‘Առաքել Սեմիրջյան. Խաչի ժանգոտած մեխը’

2456

Սողեսող, ցեխերի ու տեղ-տեղ ձյան միջով անցնելիս փշալարը բռնեց նրա օձիքը: Թշնամին ձայն լսեց ու ձայնի ուղղությամբ լուսային փամփուշտներով կրակահերթ տվեց: Սպիտակի վրա ոչինչ չերևաց, սակայն նա սպասում էր առավոտի բացվելուն՝ թե հետքերը ո՛ր ուղղությամբ են տանում:

Փշալարերի արանքում խճճված՝ նա փորձում էր թակարդից անձայն ազատվել: Ձեռքին մի մեծ պարկ կար՝  սպիտակով ներկված, սակայն փշալարի ծակած տեղից արյունը կաթիլ-կաթիլ դուրս էր գալիս ու պարկի գույնը փոխում: Մինչև լույսը բացվելը պետք է ազատվել, այլապես սպիտակ դաշտի մեջ  արյունոտած պարկով  հեշտությամբ կգտնեն:

Օնկոլոգիայի դիսպանսերում քաղցկեղով հիվանդ մանուկները տոնածառ էին զարդարում: Յուրաքանչյուրը մի երազանք կախեց ծառից, իսկ անկյունում նստած մայրերը սկսեցին թաքուն հեկեկալ, սակայն հեկեկոցի արանքում դեմքերին այնպիսի ժպիտ տվեցին, որ մանուկները հանկարծ չնկատեն դուրս ժայթքող արցունքները: Տոնածառի խաղալիքների հետ միասին փայլում էին մանուկների ճաղատ գլուխները, ու դժվար էր դրանք զանազանել փայլփյուն խաղալիքներից:

Սահմանամերձ գյուղի մանուկները աղոթում էին, որ Նոր տարվա գիշերը կրակոց չհնչի: Չէ՞ որ Ձմեռ պապին կարող էր նկատվել թշնամու կողմից:

Լուսաբացին դեռ մեկ ժամ կար, սակայն նա դեռ չէր ազատվել կապանքներից: Հերթապահները երկրորդ անգամ լուսային փամփուշտներ արձակեցին, ու հեռվում ինչ-որ բան երևաց, բայց դժվար էր նշմարվում, թե  ինչ է: Լույսը  բացվելուն քիչ էր մնացել, սակայն արյունը չէր դադարում կարմրացնել սպիտակ պարկը:

Տոնածառից կախված նամակներում նվերների ցանկ չկար, ոչ էլ տարատեսակ խնդրանքներ: Այնտեղ աղոթքներ էին կախված, որ անաղարտ գային հասնեին ետ:

Սահմանամերձ գյուղի մանուկները գայլի ոռնոց լսեցին ու սկսեցին դողալ, թե արդյոք Ձմեռ Պապի եղնիկներին գայլերը չեն կերել: Չէ, Ձմեռ Պապի եղնիկները արագ են վազում, համ էլ թռչել գիտեն, մի կերպ կազատվեն գայլերից:

Ոռնոցները ուժգնանում էին,  ու դրա հատ մեկտեղ ուժգնանում էր օդում կախված վախի դողը:

Իսկ եթե աղոթքները երկինք չհասնեն, կամ էլ տիեզերքում կորչեն, ո՞վ է դրանք գտնելու: 

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ. «Ինչպե՞ս է լինում, որ Վարդան Պետրոսյանին կալանավորում են անմիջապես, իսկ այս վարորդին ազատության մեջ են պահում»’
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. Ներդրումները Հայաստանում նվազում են այն դեպքում, երբ աշխարհում հայությունը ծաղկում է’