‘Առաքել Սեմիրջյան. Համաժողովրդական շարժումներ’

1917

Հայաստանում այժմ մի գործընթաց է սկսվել, որը կարելի է շատ հանգիստ անվանել համաժողովրդական շարժում: Որոշ մարդիկ, սակայն, կարող են տարակուսել այդ արտահայտությունից, քանի որ իրենց աչքի առաջ ունեն 1988 և 2008 թվերի համաժողովրդական շարժումները:

Իհարկե, դասական առումով՝ այսօրվա շարժումը որոշակիորեն տարբերվում է իրեն նախորդող շարժումներից, սակայն, այդուհանդերձ, եկեք մի փոքր անդրադարձ կատարենք նախկին և այսօրվա շարժումներին և փորձենք համեմատություններ անել:

1988 թ-ի համաժողովրդական շարժումը, դասական առումով՝ շարժում էր Հայաստանի անկախության համար, որը սկսվեց Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով և ավարտվեց Հայաստանի և Արցախի ազատագրմամբ:

Այս շարժման հաղթանակին օգնեց նաև այն, որ եթե սկզբնական փուլում միայն Հայաստանն էր կազմակերպել այսպիսի շարժում, ապա հետագայում խորհրդային այլ երկրներ էլ կազմակերպեցին նմանատիպ շարժումներ, և, ամենակարևորը, Ռուսաստանում էլ սկսվեց այսպիսի մի շարժում, և Խորհրդային Միությունը պարզապես ռեսուրս չունեցավ՝ այս բոլոր շարժումները ճնշելու և անկախության օջախները հանգցնելու համար: 

Շարժման ղեկավարների խոհեմության շնորհիվ` Հայաստանը նաև կարողացավ խուսափել Խորհրդային Միության փլատակների տակ մնալու անցանկալի հեռանկարից, որից չկարողացան խուսափել, օրինակ՝ Հայաստանի հարևան խորհրդային հանրապետությունները, և այլ խորհրդային երկրների համեմատ՝ Հայաստանը 1988 թ. շարժման շնորհիվ կարողացավ այս ծանր կացությունից դուրս գալ նվազագույն կորուստներով:

Այս հանգամանքը պատահական չի կարելի համարել, քանի որ շարժումն այլ ուղղությամբ տանելու դեպքում Հայաստանը չէր խուսափի ո՛չ տարածքային կորուստներից, ո՛չ էլ մենք այսօր կունենայինք երկու անկախ հայկական պետություններ:

Դրան նպաստեց նաև ԱՊՀ-ին Հայաստանի կամավոր անդամակցությունը և ԱՊՀ-ի հիմնադիրներից մեկը լինելու հանգամանքը: Դրանով Ռուսաստանին ցույց տրվեց, որ Հայաստանը պատրաստ է, անկախ լինելով հանդերձ՝ եղբայրական և գործընկերային հարաբերություններ ունենալ իրենց հետ, որ չի փորձելու օգտվել Ռուսաստանի թուլացած վիճակից ու հակառուսական քաղաքականություն կիրառելով՝ չի փորձելու սիրաշահել Արևմուտքին, ու ոչ էլ մեկ այլ ծայրահեղության գիրկն է ընկնելու, որի անունն է դառնալ պանթուրքիզմի կամ պանիսլամիզմի առաջամարտիկ, ինչի պատճառով Հայաստանը կարող էր օգտագործվել Ռուսաստանի կողմից՝ որպես Թուքիայի և Արևմուտքի դեմ պայքարի գործիք: 

Հերիք է միայն նայել այդ ժամանակվա Վրաստանի և Ադրբեջանի դրությանը, որ անմիջապես համոզվենք Հայաստանի շարժման հիմնական սկզբունքների ճշմարտացիության մեջ:

2008 թ. շարժումն իր արտաքին քաղաքական ուղղվածությամբ չէր տարբերվում 1988 թ. շարժումից: Շարժման առաջնորդը նույնիսկ շարժման համար ծանրագույն օրերին չգնաց դեպի այս կամ այն գերտերությունը թեքվելու (հետևաբար նաև՝ երաշխավորված հաղթանակ ունենալու) գայթակղությանը, և շարժումը պահվեց հայաստանակենտրոնության ուղեծրի մեջ, իսկ նրանք, ովքեր շարժման հետ կապված՝ այս կամ այն գերտերության հովանավորության կարիքն ունեին կամ համարում էին, որ առանց գերտերությունների աջակցության՝ համաժողովրդական շարժումը հաղթանակի չի հասնի` հեռացան շարժումից՝ դրանով իսկ ինչ-որ չափով թուլացնելով շարժումը և մեխանիկորեն հզորացնելով իշխանություններին, ինչը հնարավորություն տվեց ավազակապետական իշխանություններին այնպես անել, որ Համաժողովրդական շարժումը չհասնի հաղթանակի:

