‘Առաքել Սեմիրջյան. Գեներալներ’

2472

Կարծեմ՝ մեկ անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ ԱՄՆ-ում զինվորական աստիճան ստանալը ոչ միայն պայմանավորված է պատերազմի ընթացքում կատարած «սխրանքներով», այլ նաև տվյալ զինվորականի կրթական պատրաստվածությամբ, թե նա արդյո՞ք անցել է համապատասխան դասընթացները ու դրականորեն հանձնել է այդ դասընթացների ընթացքում տրված առաջադրանքներն ու քննությունները:

Սխրանքները նույնպես անպատասխան չեն մնում ու պարգևատրվում են շքանշաններով ու, կոնկրետ դեպքերում՝ բարձր թոշակներով, սակայն ոչ մի դեպքում սխրանք գործածին, եթե նա չունի համապատասխան կրթական պատրաստվածություն, մեծաքանակ ստորաբաժանման ղեկավարում չի տրամադրվի, որտեղ նրան կվստահվեին մարդկային կյանքեր:

Այստեղ ամեն ինչ պարզ է, ու տրամաբանությունն էլ է շատ հստակ, սակայն ի հավելումն սրան՝ պետք է նշել, որ նույն ԱՄՆ-ում ու Եվրոպայում բարձրաստիճան զինվորականները ոչ միայն պետք է ունենան համապատասխան մտավոր, այլ նաև ֆիզիկական պատրաստվածություն, ու տարին մի քանի անգամ անցնեն ֆիզիկական պատրաստվածության թեստեր, առանց դրա՝ որևէ մեկը նրանց չի վստահի կրկին ղեկավարել զինվորական ստորաբաժանում:   

Վերադառնալով Հայաստանին՝ կարելի է հպանցիկ անդրադառնալ մեր գեներալների մտավոր պատրաստվածությանը ու չկենտրոնանալ դրա վրա, քանի որ նրանց տված ցանկացած հարցազրույցից ամեն ինչ պարզ է դառնում: Սակայն՝ դա էլ մի կողմ. եթե, Աստված մի արասցե՝ պատերազմ սկսվի, նրանցից ո՞վ է ֆիզիկապես պատրաստ գոնե 100 մետր արագ քայլելու կամ մեկ անգամ գլուխկոնծի տալու:

Բա՛, հարգելիներ ջան, եթե դուք չեք կարողանում ինքնուրույն ձեր կոշիկների քուղերը կապել, բա ինչպե՞ս եք կարողանալու Բաքու հասնել: Եթե ձեր հույսը տանկերով կամ ինքնաթիռով Բաքու հասնելն է՝ ուրիշ բան, բայց եթե 100 մետր քայլելու «խոչընդոտ» առաջանա, այդ դեպքում ազգովին կկանգնենք անելանելի իրավիճակի առաջ:

Ես ընդհանրապես չեմ կասկածում մեր գեներալիտետի հայրենասիրության վրա ու երբևէ կասկածի տակ էլ չեմ առել պատերազմի ընթացքում նրանց կատարած սխրանքները, սակայն խոսքը ոչ թե անցյալի մասին է, այլ ներկայում նրանց պիտանելիության մասին. չնսեմացնելով նրանց վաստակը՝ պետք է, ամեն դեպքում, չմոռանալ, որ այդպիսի մտավոր ու ֆիզիկական պատրաստվածությամբ նրանք ոչ միայն չեն օգնում մեր բանակին, այլ նաև վնասում են:

Այստեղ չեմ էլ ուզում խոսել ոստիկանական գեներալիտետի մասին, որոնք, ի տարբերություն զինվորական գեներալիտետի, պատերազմ էլ չեն անցել, ու դժվար է ընդհանրապես ճշտել նրանց վաստակը մեր պետության առջև: Եթե մեջբերեն հանցագործության դեմ պայքարը, ապա ես կասեմ, որ մի քանի պլանքյաշ ու հավ գողացող բռնելով՝ պետությանը մեծ օգուտ չես տա, առավել ևս՝ մի քանի ընդդիմադիրի հեռախոս գաղտնալսելն ու դրա համար գեներալի ուսադիր կրելը պարտադիր չէ:

Իսկ եթե մեր հույսը մեր շարքային զինվորի վրա է, ապա, իհարկե, նա իր ուժերի ներածին չափով իրականացնում է իր վրա դրված պատասխանատվությունը, սակայն նա էլ կույր չէ ու շատ հստակ տեսնում է՝ ինչ է կատարվում վերևներում, ու այդ տեսարանը ոչ միայն չի ոգևորում նրան, այլ նաև, որոշ դեպքերում, կարող է բարոյալքության հասցնել:

 

Նախորդ հոդվածը‘Մարկոս Պիզելին դարձել է «Օկժետպես»-«Ակտոբե» հանդիպման հերոսը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի’