մասի նպատակը հնարավորինս երկար իշխանության մնալն ու փող աշխատելն է, իսկ մնացած հարցերը ծառայում են կողքից շղարշ ապահովելուն: Իհարկե, կարելի է նշել, որ իշխանություններն էլ արտաքին հարցերում են ոչ ադեկվատ, ու նրանց վերաբերմունքը արտաքին թշնամու դիմակայության գործում չի տեղավորվում ողջամտության սահմաններում, սակայն սկզբից արդեն ասացի` որն է այս իշխանությունների հիմնական նպատակը, բացի այդ՝ այստեղ էլ կրկին ընդդիմությունն է մեղավոր, որ դեռ ողջամտության ակնկալիքներ ունի այսպիսի իշխանություններից:

Վերադառնալով ընդդիմությանը` նշենք, որ մարդիկ շատ հաճախ խառնում են պոպուլիզմը քաղաքականության հետ, ինչից էլ ծնվում է ոչ ստանդարտ մի իրավիճակ, երբ պետք է ընտրություն կատարվի` ցեխաջուրը մտնել ու փորձել փրկե՞լ խեղդվողին` որևէ երաշխիք չունենալով, որ նա կփրկվի, դեռ ավելին, որ կարող ես արժանանալ խեղդվողի հարազատների և մերձավորների հայհոյանքին ու անեծքին, թե՞ ափին կանգնել ու խորհուրդներ տալ այն մասին, թե որքան լավ կլիներ, որ խեղդվողը ջուրը չմտներ, կամ էլ թե` եկեք սպասենք ու, հնարավոր է` ինչ-որ տեղից նավակ հայտնվի, և մենք էլ դրա մեջ նստելով՝ կգնանք ու վստահաբար կփրկենք խեղդվողին:

Ընդհանրապես, որևէ պատասխանատվություն չվերցնելու դեպքում մարդն անխոցելի է դառնում, որովհետև որևէ մեկը նրան չի կարող մեղադրել սխալվելու մեջ, որևէ մեկը չի հայհոյի չստացված փորձերի համար, դեռ ավելին, եթե այդ մեկը միաժամանակ հայրենասիրական և մարդկանց ականջները շոյող հայտարարություններ էլ է անում, նա կարող է դառնալ «հասարակության» սիրելին, բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «դա պառի, դա վրեմենի», մինչև կգա «մոմենտ իստինի», երբ պետք է գործողություն կատարել: Տանը կամ օֆիսում ֆեյսբուքի առաջ նստած մարդուն հեշտ է դատողություններ անել այն մասին, թե ինչու մեր բանակի տղաները չպատասխանեցին ադրբեջանցիներին, կամ ինչու չկանխվեց հերթական դիվերսիոն փորձը, սակայն հերիք է մեկ անգամ լինել խրամատում, և այդպիսի դատողություններն էլ կվերանան, դատողություն անողներն էլ, քանի որ մարդիկ առնչվում են իրականության հետ:

Նույնն էլ քաղաքականության մեջ է. շատ հեշտ է դատողություններ անել, թե ինչպես կարելի է տապալել բռնապետական իշխանություններին, սակայն առաջին իսկ ռեալ վտանգի դեպքում ճոռոմախոսությամբ զբաղվողները կամ դիմում են փախուստի, կամ էլ` ամեն ինչ գցում են ուրիշների վրա, որպեսզի, իրենց կարծիքով` իրենք ջրից չոր դուրս գան ու դառնան «ազգի սիրելին»: Մի անգամ կարծեմ ասել եմ, որ հարգում եմ այնպիսի մարդկանց, ովքեր ոչ միայն հաղթանակների տերն են, այլ նաև պարտությունների: Քաղաքականությամբ զբաղվող մարդը պետք է չվախենա պարտվելուց, ոչ էլ քննադատված ու չգնահատված լինելուց, իսկ երբ մարդուն թվում է, թե ինքն ինչ-որ հատուկ առաքելություն ունի կատարելու, սակայն նրան փիս բաներ են ասում, դրա համար էլ նա, իշխանություններին թողած, սկսում է կռիվ տալ փողոցում պայքարող ժողովրդի դեմ, նշանակում է` այդ գործիչը կորցրել է իր ադեկվատությունը ու կամա թե ակամա` հայտնվել իշխանության դաշտում:

Վերադառնալով սկզբին` ասեմ, որ կապ չունի, թե մարդը ինչպիսի կուսակցության գաղափարախոսություն է կիսում կամ չի կիսում. եթե մարդը դեռ չի կորցրել իր ադեկվատության զգացումը, դա կարող է հիմք հանդիսանալ նրա հետ միասին երկիր կառուցելու համար: Իսկ այն պահից, երբ նա կորցրեց այդ զգացումը, համարեք, որ որևէ ճանապարհ հնարավոր չէ նրա հետ անցնել, ինչքան էլ գեղեցիկ ու ինստիտուցիոնալ կառուցված լինի այդ ճանապարհը:

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. ՄԱԿ-ի առաջարկությունները չկատարելն իրականում կոշտ հետեւանքներով հղի չէ’
Հաջորդ հոդվածը‘Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ իր դիմումը’