‘Առաքել Սեմիրջյան. Արժեզրկման մեխանիկան’

1577

Անցյալ շաբաթ Հայաստանի Ազգային հերոս կոչումը կրող Նիկոլայ Ռիժկովի՝ Արցախին վերաբերող հայտարարությունը ստիպեց անդրադառնալ այն հանգամանքին, թե Հայաստանի և Արցախի ազգային հերոսների ու պետական պարգևների արժանացած մարդիկ ինչպիսի՞ն կարող են լինել, էլ չեմ խոսում շքանշանակիրների և զինվորական կոչում ստացածների մասին:

Իհարկե, ցանկացած երկիր ապահովագրված չէ, որ իր երկրի պետական պարգևների արժանացած մարդը կարող է ինչ-որ մի պահի դավաճանել տվյալ երկրին կամ էլ մի այնպիսի հայտարարություն անել, որը կարող է վնաս հասցնել երկրի ազգային անվտանգությանը: Բնավ չեմ խոսում այն փուչ խոսքերի մասին, երբ ցանկացած մարդու կարող են պիտակավորել իբրեւ թշնամու ջրաղացին ջուր լցնող՝ դրանով իսկ  արժեզրկելով նաև իրական «ջուր լցնողների» վնասակարության աստիճանը:

Այստեղից էլ ահա առաջ է գալիս մեկ այլ խնդիր. նույն արժեզրկումը կարող է տեղի ունենալ և՛ բացասական, և՛ դրական երևույթների վերաբերյալ, ինչպես այն դեպքում՝ եթե ամեն օր մեկին հայհոյում են, դրանով ոչ թե տվյալ մարդն է արժեզրկվում, այլ «հայհոյանքն» ինքնին, քանի որ նույնիսկ հայհոյանքը, ինչքան էլ տարօրինակ թվա, պետք է իր արժեքն ունենա:

Նույնը վերաբերում է «խոսքին». նույն խոսքը անընդհատ կրկնելով՝ մարդը կարող է հենց այդ խոսքն էլ արժեզրկել: 

Նույնը վերաբերում է երդմանը: Երբ մարդ հաճախակի է երդվում, ոչ թե դրանից նրա նկատմամբ վստահությունն է մեծանում, այլ ճիշտ հակառակը` երդումը դադարում է որևէ արժեք ունենալ, և մարդիկ ավելի կասկածամտորեն են վերաբերվում հաճախակի երդում տվողներին: 

Արժեզրկումը ոչ միայն պայմանավորված է քանակով, որն, իհարկե, որոշակի նշանակություն ունի, այլ նաև որակով:

Եթե ազգի անունից Ազգային հերոսի կոչում է տրվում մի մարդու, ով ծառայում է ոչ թե տվյալ ազգին, այլ որոշակի իշխանական խմբի շահերն է սպասարկում, դրանով ոչ միայն արժեզրկվում է այդ կոչումն ինքնին, այլ նաև հասարակության մեջ անվստահություն է առաջանում ընդհանրապես ցանկացած կոչման նկատմամբ:

Այդ պատճառով էլ, օրինակ՝ ժողովրդավարական երկրներում պետական կոչումները ոչ թե աջ ու ձախ տրվում են տվյալ պահի իշխանության քաղաքական շահի սպասարկման նպատակով, այլ տրվում են կամ կոնկրետ գործողության համար, ենթադրենք՝ ինչ-որ քաղաք ազատագրելու, կամ ինչ-որ կոնկրետ ահաբեկչություն կանխելու, իսկ եթե կոնկրետությունը բացակայում է, ապա այդպիսի պատվի արժանանում են նրանք, ովքեր իրենց ամբողջ կյանքում հետևողականորեն կատարել են այնպիսի գործողություններ, որոնք շոշոփելի արդյունք են տվել տվյալ պետության կայացման գործում:

Ավելի բարձր կոչումների դեպքում ընդհանրապես շատ խիստ կանոնակարգում կա: Դաժան բան եմ ասելու, ինչը, հնարավոր է՝ շատերի կողմից ոչ ճիշտ ընկալվի, սակայն կփորձեմ բացատրել: Արևմտյան արժեքներ կրող երկրներում ազգային հերոսի կոչմանը սովորաբար արժանանում են միայն հետմահու (եզակի բացառությունները չհաշված), ու այստեղ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ եթե մարդը դեռ ողջ է, ապա որքան էլ արժանիքներ ունենա, նա կարող է իր հետագա կյանքի ընթացքում որոշակի «մեղքեր» գործել ու այդպիսով ստվեր գցել իր նախկինում կատարած «հերոսությունների» վրա՝ դրանով իսկ, ինչպես վերևում նշեցի, որոշակի անվստահության մթնոլորտ առաջացնելով հասարակության մեջ:

Այսպիսի երևույթներից խուսափելու համար արևմտյան արժեքներ ունեցող երկրներում նախատեսված է նաև պետական պարգևների «հետ կանչման մեխանիզմ»,  որը ամենից առաջ անհրաժեշտ է այդ երկրների «կենդանի հերոսներին», որպեսզի նրանք մարդկայնորեն այնքան չմեծամտանան, որ կարծեն, թե նախինում գործած իրենց հերոսություններն իրենց իրավունք են  տալիս որոշակի արտոնություններ ունենալ տվյալ երկրի մյուս քաղաքացիների նկատմամբ, եւ ոչ թե օրենքով սահմանված շրջանակներում, այլ այդ շրջանակներից դուրս: 

Ասել կուզի՝ այս մեխանիզմի հիմնական բաղադրիչը օրենքի գերակայությունն է ցանկացած երևույթի նկատմամբ, նույնիսկ՝ «հերոսության»:

Վերադառնալով Հայաստանին՝ կարելի է նշել, որ վերոնշյալ պարգևները հիմնականում ոչ թե մարդու կատարած ծառայությունների հետ են կապված, այլ  այդպիսի պարգևներ ստացողների ձգտումը պայմանավորված է որոշակի արտոնություններից օգտվելու ակնկալիքով, և ամենացավալին այն է, որ այդ արտոնություններից ոչ միայն այդ «հերոսներն» են օգտվում՝ լինեն ողջ թե մեռած, այլ նրանց մերձավոր ազգականներն ու ընկերները, որոնց թվում է, թե իրենց մերձավորի հերոսությունը նաև փոխանցվում է իրենց: Սակայն սա այլ թեմա է , որին մի այլ հոդվածով կանդրադառնամ:

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» խոսնակը հաստատեց աշխատավարձերը վճարելու խոստման իսկությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 32 մարդ’