‘
Մի հետաքրքիր գովազդ է ցուցադրվում հայկական հեռուստատեսությամբ, ու եթե մեր իշխանությունները հասկանան այդ գովազդի ենթագիտակցական շերտը, հաստա՛տ «կարգելեն» այն:
Գովազդի հերոսը կնոջ «հանձնարարությամբ» տուն է բերում սննդամթերք (ոսպ, սիսեռ, բրինձ…) ու կնոջ այն դիտարկմանը, թե նա ինչո՞ւ իր ուզած «ֆիրմայի» ընդեղենը չի բերել, ամուսինը պատասխանում է՝ սիսեռը սիսեռ չի՞, ոսպը ոսպ չի՞, բրինձը բրինձ չի՞, ի՞նչ տարբերություն ֆիրմաների միջև: Ու այդտեղ հնչում է «կախարդական» նախադասությունը. նույնը չի՞:
Կինը, բոլոր տանտիրուհիների նման, առերես չի հանդիմանում ամուսնուն, բայց երբ ամուսինը հողաթափեր, ջուր կամ սառույց է խնդրում, կինը բերում է փիսիկով հողաթափ, կիլոյանոց սառույց կամ «շլանգով» ջուր: Ու երբ ամուսինը զարմանում է, թե՝ էս ի՞նչ էր, կինը պատասխանում է՝ ջուրը ջուր չի՞, սառույցը սառույց չի՞, հողաթափը հողաթափ չի՞, ու կրկին «կախարդական» նախադասությունը . նույնը չի՞…
Գովազդն ավարտվում է հաղորդավարուհու ձայնով, որտեղ նա աբսուրդի հասնող այս նույնականացումների մեջ բացատրում է, որ իրականում դրանք նույնը չեն:
Հիմա կասեք՝ ի՞նչ կապ ունի այս գովազդը իշխանությունների ենթագիտակցության հետ: Բայց իրականում սա ամենաանմիջական կապն ունի:
Հայաստանի այսօրվա իշխանությունների հիմնական խնդիրը իրենց նույնականացումն է նախորդ իշխանությունների հետ՝ լինի բացասական երևույթների գնահատման առումով, թե դրական. նայած այդ պահին՝ որ մեկն է իրենց ձեռնտու: Երբ խոսում են Արցախյան պատերազմի հաղթանակների մասին, այսօրվա իշխանությունները փորձում են այդ ամենը վերագրել իրենց և իրենք իրենց նույնականացնել պատերազմում հաղթանակած Տեր-Պետրոսյանի իշխանության հետ, ուստի հաղթանակած իշխանությունների տեղը գրավելու համար փորձում են նսեմացնել նախկինների ավանդը, իբր՝ նրանք չեն իմացել Շուշիի գրավման մասին, կամ իրենք ուզում էին Բաքուն գրավել, բայց, ահա, լևոնականները չթողեցին, ու իրենք ստիպված բավարարվեցին միայն յոթ շրջան ազատագրելով:
Սա հոգեվերլուծության մեջ անվանում են «ես»-ի կորուստ, երբ մարդն իր ինքնությունը կորցնում է և ինքն իրեն ասոցացնում մեկ այլ, իր կարծիքով՝ ավելի հերոսական կերպարի հետ՝ Նապոլեոն, Կուտուզով, Հուլիոս Կեսար, Չինգիզ Խան… կամ այլ տեսակի ռազմական կամ գրական հերոսների: Այդպիսիներին սովորաբար տեղավորում են համապատասխան բուժհաստատություն, և հրաշք է հարկավոր, որպեսզի նրանք ետ բերեն իրենց «ես»-ն ու հասկանան, որ իրենք Շեքսպիրը կամ Հիսուս Քրիստոսը չեն: Սա անհատի՝ այլ անձի հետ նույնականացման խնդրի դեպքում է տեղի ունենում: Իսկ երբ մի ողջ իշխանություն է կորցնում իր «ես»-ը, դա արդեն հղի է սարսափելի հետևանքներով, ու միայն հրաշքի դեպքում այդ իշխանությունը ինքնաբուժվելու հնարավորություն կունենա:
