‘Առաքել Սեմիրջյան. Երկրի տիրոջ ու անցորդի տարբերությունները’

2182

Պապս երիտասարդ հասակում է մահացել, ու տատս, անչափահաս երեխաների հետ մնալով մենակ ու Հայաստանում չունենալով որևէ ազգական` ստիպված է եղել ընտրություն կատարել՝ կամ աշխատած միջոցները ուղղել երեխաների ուսմանը, կամ էլ` պապիս գերեզմանը ճոխությամբ սարքել, որպեսզի բոլորը տեսնեն ու ասեն, թե ինչ «շնորքով» կին է, որ ամուսնու գերեզմանը սարքեց:

Տատս ընտրել է առաջին տարբերակը՝ դրանով իսկ արժանանալով հարևանների նախատիքին, թե տես՝ տարին անցավ, բայց ամուսնու գերեզմանի վրա քար էլ չդրվեց, հետո հաջորդ տարին, հետո հաջորդը, ու այդպես՝ մինչև երեխաների ուսումը ավարտվեց, երբ արդեն ուսանած ու աշխատանք ունեցող զավակները իրենց հոր գերեզմանը սարքեցին: Իհարկե՝ ոչ «պահանջված» ճոխությամբ, բայց այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանի որ նրանք այնպիսի դաստիարակություն էին ստացել, որ իրենց չէին կարող թույլ տալ ճոխ գերեզմաններ:

Այս պատմությունը հիշեցի այն պատճառով, որովհետև ամենուրեք տեսնում եմ ցեղասպանության ճոխ պաստառները ու նաև ամենայն ճոխությամբ ցեղասպանության 100-ամյակի «նշելը», կարծես այս ամենը լինի «մե տոն, մե ուրախուչուն»:

Մեկ այլ հարց էլ կա. իսկ արդյո՞ք մենք կարողանում ենք մի այնպիսի երկիր ունենալ, որտեղ մանուկները պատշաճ կրթություն ունեն, կամ առողջապահական համակարգը այնպիսին է, որ կհոգա մարդկանց ապահով ծերությունը, կամ արդյո՞ք մարդիկ չնչին ձևով ապահովված են, որ իրենց կարողանան թույլ տալ թեկուզ ցեղասպանության 100-ամյակի վրա այդքան  միջոցներ մսխել:

Այստեղ գալիս է մեկ այլ հարց էլ՝ թե ի՞նչն է մեզ ստիպում այդքան մեծ ռեսուրսներ ներգրավել ցեղասպանությունը «նշելու» վրա: Արդյո՞ք աշխարհին ցույց տալու համար չի արվում այդ ամենը, որ բոլորը տեսնեն, թե մենք ինչպիսի գերեզմաններ ենք սարքել մեր նահատակների համար՝ միևնույն ժամանակ մեր երեխաների բերաններից կտրելով այն մի կտոր հացը, որով նրանք կարող էին ավելի երջանիկ մանկություն ունենալ, քան թե ցեղասպանության բազմամիլիոնանոց կլիպներ դիտելով:

Ցանկացած ծնող, ով մտածում է իր երեխաների ապագայի մասին, նա ոչ թե տուրք կտա ուրիշների կարծիքին, այլ կվարվի մեծ մայրիկիս պես, իսկ  ովքեր այնքան ուժ չունեն դիմանալու հասարակական «ճնշմանը», նրանք հաստատ իրենց «չունեցած» ռեսուրսներով գերեզմաններ կշինեն՝ դրանով իսկ շրջապատի աչքին բարեպաշտ երևալով, իսկ իրականում սեփական զավակներին զրկելով արժանապատիվ ապագայից:

Եթե մանուկները նորմալ մեծանան, ապա ուշ թե շուտ՝ նրանք կկարողանան իրենց ծնողների երազանքները կամ ցանկությունները իրականացնել, իսկ երբ մանուկը տեսնում է, որ մեռելներին նախընտրում են իրենից (ողջերից), նա, ուզենք թե չուզենք, չարանում է ամբողջ աշխարհի նկատմամբ, ու դժվար չէ կռահել, թե մեծանալով՝ ինչպիսի մարդ կդառնա այդ մանուկը:

Ցավոք սրտի, Հայաստանն՝ իշխանությունների տեսքով, այժմ ներկայացնում են այնպիսի մարդիկ, ովքեր չմտածելով երկրի բնակչության ներկայի ու ապագայի մասին՝ միայն շրջապատի աչքում իբր բարեպաշտ երևալու համար ցեղասպանությունը դարձրել են քաղաքական խաղաքարտ` ասես չնկատելով, որ այդ նույն ժամանակաընթացքում մեր երկիրը դատարկվում է, մարդիկ օր օրի աղքատանում ու թևաթափ են լինում ու այլևս ո՛չ լացելու, ո՛չ հիշելու, ո՛չ էլ,  առավել ևս, պահանջելու ուժ չունեն:

Թե ո՞ւմ ենք մենք այս ողջ շոուով խաբում՝ դժվար է ասել, բայց որ մտնում ես հայաստանյան գերեզմանատները, հասկանում ես, թե ինչպիսին կարող էր լինել մեր երկրի վիճակը, եթե  մահացածներին չնախընտրեինք ողջերից:

 

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկ. ՀԱԿ-ն իր փոքրաթիվ ԱԺ պատգամավորների պայքարի շնորհիվ շատ դրական գործունեություն է ձեռնարկելով ԱԺ-ում’