‘Առաքել Սեմիրջյան. Ամեն ինչ չէր լինի այսքան ուրախ, եթե այսքան տխուր չլիներ’

1739

Ասեցինք-խոսեցինք, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը որտեղ է իր միլիոնները պահում: Դրանից առաջ էլ քննարկում էինք վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի օֆշորային սկանդալն ու բենթլիների պատմությունը: Վաղը կլինեն նորանոր բացահայտումներ ու ազգս էլի կարծես՝ առաջին անգամ կզարմանա իր «հոգևոր հայրերով»: Բայց կանցնի մի քանի շաբաթ, ու էլի կմոռանա այդ պատմությունները՝ մինչև հերթական «զարմանահրաշ» լուրը:

Սակայն բուն խնդիրը ոչ թե այսպիսի սկանդալային պատմություններն են, այլ շատ ավելի խորքային է, որն ավելի բուռն արձագանքներ պետք է ունենար, բայց այն ամեն անգամ վրիպում է շատերի ուշադրությունից:

Վերջերս դիտեցի ռուսական արտադրության «Լեվիաթան» ֆիլմը, որտեղ ի թիվս այլ հարցադրումների, հարց էր բարձրացվում այն մասին, որ Ռուսաստանում բացասական երևույթների հիմնական մեղավորը Ռուս Ուղղափառ եկեղեցին է:

Հայաստանի պարագայում էլ կարելի էր նմանություններ տեսնել, սակայն մեղավորության աստիճանը մի փոքր տարբեր է:

Քանի որ հարյուրավոր տարիներ Հայաստանը պետականություն չի ունեցել, հայապահպանության հիմնական խնդիրն իր վրա է վերցրել եկեղեցին և պատվով կատարել է իր առաքելությունը: Եկեղեցին իր բոլոր թերություններով հանդերձ՝ կարողացել է առանց պետականություն ունենալու զարգացնել և՛ հայ մշակույթը, և՛ գիրն ու գրականությունը: Իսկ ահա Ռուսաստանի պարագայում այդպիսի խնդիր չի եղել ու նրանց համար եկեղեցին այլ դեր ունի: Մեզ համար եկեղեցին եղել է ոչ միայն հոգևոր օրրան, այլ նաև հայապահպանության գործիք:

Սակայն Անկախությունից հետո Հայ Առաքելական Եկեղեցին կարծես մինչ այս պահն էլ չի կարողանում գտնել իր տեղն ու դերը: Անկախության առաջին տարիներին՝ Խորհրդային Իշխանության իներցիայով, եկեղեցին շարունակում էր գաղտնախորհուրդ կառույց մնալ, ու պայմանավորված նաև Կաթողիկոս Վազգեն Ա-ի անձով՝ մեծ հեղինակություն էր վայելում հասարակության մեջ:

Վազգեն Վեհափառի մահվանից հետո քաղաքական ճիշտ որոշում կայացվեց. հեռանկարում ունենալով Էջմիածի ևԱնթիլիասի կաթողիկոսությունները միավորելու գաղափարը՝ Անթիլիասի կաթողիկոսը կարգվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս: Գարեգին Ա-ի ընտրությունը կրկին ոգևորություն առաջացրեց ինչպես Սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում:

Գարեգին Ա-ի մահվանից հետո Հայ Առաքելական Եկեղեցու համար սկսվեց ծանր շրջան և մինչ  օրս մենք քաղում ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կաթողիկոսական ընտրությունների արդյունքները:

Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ խնդիր է լուծել մեր եկեղեցին վերջին 15 տարիների ընթացքում, որը պետք է լուծվեր: Մի՞թե աղանդավորական շարժումները քչացել են Հայաստանում, մի՞թե մարդկանց հավատը շատացել է առ եկեղեցին, մի՞թե Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններն են լավացել եկեղեցական խողովակների միջոցով…

Եթե ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ապա պետք է խոստովանենք, որ այս 15 տարիների ընթացքում եկեղեցին համազգային որևէ խնդիր չի լուծել: Դեռ ավելին, վերոնշյալ սկանդալների մեջ հայտնվելով՝ մարդկանց ավելի է հիասթափեցրել իրենից: Սա էլ քիչ էր, դրան գումարվեց այն, որ չնայած Մարտի 1-ին բազմաթիվ ազնիվ հոգևորականներ կանգնեցին ժողովրդի կողքին, Վեհափառն, այնուամենայնիվ, իր հոտը մարդասպանների դիմաց մենակ թողեց, ու փոխանակ իշխանություններին կոչ աներ չկրակել ժողովրդի վրա, գնաց ու կանգնեց իշխանությունների կողքին: Էլ չասած, որ իշխող կուսակցությունը իր բոլոր քաղաքական հարցերը լուծում է եկեղեցու «օրթնությամբ», ինչը ևս հիասթափության մի լրացուցիչ ազդակ է:  

Եթե սրան էլ գումարենք համեմատությունները, օրինակ՝ Վրաստանի և Ուկրաինայի հոգևոր առաջնորդների հետ, ովքեր, եթե առճակատում է տեղի ունենում ժողովրդի ու իշխանության միջև, միշտ կանգնում են սեփական ժողովրդի կողքին, ապա մարդիկ սկսում են իրենք իրենց հարց տալ՝ ինչո՞վ է զբաղվում Հայ Առաքելական Եկեղեցին: Ու ստացվում է մի տխուր պատկեր, երբ եկեղեցական ղեկավարության պատճառով անվստահություն է առաջանում եկեղեցու և ժողովրդի միջև:

Ու քանի որ Հայաստանում պետական կառույցներն էլ գրեթե չեն գործում՝ հայ ժողովուրդը զրկվում է իր այն միակ հենասյունից, որի վրա կարելի էր պետականություն կառուցել…

Նախորդ հոդվածը‘Պերմյակովի՝ հոգեկան խնդիրների մասին LifeNews-ի տեղեկությունները հերքվում են’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը պարգևատրել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին ‘