‘Առաքել Սեմիրջյան. Հայաստանի հպարտությունը’

2373

Ուղղաթիռի հետ կապված ողբերգությունից հետո ամեն օր ադրբեջանական քարոզչությունը էյֆորիայի գիրկն էր ընկնում, ու նույնիսկ այնպիսի հայտարարություններ էին հնչում, թե մեր զոհված օդաչուների դիակների փոխանակման համար հայկական կողմը պետք է հանձնի ադրբեջանցի ահաբեկիչներին, ովքեր գերեվարվել էին ԼՂՀ Քարվաճառի շրջան մուտք գործելուց ու երկու խաղաղ բնակչի մահվան պատճառ դառնալուց հետո ու այժմ էլ ԼՂՀ դատարանում, բոլոր միջազգային նորմերի պահպանմամբ, ընթանում է նրանց դատավարությունը:

Այդ ահաբեկչության մեջ կասկածվող ադրբեջանցիներին նույնիսկ պաշտպաններ են տրամադրվել, իսկ դատավարությունն էլ ընթանում է բաց, ու ցանկացած լրագրող կարող է մասնակցել  դատավարությանը:

Վերջին հատվածը հիշեցման կարգով նշեցի, որպեսզի ցույց տամ ադրբեջանական կողմի պահանջների անհամարժեքությունը` հայ օդաչուների դիակների փոխանցման հետ կապված: Սակայն մեր բանակը ապացուցեց, որ չի մնացել ադրբեջանցիների հետ «առևտուր» անելու կամ նրանց քմահաճույքներին տեղի տալու հույսին, այլ կարող է իր խնդիրները ինքնուրույն լուծել՝ միաժամանակ չտալով ոչ մի կորուստ:

Դուք պատկերացրեք, ինչպիսի հոգեբանական մթնոլորտ կառաջանար Հայաստանում և ԼՂՀ-ում, եթե հանկարծ ադրբեջանական կողմը ավելի շուտ հասներ հայ օդաչուների դիակներին, քան հայկական կողմը, այն դեպքում, երբ խփված ուղղաթիռը ադրբեջանական դիրքերից գտնվում էր ընդամենը 150 մետր հեռավորության վրա, իսկ մեր դիրքերից՝ երկու անգամ ավելի հեռու:

Ու եթե սրան գումարենք, որ ուղղաթիռի ընկած վայրը երկկողմանի ականապատված է, ապա մեր օդաչուների դիակները հատուկ գործողության շնորհիվ հայկական կողմ տեղափոխելը,  առանց չափազանցության, հերոսություն է, ու այդ գործողությանը մասնակցած հայ զինվորներն ու սպաները պետք է պարգևատրվեն ամենաբարձր պետական պարգևներով:

Նրանք ոչ միայն փրկեցին հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը, այլև փրկեցին մեր բոլորի պատիվը, որովհետև, նախ, ադրբեջնական կողմը հասկացավ, որ հայկական զինված ուժերում  կան տղաներ, ովքեր կարող են իրենց կյանքը վտանգելով՝ զինակիցների դիակները դուրս հանել ականապատ դաշտից, այն էլ՝ այն դեպքում, երբ ադրբեջանական ամբողջ զինուժի պոտենցիալը կենտրոնացված էր այդ հատվածի վրա, երկրորդ` վստահություն ներշնչել մեր երկրի բնակիչներին, որ մեր սահմանները պաշտպանված են թշնամու ցանկացած ոտնձգությունից:

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ նաև մոռանալ հայկական կողմի այն պաշտոնյաների մասին, ում մեղքով տեղի ունեցավ նշված ողբերգությունը, ու նրանք խստագույնս պետք է դատապարտվեն մեր զոհերին և երկիրը ժամանակավորապես այսպիսի անփառունակ վիճակի մեջ դնելու համար, ու միայն մեր տղաների կյանքի գնով ու փառավոր օպերացիայի շնորհիվ որոշ չափով կարողացանք վերականգնել վստահությունը, սակայն կորուստները վերականգնել հնարավոր չէ:

Այդ իսկ պատճառով մի քանի հարց հստակ պետք է դրվի մեր իշխանությունների առջև, ու դրանց  պատասխանները պետք է ստացվեն: Իսկ ամենակարևորը այն հարցի պատասխանն է, թե ինչ նպատակ էր  հետապնդում (թշնամու համար ոչ բարդ տեխնիկայի հասանելի չեզոք տարածքում) հայկական ուղղաթիռների  թռիչքը, այն էլ՝ անզեն վիճակով:

Ու նաև պետք է դատապարտվեն ու պատժվեն մեր տղաների կյանքի հաշվին փիառ անողներն ու ադրբեջանական սադրանքներին տրվողները, ովքեր այժմ էլ մեր տղաների փառահեղ օպերացիան փորձում են իրենց վերագրել:

Փառք ու պատիվ մեր բանակին, ու թող լույս իջնի մեր հերոս օդաչուների շիրիմներին:

Նախորդ հոդվածը‘Ասանժին թույլ են տվել անսահմանափակ ժամանակով մնալ Էկվադորի դեսպանատանը’
Հաջորդ հոդվածը‘Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն ուզում է «վախեցնել Ռուսատանին»’