‘Առաքել Սեմիրջյան. Միմինո’

2468

Վերջերս խորհրդային տարիների քաղբանտարկյալ Ազատ Արշակյանի հետ մի հետաքրքիր զրույց ունեցա այն մասին, թե ինչպես էր Խորհրդային Միությունը փորձում երկրում առկա ազգությունների «ստերեոտիպեր» ստեղծել,  ու թե՝ ո՛ր ազգը՝ ի՛նչ դերակատարություն կարող էր ունենալ Խորհրդային կայսրությունում:

Պատմական էքսկուրսներ անելով՝ հանգեցինք այն մտքին, որ եթե վրացիների դեպքում նույն Ստալինի կերպարը կարող էր ընկալվել ինչպես բռնապետ, այնպես էլ՝ պատերազմը հաղթող ուժեղ մարդ, ապա հայի կերպարի ձևավորման ժամանակ խորհրդային շրջանում ավելի ընկալելի էր Միկոյանի տիպարը, թե իբր հայերը ամեն իրավիճակից չոր դուրս եկող են ու նույնիսկ անձրևի ժամանակ անձրևանոց չեն պահում, որովհետև կարող են «կաթիլների արանքով» խուսափել թրջվելուց:

Հիմա, ուզենք, թե չուզենք՝ Խորհրդային Միության մեջ ու հիմնականում սլավոնական հանրապետություններում հայերը ասոցացվում էին մի կերպարի հետ, որը «շուստրի» էր, մեծ քիթ ուներ, ցածրահասակ էր, մի փոքր անգրագետ ու նաև սեռապես չբավարարված,  իսկ, ահա, վրացիները՝ քիթները բարձր էին, իբր, պոռոտախոս, աղջիկների սիրելի, «սիմպատիչնի», «փողատեր» ու թասիբով:

Ադրբեջանցիների ու միջինասիական հանրապետությունների ազգերի դեպքում մի փոքր այլ ընկալում կար. նրանք էլ համարվում էին հետամնաց, թերզարգացած, մի փոքր միամիտ ու շուկաներում կանաչի վաճառող: 

Մերձբալթյան երկրների պարագայում Խորհրդային Միությունը ստեղծել էր դանդաղամիտ «ապուշների» կերպարը, որոնք նույնիսկ ռուսաց լեզուն չեն կարողանում սովորել: Բելառուսների ու ուկրաինացիների վիճակը մի փոքր ավելի բարվոք էր՝ հաշվի առնելով նրանց սլավոնական ծագումը, սակայն նրանք նույնպես լիարժեք ազգ չէին համարվում, այլ դիտվում էին որպես նույն ազգի գավառական ներկայացուցիչներ, իսկ ուկրաինացիների դեպքում՝ նաև Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ բենդերականներին մի պահ համակրած ազգ:

Սա շատ մակերեսային անդրադարձ էր թեմային, սակայն երբ խորանում ես նույնիսկ նշածս իրողությունների մեջ, հասկանում ես, որ ցանկացած կայսրություն իր հպատակներին ղեկավարելու համար պիտի այլ ազգերին ստորադասի իր ազգին, ու Խորհրդային Միությունն այդ հարցում բացառություն չէր:

Բայց այստեղ խնդիրը ոչ թե այն էր, որ խորհրդային հանրապետություններում ռասիստական գաղափարներ էին տարածված, բնավ՝ ոչ, դեռ ավելին, կարելի է ասել, որ  հաջողության հասնելու հնարավորինս հավասար պայմաններ էին ստեղծված տարբեր ազգերի ներկայացուցիչների համար, սակայն նույն կայսրությունն այլ ելք չուներ իր հպատակներին ղեկավարելու, քան նրանց ազգային «հատկանիշները» ստորադասելն էր, ու դա սպոնտան բնույթ կրել չէր կարող:

Եթե ավելի հետ գնանք, ապա կտեսնենք, որ նույն կերպ էլ ազգերը դասվում էին ցարական Ռուսաստանում, ու ըստ ցարի կողքին իրենց ունեցած տեղերի՝ կարելի էր կռահել, թե ո՛ր ազգն ի՛նչ տեղ ունի կայսրությունում: Նույն կերպ էլ Օսմանյան կայսրության մեջ էր, նույն կերպ էլ Հռոմեական, Բրիտանական, կամ մեկ այլ կայսերության դեպքում էր:

Վերադառնալով մեր օրերին՝ կարող ենք ասել, որ առայսօր «Միմինո» ֆիլմի սցենարից  որևէ բան չի փոխվել: Որքան էլ որ «Միմինոյի» հեղինակը վրացի էր, նա ֆիլմում ցույց է տվել Խորհրդային Միությունում հայ և վրացի ազգերի «դասավորվածությունը», ու կարելի է խորհրդային բազմաթիվ այլ ֆիլմեր էլ գտնել, որտեղ հստակ երևում է այդ միտումը: Եթե վրացին օդաչու էր ու նույնիսկ գյուղից-գյուղ կով փոխադրելով՝ դարձել էր ռուս աղջիկների սիրելին, ապա հայի անգամ «պրոֆեսոր Խաչիկյանը» կարմիր վերնաշապիկով ու ծիծաղելի անձնավորություն էր, որին ոչ մի ռուս չի ցանկանա աղջիկ տալ կնության: 

Ցավոք, անկախությունից հետո միայն մի պահ կորավ հայի այն կերպարը, որը ձևավորվել էր Ռուսական կայսրությունից ի վեր, ու չեմ էլ ցանականում անդրադառնալ Պուշկինի հայտնի տողերին հայերի վերաբերյալ, սակայն, այն հնարավոր էլ չէ շրջանցել՝ առանց ընդհանուր պատկերը դիտարկելու:

Արցախյան պատերազում հաղթած պետությունն ուներ գիտությունների դոկտոր նախագահ, ով տիրապետում էր բազմաթիվ օտար լեզուների, ով կարողացավ Հայաստանը դարձնել Կովկասի ամենաազդեցիկ երկիրը, եւ դա չէր կարող չփոխել հայի մասին ստեղծված կարծրատիպը:

Այդ տարբերությունը ավելի տեսանելի էր դառնում նաև քաղաքական համակարգի ձևավորման առումով, երբ ի տարբերություն հարևան հանրապետությունների, ինչու չէ՝ նաև մնացած հետխորհրդային հանրապետությունների, Հայաստանում իշխանության էին եկել ժողովրդավարական պայքարի հունով անցած անձինք, որոնց մեծ մասը գիտնականներ ու մտավորականության ներկայացուցիչներ էին: Նույնիսկ ուսումնասիրելով Ելցինի կամ Նազարբաևի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ՝ կարելի է հստակ տեսնել հայի՝ նախկինում ունեցած իմիջի փոփոխությունը ռուս հասարակության շրջանում: Այդ փոփոխությունը ոչ միայն ռուսների մեջ էր տեղի ունեցել, այլ նաև ամբողջ աշխարհում. հայը զոհի կերպարից վերածվել էր արժանապատիվ հաղթողի, ով հավասարը հավասարի դեմ կարող էր նստել աշխարհի առաջատար ուժերի հետ նույն սեղանի շուրջ ու իր պահանջները թելադրել, Վրաստանի նախագահը կարող էր «քաղաքական ապաստան» փնտրել Հայաստանում, իսկ Իրանն էլ Հայաստանին համարեր իր դաշնակից պետություն:

Սակայն այս ամենը չէր կարող վրիպել աշխարհի աչքից, ու կայսերական նկրտումներ ունեցող պետությունները չէին կարող հանդուրժել Հայաստանի այսպիսի վերելքը, այդ իսկ պատճառով էլ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Բայց այդ ամենը ոչ թե միանգամից կատարվեց, այլ տարատեսակ ԿՎՆ-ների ու «Քամեդի քլաբների» ստեղծման միջոցով, երբ հայերը, այլազգիների դեմ կանգնած՝ հայերի կատարած «ախմախությունների» վրա կատակներ էին անում ու դառնում «ԿՎՆ»-ի չեմպիոններ՝ չհասկանալով, որ այդ «աչոկները» իրենց տրվում են այն բանի համար, որ իրենք իրենց ազգը ստորադասում են կայսրության մնացած ազգերից:

Նույնն էլ տարատեսակ «Ջումշուդների» ու «Խաչիկների» վրա «ղժժոցներն» են, որոնք, առաջին հայացքից՝ ծիծաղելի կարող էին թվալ, սակայն իրականում դրանք թաքնված ռասիզմի քարոզ էին սեփական ազգի նկատմամբ:

Ու այս նոր կերպարի ձևավորումը իրականում մի պահ մոռացված հնի կրկնությունն էր, եւ այդ նոր-հին կերպարը չէր կարող հանդուրժել գիտնական ու բանիմաց հային: Ըստ այդմ էլ՝ քաղաքական հարթակում հարկավոր էր ներկայիս իշխանությունների կերպարին համապատախան իշխանավոր, որպեսզի նույն Ռուսատանի կամ Արևմուտքի ղեկավարները իրենց «բարդույթավորված» չզգան այն հանգամանքից, որ իրենց դիմաց կանգնած է արժանապատիվ ազգի արժանապատիվ ներկայացուցիչը, այլ զգան, որ իրենց դիմաց կանգնած է մի երկրորդ սորտի ազգի ներկայացուցիչ, որի վրա կարելի է ինչքան ուզել՝ «ծիծաղել», լավ պահելու դեպքում՝ «պրիզներ» տալ, իսկ վատ պահելու դեպքում էլ՝ զրկել բոնուսներից, ու ամենակարևորը, որ այդ ամենը կատարվի անպատիժ ու կամավորության սկզբունքի վրա:

Ու այս պարագայում մնում է միայն երգել «Չիտո գրիտո, Չիտո Մարգարիտո», բա…:

Նախորդ հոդվածը‘Երևանը` նորօրյա քարվանսարա’
Հաջորդ հոդվածը‘Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը չի համապատասխանում ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին. Հայտարարություն’