Նույն բանը կատարվում է բացասական երևույթների գնահատման ժամանակ: Երբ այսօրվա իշխանություններին ասում են, որ նրանք թալանում են երկիրը, կամ արտաքին քաղաքականության առումով դառնում են այս կամ այն երկրի վասալը, իշխանությունների կողմից այդ մեղադրանքներին պատասխանը ոչ թե հակափաստարկներ բերելն է և այդ մեղադրանքների անարդարությունն ապացուցելը, այլ, ճիշտ հակառակը՝ պնդելը, թե իբր այդ ամենի հիմքերը դրվել են նախորդ իշխանությունների ժամանակ, և իրենք պարզապես այդ ամենի «հետևորդներն ու ժառանգորդներն» են: Ու այստեղ գալիս է կրկին «ամենահրաշալի» արտահայտությունը, թե՝ ով էլ գա իշխանության՝ «նույնը չի՞», միևնույն է՝ բոլորն էլ թալանում են, բոլորն էլ ժողովրդին կեղեքում ու հարստահարում են:
Սա է մեր իշխանությունների ամբողջ փիլիսոփայությունը, և այն հրաշալիորեն գործում է հասարակության վրա. հասարակության ոչ այնքան տրամաբանող շերտերն այս խայծը հեշտությամբ կուլ են տալիս եւ չեն խորանում մանրամասների մեջ, թե նախորդ իշխանությունների ժամանակի պատերազմ է եղել, իսկ այժմ խաղաղություն է, նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանում որևէ հանք չի սեփականաշնորհվել, իսկ այժմ ամբողջ Հայաստանի հանքերն են սեփականաշնորված, նախորդ իշխանավորներից որևէ մեկը միլիոնատեր չի դարձել, իսկ այսօրվա իշխանությունների ներկայացուցիչներից բոլորը միլիոնատերեր են, նախորդ իշխանություններից որևէ մեկի նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի հաստատվել, իսկ այս իշխանությունների հեռացման դեպքում մեծ մասը կդատվի, ու դրա համար էլ չի ուզում իշխանությունը զիջել ու սպանության գնով պահում է այն, իսկ նախորդները հանգիստ հաձնեցին իրենց իշխանությունը: Այս ամենը Հայաստանում չի գործում, որովհետև գործում է «նույնը չի՞»-ի կոնցեպցիան:
«Նույնը չի՞»-ի սիրահարներին, սակայն, կառաջարկեի կարդալ այս վերջին գրառումս, եւ միգուցե «հաղոդավարի» հորդորի նման հասկանային, որ իրականում նույնը չի, ինչից հետո այս գովազդի՝ իշխանությունների համար վտանգավորությունը միգուցե հասկանան նաև պարզ սպառողները:
«Այսօր լուրերով լսեցի Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Կուբային նվիրաբերում է 35 միլիարդ գոյացած պետական պարտքը, ու անմիջապես հիշեցի Հայաստանի՝ ընդամենը հարյուր միլիոն պարտքը նույն Ռուսաստանին, որը ստանալու համար Ռուսաստանը Հայաստանից վերցրեց Հայաստանի արդյունաբերական հիմնարկների մեծ մասը:
Այստեղ ոչ թե Ռուսաստանի մեղավորությունն եմ ուզում նշել, որովհետև նույն Ռուսաստանը Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայաստանին միլիարդների զենք է նվիրաբերել, այլ Հայաստանի այսօրվա իշխանությունների ապաշնորհությունը, որ Ռուսաստանն այժմ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում Ադրբեջանին: Եվ այս դեպքում Սերժ Սարգսյանի ուրուգվայական բողոքները որևէ մեկին չեն հետաքրքրում…
Բոլոր նրանց, ովքեր սիրում են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններին «հավասարեցնել», թող այս փաստն էլ հավասարացնեն ու հայտարարեն, թե բոլոր ժամանակների իշխանությունները նույնն են, ու ով էլ գա իշխանության՝ նույնն է լինելու…»: Թող հայտարարեն:
‘