‘Առաքել Սեմիրջյան. Հիմա՝ ի՞նչ’

2294

Էնպես չի, որ չի հասկացվում, որ Սերժ Սարգսյանը կարողացավ այս պահին չեզոքացնել ռեժիմին  սպառնացող վտանգը և իր իշխանությունը կրկին երկարաձգել: Էնպես չի նաև, որ դժվար է գուշակել, թե  ինչ կլինի սահմանադրական փոփոխությունների հետ: Սակայն այս ամենը հասկանալով հանդերձ՝ պետք է նաեւ հարց հնչեցնել. իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքական ուժերը, որոնք իսկապես մտահոգված են երկրի ճակատագրով:

Իհարկե, ամենահեշտ բանն այս ամենը արձանագրելն է ու «գնալ տներով»` սպասելով, թե ժամանակը ինչպես է հաշվեհարդար տեսնում բոլոր տեսակի ռեժիմների հետ:

Սակայն մի հարց կա, որը ոչ մի կերպ չի թողնում այդպես վարվել, ու այդ հարցը հենց Հայաստանն է: Ցավոք սրտի՝ Հայաստանը այնքան ռեսուրս չունի, որ իրեն այդպիսի շռայլություն թույլ տա՝ երկրի ճակատագիրը թողնելով միայն ժամանակի հույսին:

Կրկին՝ ցավոք, ռեժիմի իշխանության երկարաձգման ամեն վայրկյանը թուլացնում է Հայաստանը, ու եթե չլինեին Հայաստանին սպառնացող արտաքին վտանգները, կարելի էր հենց այդպես էլ վարվել` թողնել ու գնալ՝ ամեն մեկն իր գործով, մինչև վերջին հիասթափվածն ու նեղացածն էլ կարտագաղթեր՝ երկիրը թողնելով իշխող կուսակցության և մերձիշխանական ուժերի ձեռքին:

Էնպես չի, որ պահի տակ ես էլ չեմ թուլանում ու հիասթափվում անզորության այն գիտակցումից, թե որևէ կերպ չեմ կարողանում օգտակար լինել իմ երկրին, սակայն հաջորդ պահին իսկ ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ եթե այս կերպ մտածեին Արցախյան պատերազմում զոհված մեր  հերոսները, կամ Մարտի մեկին զոհված մեր եղբայրները, կամ հենց այժմ սահմանի վրա կանգնած մեր երեխաները, ապա ի՞նչ կունենայինք հիմա: Հիմա ոչ Հայաստանը կլիներ, ոչ էլ Արցախը. թեկուզ՝ հազարավոր խնդիրներով լեցուն, թեկուզ՝ անելանելիության ոսկորը կոկորդներիս կանգնած, թեկուզ՝ ջլատված ու վհատված, միևնույն է՝ այսօր կան Հայաստանն ու Արցախը, որոնց փրկության համար ոչ միայն արժե պայքարել, այլ նաև պարտավո՛ր ենք պայքարել: Ու եթե այսօր չստացվեց, ապա վաղը հաստա՛տ ստացվելու է, եթե այսօր չհասկացան՝ վաղը հասկանալու են: Վաղը հասկանալու են, որ նույն ՀՀԿ անդամի երեխան մնալու է այս երկրում ու միանալու է պայքարին, որովհետև հասկանալու է, որ այսպես շարունակվելու դեպքում ստրկացվելու ենք բոլորս, ու արդեն ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ ռուսի, թուրքի, ամերիկացու, ղազախի կամ մեկ այլ ազգի կողմից:

Հիմա ի՞նչ. երբ մի գյուղը ընկավ, պետք է հայտարարվի, որ պատերազմը տանո՞ւլ տվեցինք, կամ նույնիսկ քաղաքը թշնամու կողմից գրավվելու դեպքում պետք է հայտարարենք, որ այն այլևս մերը չէ՞: Քանի կա գեթ մեկ հոգի, ով պայքարում է իր քաղաքի, գյուղի, սկզբունքների, հավատի, արժեքների համար, այդքան ժամանակ դեռ հույս կա, որ երկիրը կփրկվի: Միայն այն ժամանակ պայքարը կդադարի, եթե այս ամենը մոռացվի, ու ամեն ինչ թողնվի ժամանակի հույսին:

Հ.Գ. Ներողամտաբար՝ թույլ տվեք հոդվածս ավարտել Պետրոս Դուրյանի «Իմ Մահը» բանաստեղծությամբ, ու չնայած այն, առաջին հայացքից՝ որևէ կապ չունի հոդվածի հետ, բայց չէ՞ որ մարդը դադարում է ապրել միայն այն ժամանակ, երբ դադարում է պայքարել, հավատալ ու հիշել…

«…Եթե տժգոյն մահու հրեշտակ

Անհուն ժպտով մ’իջնե իմ դեմ…

Շոգիանան ցավս ու հոգիս,

Գիտցե՛ք որ դեռ կենդանի եմ»:

 

Նախորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Կոնգրեսը Բաղրամյան 26-ից որեւէ քննարկման հրավեր չի ստացել’