‘Առաքել Սեմիրջյան. Ասելիք’

4404

Վերջերս մի միջոցառման լուսաբանում էի նայում ու ինձ բռնեցի այն մտքի վրա, որ մարդկանց սկսել եմ «տեսակավորել»՝ ոչ թե բարու ու չարի, բարոյականի կամ անբարոյականի, խելոքի ու անխելքի, տգեղի ու սիրունի… (սա, իհարկե, կատակ էր), այլ ասելիք ունեցող մարդկանց ու չունեցողների: Ի վերջո, մենք չենք որոշողը մարդու բարության ու չարության, ինչպես նաև բարոյական կերպարի վերաբերյալ հարցերը, այլ որպես «կողմնակի դիտորդ»՝  մեզ հետաքրքիր է՝ մարդն ասելիք ունի՞, թե՞ չունի: Խոսքը չի վերաբերում ընկերական կամ գործնական հարաբերություններին, այլ այն մարդկանց, ում հետ առօրյա շփում չունես ու հանդիպում ես այս կամ այն հեռուստահաղորդման կամ միջոցառման ժամանակ, այն էլ հեռուստաէկրանի «դիմացի» կողմից:

Եվ ինչ նկատեցի այդ միջոցառումը դիտելիս. որ հարյուրավոր մարդկանց մեջ` է՛լ լրագրողներ, է՛լ քաղաքական ու մշակութային գործիչներ, է՛լ ֆեյսբուքյան «աստղեր», է՛լ տարատեսակ իշխանավորներ, է՛լ դերասան ու երգիչներ… ու նույնիսկ՝ «մի կին ատամնատեխնիկ», և նրանցից որևէ մեկն ինձ համար ասելիք չունի:

Դաժան կարող է հնչել, բայց Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը հենց ասելիքի բացակայությունն է. մարդիկ խոսում են, երգում, պարում, քննարկումներ անում, երկխոսում ու վիճաբանում, բայց ասելիք՝ «յո՛խ»:

Խոսքն իմ կարծիքին համընկնելու համ հակադիր կարծիքների մասին չէ.  թող այդ կարծիքները լրիվ հակառակ դիրքերից լինեն, թեկուզ ցինիկ ու սարկաստիկ լինեն, բայց թող որոշակի ասելիք պարունակեն:

Ու ինձ բռնացրի նաև այն մտքի վրա, որ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել ասելիք ունեցողներին, ու դա կարելի է համարել մեր ամենամեծ «ազգային ողբերգությունը»: Որ խոսում են նոր շնչի կամ նոր մտքի մասին, դա հենց ասելիքին է վերաբերում, թե չէ՝ կարող ենք ամեն մեկս մի նկար դնել մեր ֆեյսբուքյան պատին, կամ էլ մի հանճարեղ մարդու տրիվիալ միտք տարածել ու ստանալ մեր «հանապազօրյա լայքերը», սակայն դրանից հետո չի պարզվի՝ որն է մեր ասելիքը:

Նույնիսկ ֆեյսբուքում, որը հնարավորություն է ընձեռում մարդուն ազատ արտահայտվելու, հազվադեպ կարելի է հանդիպել ասելիք ունեցող մարդկանց: Ու այստեղ ոչ իշխանություններին մեղադրելու պատճառ կա, ոչ էլ ընդդիմությանը, այլ պարզապես Հայաստանը թուլացել է իր ասելիք չունեցող մարդկանցով:

Գաղջի այս տեսակարար կշիռի շատությունն էլ հենց կապված է ասելիքի բացակայության հետ, ու առանց «ասելիքի»՝ գաղջը ոչ միայն չի անհետանա, այլև ավելի կկարծրանա, ու այլևս անհնարին կլինի այն ցրել:

 

Նախորդ հոդվածը‘Բնակարանամուտ կամ՝ «Ասեցինք՝ արի տուն, արի տուն, վերջը մենք էլ էկանք մեր տուն»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴԿԿ-ում ուզում են չեղյալ հայտարարել 1921 թ. պայմանագիրը Թուրքիայի հետ’