‘Առաքել Սեմիրջյան. Ահաբեկչության մերժում’

1488

Ցավոք սրտի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր ահաբեկչության սելեկցիա են կատարում, թե իբր՝ մի դեպքում այն կարելի է, իսկ ահա մյուս դեպքում՝ ոչ, մի դեպքում այն արդարացված է, մյուս դեպքում` ոչ, մի դեպքում ահաբեկիչները հայրենասիրական մղումներից ելնելով են իրենց գործողությունները կատարել, մյուս դեպքում՝ ոչ, մի դեպքում կրոնական սկզբունքները պաշտպանելու համար են արել, մյուս դեպքում՝ փողի համար, մի դեպքում մտածել են, որ երեխաներ կամ կանայք չտուժեն, մյուս դեպքում՝ ավելի դաժան են գտնվել, մի դեպքում «չարերի» են ոչնչացրել, մյուս դեպքում՝«բարիների», մի դեպքում այլընտրանք ունեցել են, մյուս դեպքում՝ ոչ:

Ու այսպես կարելի է հազար մասի բաժանել ահաբեկչությունը, եւ ցանկացած մեկն ինքն իր համար կարող է «որոշել» տվյալ ահաբեկչության «բարոյական» կամ «անբարոյական» լինելը: Սակայն հիմնական հարցն այն է, որ ցանկացած պարագայում պետք չէ արդարացումներ որոնել ահաբեկչությունների համար և ցանկացած պարագայում առաջավոր մարդկության ու նորմալ հասարակության համար այն պետք է դատապարտելի արարք համարվի՝ անկախ իր «հայրենասիրական» նկրտումներից կամ «ազնիվ» մղումներից:

Հիմա պատկերացրեք՝ Բաքվում մի ահաբեկչություն է տեղի ունենում. ինչպե՞ս կդրսևորի իրեն Հայաստանի հասարակությունը: Հաստատ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր դրանից կուրախանան. սակայն անհատ մարդիկ, կախված իրենց հետ կատարված դեպքերից կամ ցանկություններից, կարող են ուրախանալ կամ տխրել (իհարկե, լավ կլիներ, որ չուրախանային, սակայն պետք էլ չէ մեկ այլ ծայրահեղության գիրկն ընկնել ու մտածել, որ Արցախում զինվոր կորցրած ընտանիքը պետք է տխրի Բաքվի ահաբեկչության պատճառով), բայց այստեղ խնդիրը անձին չի վերաբերում, այլ պետության դիրքորոշմանը: Պետությունը չպետք է «ուրախանա» ցանկացած այլ երկրում տեղի ունեցող ահաբեկչությունից, ինչպիսի ոչ միանշանակ հարաբերություններ էլ ունենա տվյալ երկրի հետ, ու այդ «ուրախությունը» չպետք է դարձնի պետական քարոզչամիջոցի նյութ:  Ավելին, նույն կերպ էլ որևէ տարբերություն չկա ներքին կամ արտաքին ահաբեկչության միջև:

Հեռու չգնալու համար բերենք նույն Հայաստանում տեղի ունեցած ահաբեկչության օրինակը, երբ հոկտեմբեր 27-ին մի խումբ «ռոմանտիկներ» սպանեցին երկրի ղեկավարությանը:  Ելնելով Նաիրի Հունանյանի բերած փաստարկներից՝ նա «լավ» էլ հայրենասիրական ճառ էր ասում ու, իր կարծիքով,  իր արարքով երկիրը փրկում էր «կործանումից»:

Այսինքն՝ այստեղ ոչ թե մարդու հայրենասիրական ճառերն են կարևոր, այլ այն, ինչ մենք ունեցանք հոկտեմբեր 27-ի ահաբեկչությունից հետո: Ու մենք ունեցանք այն, որ Հայաստանը մի քանի տասնամյակով հետ շպրտվեց, ու դժվար է ասել՝ այն կվերադառնա՞ ճիշտ հուն, թե՞ կմնա լուսանցքային երկիր: Ի վերջո, ոչ թե հայրենասիրական ճառերն են կարևոր, որոնց քողի տակ մարդիկ կարող են ամենավերջին ստահակություններն ու ահաբեկչությունները գործել, այլ այն, որ ցանկացած կուսակցության համար պետք է ահաբեկչությունը մերժելի լինի ինքնին: 

Երբ տեղի ունեցավ 1998 թվականի իշխանափոխությունը, առաջին իսկ օրերին, առանց արդարացման, բանտից ազատ արձակվեցին ահաբեկչության համար դատապարտված անձինք, ու որևէ մեկը չմտածեց այդ քայլի անհեռատեսության ու վտանգավորության մասին: Բանն այն է , որ այդ մարդիկ կամ պետք է արդարացվեին՝ դրանով իսկ հասարակությանը ուղերձ հղելով, որ նրանք անմեղ են, կամ էլ նրանց ազատելուց հետո պիտի տեղի ունենար հենց այն, ինչին մինչ օրս ականատես ենք լինում:

Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ այն ժամանակվա իշխանությունները բռնատիրական էին, ու նրանց դեմ կարելի էր նաև ահաբեկչությամբ պայքարել, ու նաև կգտնվեն մարդիկ, ովքեր կպնդեն, որ այսօրվա իշխանություններն էլ են բռնատիրական, ու նրանց դեմ էլ պետք է ահաբեկչությամբ պայքարել, սակայն անցյալից եկած մեր փորձը պետք է մեզ հասկացնի, որ ահաբեկչությամբ ոչ թե երկրի վիճակը կլավանա, այլ ավելի սարսափելի վիճակի մեջ կհայտնվենք ազգովի:

Ցավոք սրտի, այս պարզագույն ճշմարտությունը չի հասկանում նաև Սերժ Սարգսյանը, ով անկախության առաջին տարիներին նույնպես պայքարել է ահաբեկչության դեմ (ի դեպ, ահաբեկչության կանխարգելման շնորհիվ էր նաեւ Հայաստանը տարբերվում հարևան երկրներից, մի քանի անգամ ավելի մեծ հաջողություններ ունենում), իսկ ահա այսօր նույն Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը փորձում են տարբերակում մտցնել ահաբեկչությունների միջև. իբրեւ թե՝ մի դեպքում այն կարող է դիտվել որպես հերոսություն, իսկ մյուս դեպքում՝ որպես դավաճանություն: Այս տարբերակման կործանարարությունը վտանգավոր է նաև իշխանությունների համար, իսկ Հայաստանի համար կործանարար է ու կործանարար: Այդ պատճառով էլ առաջին իսկ պահից պետք է մեր հասարակության միջից արմատախիլ արվեն ահաբեկիչներին հերոսացնելու փորձերը, իսկ երկիրը պետք է տեղափոխվի օրենքի գերակայության դաշտ, այլապես ահաբեկչության քարոզը կբերի ավելի մեծ ահաբեկչությունների:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Իրադրությունն առաջնագծում’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները’