‘Առաքել Սեմիրջյան. Անկեղծության պահը’

8456

Պատերազմական այս օրերի ընթացքում վախենում էի մի բառ գրել, որ հանկարծ սխալ չստացվի, ու որևէ կերպ վնաս չտամ առաջին գծում մարտնչող մեր եղբայրներին: Ու քանի որ այժմ զինադադար է հաստատվել, ու մի քանի օր մեջս կուտակվել են տարատեսակ էմոցիաներ և ինֆորմացիաներ, թույլ տվեք դրանք կիսել ձեզ հետ:

Նախ՝ ասեմ, որ այդքան էլ հեշտ օրեր չէին ինձ համար, ու եղան պահեր, որ իսկապես ինքս ինձ կորցրի ու քիչ էր մնում «պանիկայի» գիրկն ընկնեմ, սակայն, առաջին հերթին՝ սահմանին կանգնած տղաները, հետո՝ ընկերներս, ինձ օգնեցին այդ վիճակում չհայտնվել:

Եղան պահեր, որ կատաղությունից ուզում էի հայհոյել նրանց, ովքեր այս համազգային դիմադրությունը թողած՝ ընկել էին սեփական պիառ-ի ետևից ու Արցախում սելֆիներ էին անում, սակայն դրան էլ ներողամտորեն մոտեցա՝ ինքս ինձ համոզելով, որ միգուցե այդ մարդիկ էլ այդպես են ինքնահաստատվում: Զոհերի մասին տարատեսակ լուրերից սարսափած` եղան պահեր, որ ցանկանում էի մեղավորներ գտնել ու ամեն ինչ բարդել ինչ-որ մարդկանց անգործության վրա, սակայն հասկացա, որ պատերազմի մեջ մեղավոր գտնելն անմտություն է, կամ, ավելի ճիշտ՝ պատերազմի մեջ բոլորն են մեղավոր ու միաժամանակ՝ բոլորը անմեղ, իսկ մեղավորները պետք է գտնվեին մինչև պատերազմը կամ պատերազմից հետո, կամ գոնե զինադադարի ժամանակ: Ինչևիցե, այսքանը իմ էմոցիոնալ վիճակի մասին, որը շատ քչերին է հետաքրքրում, իսկ այժմ անցնենեք բուն թեմային:

Զինադադարից հետո գրածս առաջին ստատուսը եղավ այն մասին, որ  «Միասնականությունը, նախ և առաջ, ազնվություն է պահանջում, ու քանի որ պատերազմական իրավիճակում մենք բոլորս էմոցիոնալ առումով միմյանց նկատմամբ ազնիվ ենք, դրանից բխում է մեր միասնականությունը, իսկ ահա խաղաղ պայմաններում էմոցիանալ պոռթկումները մարում են, ու մենք մեզ համար պարզում ենք, որ միասնական չենք: 
Իրերն իրենց անուններով կոչելու դեպքում խաղաղ պայմաններում էլ է հնարավոր միասնական լինել, բայց միայն անկեղծության նախապայմանով»…

Խոսքը ազգային միասնության մասին չէ, որին ինձնից առաջ ու ինձնից շատ ավելի լավ պատասխանել են, այլ հասարակական միասնականության մասին. հասարակությունը միասնական պետք է լինի որոշակի սկզբունքների շուրջ, ու այդ սկզբունքներից ամենահիմնականը ազնվությունն է,  իրերն իրենց անուններով կոչելու ընդունակությունն ու իրարից չնեղանալը՝ իրականությունն ասելու դեպքում:

Դրա համար էլ, հետևելով իմ իսկ դատողություններին, փորձեմ անկեղծ լինել իմ մտահոգությունների հարցում:

Նախ և առաջ՝ ասեմ, որ զինադադար չէր լինի, եթե Ադրբեջանը կարողանար առաջ շարժվել ու գրավել հայկական տարածքներ, այսինքն՝ զինադադարը, կարելի է ասել՝ պարտադրվեց Ադրբեջանին, այլապես մինչև հիմա պատերազմը կշարունակվեր:

Այստեղից բխում է, որ Ադրբեջանը այդքան էլ չի ուժեղացել, որ կարողանա երկարաժամկետ պատերազմ մղել, սակայն այնքան էլ թույլ չէ ու նախկին Ադրբեջանը չէ, որ իր ձեռնարկած պրովոկացիաներից հետո ստանա իր արժանի պատիժը, ու մեր՝ Բաքուն գրավողները հասնեն իրենց  «բաղձալի» նպատակին:

Ակնհայտ է, որ մենք ոչ միայն Բաքուն չգրավեցինք, այլ նաև ունեցանք բազմաթիվ մարդկային ու տեխնիկական կորուստներ, որոնք կարող էին այդքան շատ չլինել, եթե մեր հետախուզությունը տեղեկացված լիներ սպասվող հարձակման մասին, էլ չասած, որ մեր դիրքերն ավելի ուժեղ ամրացված և ականապատված լինեին, որ հակառաորդը չկարողանար առաջ շարժվել:

Մեզ բոլորիս համար պարզ դարձավ, որ ադրբեջանական նավթադոլարները այդքան էլ  «ապարդյուն» չեն վատնվել, ու գնված զինտեխնիկան էլ ավելի «արդիական» է, քան մենք պատկերացնում էինք, որով էլ թշնամին կարողացավ բազմաթիվ վնասներ հասցնել մեզ:

Ինչ վերաբերում է ոգեղեն ասպեկտին, բոլորին էլ պարզ դարձավ, որ ի տարբերություն մեր տեխնիկական ու նյութական հագեցվածության՝ մեր ոգեղեն «հագեցվածությունը» տասնապատիկ գերազանցում էր հակառակորդին, դրա հաշվին էլ մենք կարողացանք դիմակայել ագրեսիային ու թշնամուն ետ շպրտել նախնական դիրքերը: Խոստացել եմ, որ ամբողջությամբ անկեղծ լինեմ, դրա համար էլ պետք է ասեմ, որ ոչ բոլոր դիրքերն են ետ վերադարձվել, բայց պետք է նշել, որ տարածքային մեծ կորուստներ չունենք ու հաշվի առնելով հարձակման մաշտաբները դրանք կարելի է չնչին գնահատել:

Այս կարճաժամկետ պատերազմի ժամանակ երևացին նաև մեր թույլ կողմերը՝ ինչպես դիվանագիտական ճակատում, այնպես էլ տնտեսական:  Մեր ուժեղ կողմերն էին լրատվամիջոցների արագ ու անաչառ լուսաբանումները, սակայն այստեղ էլ որոշակիորեն թերացանք՝ կապված լրատվության օտարալեզու թարգմանումների հետ, թեպետ՝ վերջում դա էլ հարթվեց:

Հետագայում կփորձեմ ավելի մանրամասն ներկայացնել իմ մտորումները, սակայն այս պահին կուզենամ գլուխս խոնարհել այն տղաների հերոսական արարքների առջև, ում շնորհիվ ես այսօր, համակարգչի առջև նստած, վերլուծություններ եմ անում,  ասել, որ առանց այդ տղաների՝  ոչ միայն ես չէի կարող այսպես փիլիսոփայել, այլև մենք բոլորս՝ ձայններս կտրած, խեղճացած կլինեինք տականքների ագրեսիայի ու համաշխարհային անտարբերության առջև:

Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին:

 

Նախորդ հոդվածը’94-ի եռակողմ համաձայնագիրը պահել ատամներով’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում’