‘Առաքել Սեմիրջյան. Մի դրոշի տակ’

1550

Եթե վաղը թշնամին հարձակվի ու  փորձի աջ ու ձախ սպանել, հո չի՞ ասելու` այս մեկը լիբերալ է, մյուսը` ազատական կամ պահպանողական. նա իրականացնելու է իր սև գործը, եթե, իհարկե, նրան դիմադրություն ցույց չտրվի: Ուրիշ բան, որ կարող են լինել դավաճաններ, ովքեր անցնելով թշնամու կողմը` կփորձեն իրենց կաշին փրկել: Սակայն պատմությունից է հայտնի, թե ինչպես են նույնիսկ թշնամիները վարվում դավաճանների հետ, ովքեր անգամ մեծ ծառայություններ են մատուցել իրենց դավաճանությամբ:

Նույն կերպ էլ խրամատում է. որևէ մեկին հետաքրքիր չէ, թե կողքին կանգնածը որ կուսակցության համակիրն է կամ հակակիրը: Եթե կա ընդհանուր թշնամի, որն ամեն օր կրակում ու սպանում է քո զինակիցներին, արդեն մնացածը մանր հարցեր են:

Այժմ դառնանք մեր երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին. այն մարդիկ, ովքեր դեմ են դուրս եկել բռնապետական ռեժիմին և պայքարում են իշխանությունների կատարած ապօրինությունների դեմ՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, բնական դաշնակիցներ են: Իհարկե, իշխանություններն ամեն կերպ փորձում են այդպիսի խմբերի միջև վեճ ու հակասություններ առաջացնել, սակայն Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքական և հասարակական ուժերը պետք է մի կողմ դնեն այդպիսի մանր հարցերը և հանուն երկրի փրկության՝ կանգնեն կողք կողքի:

Երեկ Հայ ազգային կոնգրեսը կազմակերպել էր իր ամենամյա երթը, որին մասնակցում էին նաեւ Շանթ Հարությունյանի կողմնակիցները, անարխիստները, իրավապաշտպանները, բնապահպանները, կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ պայքարողները, նույնիսկ սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարող դրոշ կար, էլ չեմ խոսում Անի Զախարյանի մասնակցության մասին:

Առաջին հայացքից՝ կարող է թվալ, թե այս ինչ «աջափսանդալ» էր երեկվա երթը, բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ փողոց էին դուրս եկել բոլոր այն ուժերը, ում համար իրապես կարևոր է Հայաստանի իրավական պետություն դառնալը:

Բազմամարդությունից բացի՝ երեկվա երթի առանձնահատկությունը նրա բազմաշերտությունն էր, և ամեն շերտն իր վրա էր վերցնում Հայաստանի դեմ ծառացած խնդիրների մի հատվածը:

Հանրապետության պատմության ընթացքում երեկվա երթը միակն էր, որտեղ այդքան իրարից տարբեր հայացքներ կրող մարդիկ հայտնվել էին նույն հրապարակում և պայքարում էին ընդհանուր արհավիրքի դեմ, իսկ նրանցից որևէ մեկը չփորձեց ոտնահարել մյուսի իրավունքը:

Սա պետք է ավանդույթ դարձնել. հանուն պետականության` երկրի բոլոր առողջ ուժերը մի կողմ պետք է դնեն իրենց նեղ խմբակային շահերը և պայքարեն Հայաստանին նետված մարտահարավերների դեմ:

Իսկ Հայաստանի այսօրվա թիվ մեկ մարտահրավերը գործող իշխանություններն են, որոնց վարած քաղաքականության պատճառով Հայաստանը զրկվել է  միջազգային դերակատար լինելուց և կանգնած է ինքնիշխանության կորստի շեմին, էլ չենք խոսում արտագաղթի ու երկրում տիրող անարդարությունների, իշխանական ամենաթողության մասին:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը-2. Խաչը` Կիեւի Մայդանում’
Հաջորդ հոդվածը‘Մանդելայի հոգեհանգստի ժամանակ ժպտացող նախագահների լուսանկարը վրդովմունք է առաջացրել’