‘
Եկեք հասկանանք մեր իշխանությունների տրամաբանությունը (եթե, իհարկե, այն կա)` ըստ հերթականության, ինչը նաև թելադրվում է մեր հասարակությանը, ու փորձենք նաեւ ճշտել, թե ինչ եզրահանգման է այն բերում:
Թարմության առումով` դիտարկենք Քիմ Քարդաշյանի շուրջ առաջացած աժիոտաժը, որը սպառնում է համազգային տոնի վերածվել:
Ես ամենևին դեմ չեմ Քիմի այցին, դեռ ավելին, համարում եմ, որ նրա պես աստղերի այցելությունը կարող է տուրիզմը զարգացնելու խթան դառնալ, ինչպես նաև Հայաստանը ճանաչելի դարձնել ազատ դրամական միջոցներ ունեցող անձանց համար, և անմտություն էլ կլինի դրանից չօգտվելը:
Սակայն Քիմին ազգի պարծանք հռչակելը մի փոքր ստվեր է գցում այս ամենի վրա, քանի որ նույն զբոսաշրջիկները կմտածեն, որ Հայաստանն այսքան ժամանակ որևէ հանրաճանաչ մարդ չի «տեսել», կամ էլ որ Քիմը հայազգի միակն ու անկրկնելին է, դրա համար էլ վարչապետով-բանով այնպիսի ընդունելություններ են կազմակերպում, որը համարժեք է պետությունների ղեկավարների այցերին:
Կրկին համաձայն եմ, որ նրան ջերմ ընդունելությունների արժանացնեն, ու նույնիսկ՝ որ երկրի ղեկավարությունն էլ ընդունի, սակայն այդ ամենը կարելի է անել այնպես, որպեսզի պետությունը չմատուցվի որպես «գեղի կլուբ»:
Իհարկե, ԱՄՆ կամ Ռուսաստանի ղեկավարն էլ են ընդունում հայտնի դերասանների կամ երգիչների, սակայն այն չի ներկայացվում որպես երկրի թիվ մեկ իրադարձություն:
Ես կրկին չեմ խոսում Քիմի բարոյական կերպարի մասին, որը ընդհանրապես դուրս է քննարկումից, քանի որ մենք չէ, որ պետք է որոշենք սրա կամ նրա բարոյական կերպարը, ու նաև էժան եմ համարում այն ռասիստական պնդումները, թե Քիմի ամուսինը սևամորթ է, դեռ ավելին, համարում եմ, որ անբարոյականությունը հենց ուրիշի ազգային ու կրոնական ընտրությունը նսեմացնելն է, սակայն նույն կերպ էլ դեմ եմ Քիմին որպես բարոյականության տիպար ներկայացնելուն ու հայ աղջիկներին Քիմի օրինակով «կրթելուն»:
Ավելի վտանգավոր մի ենթատեքստ էլ կա այս ամբողջ պատմության մեջ, որի մասին ընդհանրապես չի խոսվել:
Երբ Քիմի այցը կապում են Ցեղասպանության 100-ամյակի հետ, այդ հարցում էլ պետք է շատ զգույշ լինել, քանի որ ինչքան էլ դրական լինի Քիմի միջոցով Ցեղասպանությունը հանրաճանաչ դարձնելը, այստեղ կա մի հետադարձ տրամաբանություն՝ որ եթե չլիներ Ցեղասպանությունը (իրենց դեպքում՝ դրա վտանգը), Քիմի տատիկ-պապիկները չէին հայտնվի ԱՄՆ-ում, այնուհետև չէին խառնվի ամերիկյան մշակույթի հետ, ու իրենց թոռնուհին չէր դառնա համաշխարհային աստղ:
Այսինքն՝ ստացվում է, որ ենթագիտակցորեն շնորհակալություն է հայտնվում Ցեղասպանություն իրականացնող երիտթուրքերին, ում «շնորհիվ» հայ ժողովուրդը ստացավ համաշխարհային աստղ, որն էլ դարձավ ազգի պարծանք, իսկ ահա եթե Ցեղասպանությունը չլիներ, ապա Քիմի տատիկ-պապիկները կմնային Կարսում կամ Կարինում, կամ էլ, լավագույն դեպքում՝ կգնային Ռուսաստան՝ մի տեղ խոպան, իսկ մեր Քիմն էլ, սևամորթի հետ ամուսնանալու փոխարեն՝ կլիներ Հայաստանի գյուղերից մեկում մի Կռազի շոֆեռի կին, կամ էլ, լավագույն դեպքում՝ հայկական շոուբիզնեսի աստղ, որի փայլը «Փալաքալից» այն կողմ չի երևում:
Ասածս ինչ է. ինչ անում եք, չափի մեջ արեք, թե չէ կարող է մեր ուզածի հակառակ արդյունքն էլ ստանանք ու մեր ազգի հետ կատարված ամենաողբերգական իրադարձությունը վերածենք խեղկատակության:
‘