Այս դեպքում ՀՀ իշխանությունների կողմից օգտագործվեց մի քարոզչական «տրյուկ», որով նրանք Համաժողովրդական շարժումը Արևմուտքին ներկայացնում էին որպես ռուսական ուղղվածություն ունեցող, իսկ նույն շարժումը արդեն Ռուսաստանին ներկայացնում էին որպես «Նարնջագույն հեղափոխությունների» տիպի շարժում:

Սեփական իշխանությունը պահելու նպատակով նրանք կարողացան Մարտի մեկի ռազմական հեղաշրջման ու խաղաղ ցուցարարների գնդակահարման համար «արդարացում» գտնել միաժամանակ և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում, համապատասխանաբար՝ Արևմուտքին ներկայացնելով, որ եթե համաժողովրդական շարժումը գար իշխանության, ապա այն կունենար ռուսական ուղղվածություն, ու դրան էլ, ահա, իբր հակադրվելու համար՝ ՀՀ իշխանությունները Արևմուտքին խոստացան ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրում, ու սկսվեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը, իսկ Ռուսաստանին էլ համոզել էին, թե շարժումը իշխանության գալու դեպքում կունենա Արևմտյան ուղղվածություն, ու որպես դրա հակակշիռ՝ Ռոսաստանին տրամադրվեց Հայաստանի ողջ էներգահամակարգը, ինչպես նաև խոստացվեց Հայաստանում բացել ռուսական դպրոցներ և դառնալ Ռուսաստանի ֆորպոստ: 

Այս երկակի խաղի «շնորհիվ» ՀՀ իշխանություններին ժամանակավորապես հաջողվեց խաբել և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, միայն թե նրանք աչք փակեն Մարտի մեկի ոճրագործության վրա, իսկ իրականում ՀՀ իշխանությունները չհասկացան, որ Արևմուտքն ու Ռուսաստանը աչք են փակում համաժողովրդական շարժման ճնշման վրա, որպեսզի ավելի մեծ կախվածության մեջ գցեն ՀՀ իշխանություններին, որն ակնհայտ դարձավ արդեն մի քանի տարի անց:

2014 թվականից սկսված համաժողովրդական շարժումն արդեն մեկնարկային այլ պայմաններում է գտնվում, քանզի Հայաստանի արտաքին գործընկերները արդեն համոզվել են ՀՀ այսօրվա իշխանությունների ոչ հուսալի գործընկեր լինելու մեջ, ու այժմ համաժողովրդական շարժումը ճնշելու փորձ կատարելու դեպքում գրեթե բացառվում է Արևմուտքի կամ Ռուսաստանի կողմից աչքփակոցին:

Այս առումով 2014 թվականի շարժումը ավելի մոտ է 1988 թ. շարժմանը, երբ շարժման արտաքին մեսիջները տեղ են հասնում և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, այն է թե՝ շարժումը չի գնալու այս կամ այն գերտերության վեկտորի ուղղությամբ և լինելով հայաստանածին շարժում՝ պոստֆակտում չի հակադրվելու (որովհետև այդ ուղղությամբ իշխանությունների կողմից սկսված գործընթացն արդեն իրականություն է) Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը,  ու միաժամանակ ամեն ինչ անելու է Հայաստանում ժողովրդավարության արժեքների հաստատման ուղղությամբ:

ՀՀ այսօրվա իշխանություններն էլ, չհաշված մի քանի հուսահատ փորձերը, արդեն չեն կարողանում «թոզ փչել» ոչ Արևմուտքի, ոչ էլ Ռուսաստանի աչքերին՝ շարժումը վարկաբեկելու կամ նրան այս կամ այն ուղղվածություն տալու նպատակով:

Այդ իսկ պատճառով 2014 թվականին բոլոր նախադրյալները կան, որ սկսված համաժողովրդական շարժումը պսակվի հաղթանակով և, միաժամանակ, խուսափի Ուկրաինայի ճակատագրից:

Ինչ վերաբերում է ներքին ժողովրդավարացմանը, ապա նշենք, որ ինչքան էլ ասեն, թե 2008-ի շարժման ժամանակ իշխանափոխություն տեղի չունեցավ, միևնույն է՝ 2008 թ. սկսված շարժումը հիմք հանդիսացավ այսօր Հայաստանում գործող՝ տարբեր ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերի ձևավորման, ինչպես նաև մամուլի՝ որոշակի ազատության համար: Ավելին, առանց այդ շարժման, այսօր ե՛ւ Արևմուտքը, ե՛ւ Ռուսաստանը չէին մտածի անգամ Հայաստանի այսօրվա իշխանությունների իրական կերպարի մասին, իսկ թե կուզեք՝ առանց 2008-ի շարժման՝ այսօրվա շարժումն էլ ստեղծված չէր լինի, ու մեր ժողովուրդն էլ պատրաստ չէր լինի բուրժուադեմոկրատական հեղափոխության:

Նախորդ հոդվածը‘Haaretz. Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը նույնն է, ինչ երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիային զենք վաճառելը ‘
Հաջորդ հոդվածը‘Ապագա մայրերի բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց (ֆոտո)’