‘Առաքել Սեմիրջյան. Իրական մտավորականները’

1563

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ եթե Չարենցը կամ Կոմիտասը մեր ժամանակներում ապրեին, ինչպիսի՞ քաղաքացիական դիրքորոշում կունենային, ինչպիսի՞ քաղաքական հայացքներ կունենային, կամ՝ այս կամ այն հարցի շուրջ ինչպիսի՞ կարծիք կարտահայտեին:

Իհարկե, այս մտքերս աբսուրդի ժանրից են, ու հնարավոր չէ տարբեր ժամանակում ու տարածության մեջ գոյություն ունեցող երևույթներն իրար հետ համեմատել, սակայն այսպիսի համեմատություններն օգնում են այնքանով, որ ընդհանուր առմամբ հասկանաս մարդկային որ տեսակը` որ պայմաններում ինչպիսին կարող է դառնալ:

Հիմա հեշտ է «հերոսական» դատողություններ անել այն մասին, թե Բակունցը համարձա՞կ ցուցմունք գրեց, թե՝ վախեցած, Զոհրապը Թուրքիայի պառլամենտում լա՞վ պատգամավոր էր, թե` վատ, սակայն ինչպես «Գոյայի դիմանկարը» ֆիլմում է ասվում` կտտանքների ենթարկվող մարդու գործողություններում հերոսություն փնտրելը հիմարություն է և մահվան սպառնալիքի տակ գտնվող մարդկանց արարքները դրական կամ բացասական գնահատելը՝ աբսուրդ:

Ինչպես Չարենցն է Բակունցին նվիրված իր հանճարեղ բանաստեղծության մեջ ասում՝ մարդուն պետք է գնահատել նորմալ պայմաններում, իսկ աննորմալ պայմաններում մարդը չի կարող իրեն նորմալ դրսևորել:

Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…

Այս ամենի համար, — և քո եղերական

Տառապանքի համար, որ արդ կրկին

Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—

Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…

Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ

Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —

Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,

Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…

Փառք Աստծո, հիմա Հայաստանում անցել են ստալինյան ժամանակները, և մտավորականներին իրենց  քաղաքացիական դիրքորոշման համար չեն խոշտանգում, սակայն արի ու տես, որ ինչքան էլ այդ ժամանակներն անցած լինեն՝ վախը մնացել է մեր մտավորականության մեջ, և նրանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց իշխանության թերմացքների: 

Միայն հատուկենտ մտավորականներ են, որ համարձակություն ունեն արտահայտելու իրենց կարծիքը, իսկ մնացածները բավարարվում են իշխանություններից ստացած պարգևներով ու շքանշաններով, իշխանությունների հրամանով ընդդիմության վրա կեղտ շպրտելով: 

Մտածում եմ՝ Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Սևակը… եթե մեր ժամանակներում ապրեին, արդյո՞ք ձայն չէին բարձրացնի իշխանությունների կողմից մարտի մեկին տասը մարդու սպանության կապակցությամբ կամ արդյո՞ք մարդասպան իշխանությունների ձեռքից որևէ պարգև կամ պաշտոն կընդունեին, կամ` արդյո՞ք կկանգնեին այն իշխանության կողքին, որը հարստահարում է սեփական ժողովրդին:

Ընդդիմախոսները հիմա կասեն, որ ժամանակին Չարենցը Ստալինի մասին գովասանական բանաստեղծություններ է գրել, սակայն նրանք մոռանում են, որ այդ շրջանում Չարենցը իրապես հավատում էր Սովետական Միությանն ու իշխանություններին, իսկ երբ հասկացավ, թե իրականում ինչ է կատարվում երկրում, իր կյանքի գնով չվախեցավ բարձրաձայնել ճշմարտությունը:

Գուցե մի քանի տարի հետո էլ մեր մտավորականները կհայտարարեն, թե իբր իշխանափոխությունից հետո՞ են միայն հասկացել նախորդ իշխանությունների իրական էությունը: Բայց իշխանափոխությունից հետո Բերիան էլ էր Ստալինի մասին «ճշմարտություններ» պատմում: Կարևորը՝ տվյալ իշխանության օրոք իրականությունը պատմես կամ գոնե լռես ու չքարկոծես երկրի ազատությունների համար պայքարող մարդկանց, իսկ իշխանափոխությունից հետո ով էլ ասես՝ կարող է արտահայտվել:

Այստեղից մի պարզ եզրակացություն. բացի մի քանի բացառությունից, Հայաստանում մտավորական չկա, և դա կապված չէ այն հանգամանքի հետ՝ մարդն ընդդիմադի՞ր է, թե՞ ոչ: Մտավորականը միայն այն դեպքում է մտավորական, երբ իր գոյությունը չի կապում իշխանության տված փշրանքների հետ եւ բոլոր պարագաներում սեփական ժողովրդի կողքին է:

Նախորդ հոդվածը‘Փետրվարի 20-ին Կիեւում կկայանա «Վալենսիա»-«Դինամո» ֆուտբոլային խաղը’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը «անսպասելիորեն» նախաճաշել է զինվորների հետ’