‘Առաքել Սեմիրջյան. Ազգային անվտանգություն’

2036

Որքան մարդկանց շատ են վախեցնում ԿԳԲ-ի գոյությամբ, նշանակում է՝ իշխանություններն այնքան ավելի են հայտնվել ծանր վիճակում, և նրանց փրկօղակը կարող է միայն ԿԳԲ-ի անվան շահարկումը լինել: ԿԳԲ անվան օգտագործումը բռնապետական իշխանությունների համար ոչնչով չի տարբերվում «մասոն», «թշնամու ջրաղացին ջուր լցնող», «գրանտակեր», «5-րդ շարասյուն», «աղանդավոր» և նմանատիպ այլ պիտակավորող արտահայտություններից, որոնք, գտնվելով իշխանության զինանոցում, պարբերաբար (ըստ անհրաժեշտության) շրջանառվում են՝ մարդկանց մեջ կասկածամտություն սերմանելու և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը կոտրելու համար, փորձելով մարդկանց ներշնչել, թե, մի կողմից՝ իրենցից ոչինչ կախված չէ, ու կան «գերբնական» ինչ-որ ուժեր, որոնք իրենց տեղը որոշումներ են կայացնում, մյուս կողմից էլ՝ թե իբր այդպիսի ուժերին ծառայում են իրենց համերկրացիների որոշ շերտեր, որոնք «անպատիժ» իրագործում են իրենց «սև» գործը:

Այստեղ էլ, ահա,  հարց է ծագում. եթե այդքան ազգակործան ուժեր կան, որոնք բացահայտ գործում են Հայաստանում` ԿԳԲ-ից սկսած, վերջացրած մասոններով, ապա այդ դեպքում ինչո՞ւ է արջի ականջում քնած մեր Ազգային անվտանգության ծառայությունը, որի հիմնական գործառույթը ՀՀ քաղաքացիներին պաշտպանել է վերոնշյալ ուժերի ծուղակն ընկնելուց: Ու հենց այստեղ էլ գալիս է հարցի պատասխանը, այն է՝ իրականում հնարավոր չէ, որ նմանօրինակ ուժեր բացահայտ գործողություններ ծավալեն երկրում` մնալով անպատիժ, այլապես Հայաստանը զրկված կլիներ ընդհանրապես Ազգային անվտանգությունից և վաղուց արդեն կործանված կլիներ, ինչպես ցանկացած մարմին, որը զրկված է իմունային համակարգից:

Քանի որ Հայաստանը դեռ զրկված չէ Ազգային անվտանգության համակարգից (այլապես այն վաղուց խոցելի կլիներ ադրբեջանական կամ թուրքական հարձակումների դեպքում), նշանակում է՝ այդպիսի տեղեկատվություն տարածելը զուտ քարոզչական նպատակ է հետապնդում՝քաղաքական որոշ հարցեր լուծելու եւ իշխանությունների ընդդիմախոսներին վարկաբեկելու համար:

Իրականում այսպիսի էժան քարոզչությամբ բռնապետական իշխանությունները ոչ միայն փորձում են վարկաբեկել ընդդիմությանը, այլ նաև Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև քաղաքացիների մոտ տարակուսանք է առաջանալու, թե եթե ԿԳԲ-ն ու մասոնները այդքան անխափան աշխատում են երկրում, նշանակում է՝ Ազգային անվտանգության ծառայությունը թերանում է իր գործառույթների իրականացման մեջ: Ինչպես վերևում նշեցի, իրականում ամբողջությամբ այդպես լինել չի կարող, էլ չասած, որ ընդհանրապես, ցանկացած քաղաքացու համար հպարտություն պետք է լինի ունենալ հզոր Ազգային անվտանգության ծառայություն, և այդ դեպքում նա էլ ամեն ինչ կանի, որպեսզի ամրապնդվի սեփական երկրի անվտանգությունը:

Իսկ երբ իշխանությունները Ազգային անվտանգությունը փորձում են ներկայացնել որպես ԿԳԲ, դա ինքնին նշանակում է՝ վարկաբեկել մեր երկրի անվտանգության համար պատասխանատու մարմինը և այն ներկայացնել որպես օտար երկրների դրածո կազմակերպություն:

Կասկածից վեր է, որ առանց Ազգային անվտանգության մարմինների՝ որևէ երկիր չի կարող անվտանգ գործել, կասկածից վեր է նաև, որ այդ կառույցի վարկաբեկումը ձեռնտու է միայն պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի, այդ իսկ պատճառով նրանք, ովքեր կփորձեն այսպիսի մեթոդներով հանիրավի վարկաբեկել ԱԱԾ-ն, այդ թվում՝ նրան ներքաշելով ներքաղաքական խաղերի մեջ, մեխանիկորեն դառնում են Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի դաշնակիցներ:

Երբ ԱԱԾ-ն օգտագործվում է ներքաղաքական խաղերում, մարդիկ կարող են այլեւս չվստահել այդ կառույցին, եւ դա՝ այն դեպքում, որ նույնիսկ այդպիսի խաղերի մասնակցության փորձի ժամանակ այդ կառույցի միայն չնչին մասն է ներգրավված լինում, իսկ հիմնական՝ չերեւացող մասի գերխնդիրն է շարունակում համարվել երկրի անվտանգությունը արտաքին վտանգներից պաշտպանելը:

Այդ դեպքում էլ մեղավորությունը ոչ թե ԱԱԾ-ինն է, այլ այն իշխանությանը, որը չի գիտակցում, որ ցանկացած պարագայում ուժային կառույցները չի կարելի օգտագործել ներքաղաքական հարցերի լուծման ժամանակ, այլ, հակառակը՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդպիսի կառույցները հեռու կանգնած լինեն կուսակցական հարցերից:

Նույն կերպ էլ կարելի է խոսել բանակի մասին. եթե իշխանությունները բանակի որոշ ստորաբաժանումներ օգտագործում են ժողովրդի դեմ, դա չի նշանակում, որ բանակում համատարած սրիկաներ են ծառայում, ովքեր իրենց կյանքը չեն վտանգում՝ ամեն օր սահմանի վրա մեր անվտանգությունը պաշտպանելիս:

Իսկ ընդհանրապես՝ մեր պետականության ու ազգային անվտանգության համար բոլոր տեսակի օտար հատուկ ծառայություններն էլ կարող են վտանգ ներկայացնել` լինի դա ԿԳԲ, ԿՀՎ, Մոսադ, թե Մուխաբարաթ, ու պետք չէ տարբերակել դրանց՝ մեկին ներկայացնելով որպես լավ ու բարի, մյուսին՝ վատ ու չար: Ավելին, հենց այդպիսի տարբերակում դրվեց, նշանակում է՝ կրկին փորձ է արվում խառնաշփոթ ստեղծել մարդկանց գնահատականներում ու արտաքին ուժերից մեկին արդարացնել, իսկ մյուսին էլ՝ նսեմացնել:

Այնպես որ՝ ԿԳԲ-ի անունը օգտագործելիս արժե մեկ անգամ եւս մտովի այս ամենին անդրադառնալ, մանավանդ, որ նույն ԿԳԲ-ի աշխատակիցը իրեն կարող է ներկայացնել որպես Մոսադի աշխատակից, իսկ Մոսադինն էլ՝ մեկ այլ կառույցի, ու այս պարագայում հնարավոր չի լինի տարբերակել՝ իրականում ով ով է, ու միայն պետության ազգային անվտանգությունը կարող է երկրի քաղաքացիներին պաշտպանել, այն էլ՝ այն պարագայում, եթե այդ ծառայությունը ամեն կերպ չի օգտագործվում բռնապետական իշխանությունների շահերի սպասարկման համար:

Նախորդ հոդվածը‘CNN-ը դադարեցնում է հեռարձակումը ռուսաստանյան մալուխային ցանցերով’
Հաջորդ հոդվածը‘Բոբբի Չարլթոն. «Փառք Աստծո, տիկի-տական դուրս եկավ մոդայից»’