‘ Առաքել Սեմիրջյան. Մարդը Կապուցինների բուլվարից’

2114

Սովետական մի հրաշալի ֆիլմ կա՝ համանուն վերնագրով և սիրված դերասանների մասնակցությամբ` Բոյարսկի, Տոբակով, Միրոնով, Կարաչենցև, Յարմոլնիկ… Ու այս ամբողջ աստղաբույլը ֆիլմում փորձել է ցույց տալ մի պարզագույն ճշմարտություն՝ որ եթե մարդկանց տալիս ես դրական ազդակներ, մարդիկ բարիանում ու դառնում են մեկմեկու հանդեպ հանդուրժող, իսկ երբ մարդկանց ուղարկում ես բացասական ազդակներ` մարդիկ չարանում ու սկսում են մեկմեկու ոչնչացնել:

Չնայած ֆիլմի ժանրը երգիծական է, սակայն այն ավելի շուտ դրամա կարելի է համարել, քանի որ ֆիլմի հերոսին իր անասելի ջանքերի շնորհիվ էլ չի հաջողվում հասնել նրան, որպեսզի մարդիկ ընտրեն ազնիվն ու բարին:

Ֆիլմի հերոսը գալիս է աշխարհից կտրված մի գյուղ ու այնտեղ փորձում կինոսրահ հիմնել ու ցուցադրել մարդկային արժանիքները վեհացնող ֆիլմեր:Եւ շատ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվում է այդ բռի «կովբոյներից» ստանալ հանդուրժող ու մեկմեկու զիջող անհատներ, որոնք կարողանում են իրենց նոր ձեռք բերած արժեքների շնորհիվ հաղթել նաև իրենց հարևան գյուղերի հնդկացի «ախոյաններին»: Սակայն հերոսի՝  որոշ ժամանակով գյուղաքաղաքից բացակայության պատճառով այնտեղ է ժամանում կինո ցուցադրող մեկ ուրիշը, որի նպատակն է լինում այդ գյուղաքաղաքում հարստանալ ցանկացած գնով: Եւ այն նույն մարդիկ, ովքեր արդեն սկսել էին դավանել «բարձրագույն» արժեքներ, կարճ ժամանակ հետո մոռանում են դրա մասին և վերադառնում իրենց անասնական կյանքին, որի պատճառով էլ պարտությունները հետևում են մեկը մյուսին:

Մինչև 1998 թվականը Հայաստանում, վատ թե լավ՝ արժեքային այլ համակարգ էր տիրում:Ու նաև մարդկանց առաջնայնություններն էին այլ: Միգուցե մարդկանց սոցիալական վիճակը նույնն էր, միգուցե մարդկանց հոգսերը՝ նույնպես, սակայն երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին էր, որ ազգի մեծ մասը ապրում էր Արցախով ու իր հայրենիքով: Դրանից հետո իրավիճակը շատ կարճ ժամանակում փոխվեց, իսկ 1999 թվականի հոկտեմբեր 27-ից հետո մենք ընկանք մի շրջափուլի մեջ, երբ երկրում գերիշխում է փողի ու շահի մոլուցքը:

Երեկ դիտում էի Լուկաշենկոյի ելույթը, որտեղ նա քննադատում էր Ռուսաստանին՝ իր երկրի շահերը ստորադասելու մեջ ու սպառնում էր համարժեք քայլեր ձեռնարկել: Կասեք՝ Բելառուսի օրինակը լավ օրինակ  չէ, սակայն դիտավորյալ եմ այդպես վարվում, որպեսզի հասկացվի, որ նույնիսկ Լուկաշենկոյի դեպքում, եթե մարդը իր երկրի շահերով է մտահոգ, կարելի է երկրում ունենալ այլ պատկեր, և երկրի քաղաքացիներն իրենց նվաստացած չզգան:

Հիմա կարող եք ասել՝ ի՞նչ տարբերություն, և՛ Հայաստանը, և՛Բելառուսը, և՛ Ղազախստանը ԵՏՄ անդամներ են: Սակայն միայն Նազարբաևի ու Լուկաշենկոյի հայտարարությունները հերիք են՝ հասկանալու համար, որ կախված երկրների ղեկավարներից` տվյալ պետությունը ԵՏՄ ինչպիսի անդամ կարող է լինել:

Հայաստանի դեպքում՝ ԵՏՄ չէ, ԵՄ էլ լիներ, ներկայիս ղեկավարության պարագայում Հայաստանին, միևնույն է, դիտելու էին որպես «ճ» կլասի երկիր: Իսկ ահա նույն Հայաստանին` ընտրված նախագահ ունենալու դեպքում, նույն ԵՏՄ-ում կամ ԵՄ-ում լիովին այլ կերպ կվերաբերվեին:

Ու երբ մարդիկ ասում են՝ ի՞նչ տարբերություն, թե ով կլինի երկրի ղեկավարը, ու ո՞ւմ է պետք իշխանափոխությունը, եթե, միևնույն է, ԵՏՄ կազմում ենք, թող միանգամից նայեն Ղազախստանի ու Բելառուսի օրինակին ու կտեսնեն, թե տարբերությունը որտեղ է: Նույն Հայաստանի դեպքում Ռուսաստանն ու աշխարհը տարբեր նախագահների օրոք տարբեր կերպ են վերաբերվել մեր երկրին ու ըստ դրա էլ կառուցել  են իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:

Ու հետագայում էլ է այդպես լինելու. ինչպիսի «կինո ցույց տվող լինի» երկրում, այդպիսի արժեքներով էլ ժողովուրդը կառաջնորդվի, իսկ աշխարհն էլ Հայաստանին կդիտի այնպիսին, ինչպիսի արժեքներով առաջնորդվում է երկրի բնակչության մեծ մասը:

Այնպես որ՝  հայտնագործություններ անելու կարիք չկա, պարզապես պետք է ունենալ այնպիսի ղեկավարներ, որոնց արժեքային համակարգը արժանապատվություն կտարածի երկրում, այլապես՝ մեզ էլ վերջում կվերաբերվեն այնպես, ինչպես «մարդկանց՝ Կապուցինների բուլվարում»:

Նախորդ հոդվածը‘Դրամը րոպե առ րոպե արժեվորվում է’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ինչպես Սերժ Սարգսյանը երկիրը դարձրեց «պռախադնոյ դվոր» ‘