‘Առաքել Սեմիրջյան. Հրեշտակի սիրտը’

1817

Ալան Պարկերի համանուն ֆիլմը մեծ արձագանք գտավ հանդիսատեսների շրջանում և բազմաթիվ մրցույթներում հաղթող ճանաչվեց: Այս ֆիլմից հետո կինեմատոգրաֆում մի նոր ժանր ստեղծվեց, որով ցուցադրվում էր, թե անձի երկվությունը ինչերի կարող է հանգեցնել:

Գրականության մեջ անձի երկվության թեման բազմիցս է արծարծվել, այդ մասին բազմաթիվ գործեր են գրվել՝ սկսած «Կարամազով եղբայրներից», վերջացրած «Վարպետն ու Մարգարիտան»,  սակայն այս ամենը էկրանին առաջին անգամ կարողացավ ամբողջականորեն ներկայացնել Ալան Պարկերը՝ «Հրեշտակի սրտի» միջոցով:

Դրանից հետո ստեղծվեցին այլ կինեմատոգրաֆիական գլուխգործոցներ, ինչպիսիք էին «Մարտիկների ակումբն» ու «Պ Մոլորակը», ու բազմաթիվ այլ հրաշալի ֆիլմեր, որտեղ ցույց է տրվում մարդու մեջ եղած երկու ուժերի ՝ չարի ու բարու, սատանայի և Աստծու, մարդու և գազանի պայքարը …

Հետևելով նախորդ օրը Սարյան փողոցում տեղի ունեցող իրադարություններին, երբ հայ ոստիկանները դաժանորեն ուժ են կիրառում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող սեփական ժողովրդի նկատմամբ, անմիջապես այդ պատկերն ասոցացվեց «Հրեշտակի սիրտը» ֆիլմի հետ:

Ինչպես հայ ոստիկաններին է «ոստիկանապետը» կոչել «հրեշտակներ», այնպես էլ Պարկերի ֆիլմի հերոսի անունն է Հրեշտակ (էնջըլ), ով իր անվան ետևում թաքցնում է դաժան պատմություն. տարիներ առաջ նա սպանել է իր ախոյաններին ու կերել նրանց սրտերը, սակայն մահապատժից փրկվելու համար հոգին վաճառել է սատանային, ու նրան թվացել է, թե կարող է խաբեությամբ խուսափել սատանայի հետ կնքած գործարքից:

«Հրեշտակը» նույնիսկ մոռացել է իր անցյալի մասին ու չի էլ գիտակցում, որ նորանոր հանցագործությունների հեղինակը հենց ինքն է: Նրան թվում է, թե իր փոխարեն՝ մեկ ուրիշն է կատարում այդ վայրագությունները, սակայն հո՛ սատանան ամեն ինչ տեսնում է, իսկ  Աստված էլ, իհարկե, բոլոր դեպքերում՝ երկնային դատավորն է:

Բոլոր չարագործները թաքնվում են հրեշտակի անվան տակ: Այլապես շատ հեշտ կլիներ բացահայտել  հոգիները սատանային վաճառածներին:

Ու պատահական էլ չէ, որ մեր ոստիկաններին ոստիկանապետը «հրեշտակներ» է անվանակոչել. թերեւս՝ որպեսզի սեփական ժողովրդի նկատմամբ բոլոր չարագործությունները կարողանան թաքցնել հրեշտակի անվան ետևում:

Սակայն մի հանգամանք պետք է հաշվի առնվի անձի երկվության պարագայում.  ցանկացած ոք ինքն է ընտրում՝ վաճառե՞լ իր հոգին սատանային,  թե՞ դեմ չգնալ սեփական խղճին: Ու այս դեպքում, ինչպես էլ նրանց անվանի «ոստիկանապետը», ցանկացած ոստիկան ինքն է որոշում՝ կրակե՞լ սեփական ժողովրդի վրա, թե՞ չկատարել ապօրինի հրամանները: 

Պատասխանն էլ անհատապես է պահանջվելու, ոչ թե «դատաստանի» օրը նրանք պատճառաբանելու են, թե Վլադիմիր Գասպարյանն է իրենց հրամայել կատարել այդ գործողությունները, իսկ իրենք ընդամենը «ընտանիք» էին պահում: Ընտանիք կարելի է պահել առանց խիղճը վաճառելո՛ւ էլ: Ու մի՛ մոռացեք, հարգելի «հրեշտակներ», որ երկրում արդարության համար պայքարողները պայքարում են ոչ միայն իրենց, այլ նաև ձե՛ր ընտանիքների համար, որոնք նույպես օգտվում են էլեկտրականությունից, գազից, տրանսպորտից, ովքեր նույնպես Երևանով հպարտանում են՝ որպես պատմամշակութային հուշարձանների քաղաք, և ովքեր նույնպես ամեն օր առնչվում են երկրում տիրող ապօրինությունների հետ:

Եթե այս հոդվածը ընդամենը մեկ «հրեշտակ» էլ կարդա ու հասկանա՝ ինչի մասին է խոսքը, ապա գոնե մեկ մարդու ճիշտ ընտրությանը նպաստած կլինեմ:

 

Նախորդ հոդվածը‘Մարտական հենակետում զինվոր է զոհվել ‘
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը՝ այսօր’