‘Առաքել Սեմիրջյան. Խաղաղությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա’

2437

Ադրբեջանի ախորժակը գնալով ավելանում է, ու եթե նախկինում նա սահմանամերձ հարձակումները փորձում էր միջազգային հանրության աչքից թաքցնել կամ էլ ինչ-որ կերպ բացատրություններ բերել, ապա այժմ  հարկ էլ չի համարում անդրադառնալ դրանց ու շարունակում է դիվերսիոն հարձակումներ հայկական դիրքերի ուղղությամբ: Պարզապես մի փոքրիկ անոնս անենք` սկսած Սաֆարովի էքստրադիցիայից, սահմանը հատած հայ խաղաղ բնակչի՝ ադրբեջանական բանտում սպանությունից, վերջացրած հայկական ուղղաթիռի կործանումով և այս մեկ տարվա ընթացքում սահմանին կատարված հարձակումներով, ու տեսնենք, թե միջազգային ուժերը ինչպիսի քայլեր են կատարել այս ուղղությամբ:

Ընդամենը մի քանի կցկտուր հայտարարություններ, որոնք բացի Ադրբեջանին «ոգևորելուց»՝ որևէ այլ արդյունք չեն տվել: Ինչու եմ նշում՝ ոգևորել. որովհետև քանի որ նմանատիպ հայտարարությունները որևէ գործնական շարունակություն չեն ունենում, դեռ ավելին, միջազգային խաղացողները որևէ տարբերություն չեն տեսնում Ադրբեջանի հարձակողական և Հայաստանի պաշտպանվողական գործողությունների միջև, և հավասարապես, իսկ որոշ դեպքերում՝ ավելի շատ զենք ու զինամթերք են մատակարարում Ադրբեջանին, ապա սրանից կարելի է միայն «ոգևորվել»:

Միջազգային խաղացողներին թողնենք իրենց տեղերում և անդրադառնանք Հայաստանի քայլերին: Որո՞նք են Հայաստանի այն գործողությունները, որ կկարողանային կանխարգելել Ադրբեջանի այսպիսի պահվածքը և խուսափել կոնֆլիկտի հետագա էսկալացիայից:

Այդ քայլերը բազմազան չեն ու հանգում են միևնույն կետին՝ որ Հայաստանն այնքան ուժեղ լինի, որ ամեն մի սադրանքից հետո ոչնչացվեն հակառակորդի դիրքերը, և հակառակորդը, վախենալով մեր կողմի պատասխանից` խուսափի նոր սադրանքներից, ինչպես տեղի էր ունենում զինադադարին հաջորդող առաջին տարիներին: Իսկ քանի որ, անկախ «հայրենասիրական» հայտարարություններից, այժմ Հայաստանը չունի այդպիսի հնարավորություն, ապա գործնականում մնում է սպասել, թե Ադրբեջանը ինչ նոր անակնկալ կբերի մեր գլխին:

Իհարկե, կա նաև ավելի լավ տարբերակ` նստել ու մտածել «Խաղաղության պայմանագրի» մասին և կոնկրետ գործողություններ իրականացնել այդ ուղղությամբ, ու ինչքան էլ այն ցավոտ լինի, ավելի ցավոտ չի լինի, քան պատերազմը կամ կամաց-կամաց մեր վերջին ռեսուրսների մաշումը:

Եթե սրանից մի քանի ամիս առաջ փորձագետների մեծ մասը բացառում էր պատերազմի տարբերակը, ապա այժմ ռուսական փորձագետները նշում են պատերազմի վերսկսման հավանականության մասին և կոնկրետ տալիս ժամկետներ` մեկ տարվա ընթացքում: Մի՞թե այսպիսի վերլուծությունները կարող են պատահական լինել: Ըստ իս՝ ոչ մի պատահականություն էլ չկա ու պատահական էլ չէ:

Եթե անգամ պնդում են, թե մեր սպանված զինվորների համեմատ՝ Ադրբեջանը  շատ ավելի  մեծ կորուստներ է ունենում, մեկ հանգամանք հաշվի չի առնվում. եթե նույնիսկ այդ պնդումները համապատասխանում են իրականությանը, հայկական կողմի ներսում դրանք բերում են հասարակության մեջ ընկճախտի ու այս ամենի վերջը չտեսնելու  պարագայում` անզորության, իսկ ադրբեջանական հասարակության մեջ իրենց կորուստները բերում են հայրենասիրական ոգու բարձրացման, թե՝ տեսեք մենք դեռ չլուծված խնդիրներ ունենք, և ադրբեջանցի զինվորներն իրենց կյանքի գնով փորձում են լուծել այդ խնդիրները:

Իսկ ո՞րն է հայկական կողմի վերջնական նպատակը, երբ չի ձևակերպվել, թե մենք ինչ ենք ցանկանում: Թե՞ մենք անընդհատ պետք է հայտարարենք, որ թշնամին հարձակվում է, ու մեր նպատակը ինքներս մեզ պաշտպանելն է, կամ ավելի աբսուրդ` հայտարարենք, որ երբ ուզենանք՝ Բաքուն կգրավենք, այն դեպքում, երբ նույնիսկ մեր ունեցածը չենք կարողանում պահել: Հենց սա էլ բերում է այն ապատիային, որի մասին վերը նշեցի: Կոպիտ ասած՝ մեր խնդիրը միայն հայ սպանված գերու կամ մեր կործանված ուղղաթիռի օդաչուների դիակները թշնամու տարածքից ետ բերե՞լն է, թե՞ մենք այլ խնդիր էլ ունենք:

Այստեղ պահանջները ոչ թե պետք է ուղղված լինեն ՀՀ ՊՆ-ին, որն իր հնարավորությունների չափով ամեն ինչ անում է՝ իրավիճակը կայուն պահելու համար, այլ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, որի կողմից լուծումներ չգտնելու դեպքում արդեն ՊՆ-ն էլ անզոր կգտնվի իր առջև դրված խնդիրները լուծելու:

Կրկին կոպիտ ասած՝ ՀՀ ՊՆ-ի խնդիրը չէ զոհված զինվորների ընտանիքների կամ վիրավոր զինվորների սոցիալական հարցերը հոգալը, այս և ընդհանրապես զինվորների չզոհվելու  պահանջը պետք է դրվի ՀՀ իշխանությունների առջև, որպեսզի նրանք քաղաքական լուծումների գնան, այլապես արժանապատիվ խաղաղության փոխարեն կունենան «հայրենասիրական կապիտուլյացիա»:

Ցավոք, այս երկընտրանքին շատ ժամանակ չի մնացել:

Նախորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ն հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով ‘
Հաջորդ հոդվածը‘Էրրերան` «Մանչեսթր Յունայթեդ»-ի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ’