‘Առաքել Սեմիրջյան. Ուսադիրի պատիվ’

2151

Հայաստանում վերջին տարիների ընթացքում մի կարծրատիպ է ձևավորվել, թե բոլոր ոստիկանները կամակատար են՝ պատրաստ են կատարել իշխանության կողմից տրված ցանկացած ապօրինի հրամաններ: Իրականում, սակայն, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ. նույն ոստիկանությունում, իհարկե՝ ոչ շատ, բայց կան նաև այնպիսիք, որոնք հարգում ու պատվով են կրում ոստիկանական համազգեստը, և հազիվ թե նրանց դուր գա այն, ինչ իրենց ղեկավարներն անում են այդ համազգեստի պատվի հետ:

Պետք չէ մոռանալ, որ հայ ոստիկանների մի մասը մասնակցել է նաև արցախյան պատերազմին, տվել  բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ոստիկաններ, ովքեր իրենք կյանքը վտանգել են ոչ միայն երկրի ներսում հանցագործների դեմ պայքարելիս, այլ նաև արտաքին ագրեսիայի ժամանակ:

Ավելին, Հայաստանի ոստիկանությունում նույնիսկ կա այնպիսի մարդ, ով ահաբեկչին ձերբակալելու ընթացքում հնարավորություն է ունեցել, առանց իր կյանքը վտանգելու՝ նրան ոչնչացնել, սակայն չի գնացել այդ քայլին, այլ իր կյանքը վտանգելով՝ չեզոքացրել է այդ զինված ահաբեկչին, իսկ այնուհետև դատարանում միջնորդել, որ նշված հանցագործին առավելագույն չափով չդատեն, քանզի նա հավատացել է ոստիկանի խոսքին, չի կրակել նրա ուղղությամբ ու վայր է դրել իր զենքը:

Եւ իհարկե, կան նաև այնպիսիք, ովքեր պատերազմի տարիներին փախել են արտերկիր, իսկ պատերազմի ավարտից հետո վերադարձել ու ոստիկանությունում զբաղեցրել բարձրաստիճան պաշտոններ: Բոլորիդ էլ հայտնի են ոստիկանության կոռուպցիայի ու վայրագության դեպքերը, նաև՝ թե ինչպես են ոստիկանները հանցագործության պարտակումով զբաղվում, կամ անփութության պատճառով ոչնչացվում են իրեղեն ապացույցները, որից հետո ոչ միայն պատիժ չեն կրում, այլև ստանում է պաշտոնեական առաջխաղացում:

Իհարկե, վատը ավելի շատ է տպավորվում մարդկանց մեջ, քան լավը, առավելևս, որ վատին քաղաքացիները առնչվում են անմիջականորեն և գրեթե ամեն օր: Այդ պատճառով էլ, ամեն օր առնչվելով կին ու երեխա ծեծող ոստիկաններին՝ տպավորություն է ստեղծվում, որ բոլոր ոստիկաններն են կանանց, երեխաներին ու ծերերին հարվածող, վկաներից խոշտանգումներով ցուցմունք վերցնող, կամ փողոցային առևտրականների վրա «նալոգ» դնող, գեբելսյան քարոզչամեքենայի հրամանով ստատուսներ գրող…:

Սակայն ամեն կերպ պետք է կոտրվի այդ կարծրատիպը, և այդ կարծրատիպը կոտրելու մի շարք տարբերակներ կան: Ոչ միայն մարդկանց պետք է նաև դրական ոստիկանների կերպարները ներկայացվեն, որպեսզի հասարակությունը համոզված լինի, որ պետության կողմից անձը որոշակիորեն պաշտպանված է: Ոչ միայն պետք է անընդհատ հիշեցվի, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ օրվա ցանկացած ժամի, ցանկացած թաղամասում մարդիկ գրեթե միշտ կարող են ազատ շրջել և ո՛չ կողոպտվել, ո՛չ էլ թալանվել, ու որ սա շատ քիչ երկրներում կարելի է հանդիպել: Ոչ միայն պետք է հիշեցվի, որ նույն կերպ Հայաստանում չկա ազգային խտրականություն՝ որևէ ազգի  նկատմամբ, չկա նաև կրոնական անհանդուրժողականություն և քսենոֆոբիա: Այլև առաջին հերթին երևի պետք է նաև քաջալերել համակարգում աշխատող այն ոստիկաններին, ովքեր իրապես ոստիկանի համազգեստի պատիվն են պահում, և նրանց վարքը պետք է օրինակ դարձնել մյուս՝ գերակշիռ մասի համար (շարքայինից մինչև ոստիկանապետ), որպեսզի ձևավորվի այնպիսի դրական մթնոլորտ, որտեղ նույն ոստիկանների կողմից հանցագործություն կատարելն ու կոծկելը ուղղակի դառնա ամոթալի և դատապարտելի երևույթ:

Այսպիսի մտորումների հանգեցի այն բանից հետո, երբ անցյալ օրը մեքենայով երթևեկելիս տրանսպորտի սպասող մի քանի «կարմիր բերետավոր» ոստիկան «հետս վերցրի», քանի որ նույն ուղղությամբ էին գնում: Ու նաև սկզբունք ունեմ, որ դատարկ մեքենայով երթևեկելու դեպքում պարտադիր պետք է համազգեստով մարդ տեսնելիս «վերցնեմ»:

Մի սկզբունք էլ ունեմ. համազգեստով մարդկանց հետ քաղաքականությունից չխոսել, որպեսզի վերջիններս անհարմար վիճակում չհայտնվեն: Այդ իսկ պատճառով ուղեկիցներիս հետ սկսեցի երաժշտությունից խոսել: Կողքիս նստած ոստիկանին մի փոքր հեգնանքով ասացի, որ իմ ավտոմեքենայում ռաբիզ երաժշտություն չկա, և նրանք պետք է բավարարվեն «Մետալիկա» լսելով, ինչին վերջինս ոչ միայն համաձայնեց, այլև նշեց, որ այդ պահին հնչող «Մետալիկայի»  երգի հեղինակը Օզի Օզբորնն է: Զարմանքս կրկնապատկվեց, երբ իմացա, որ «կարմի բերետավորը» ոչ միայն ռոք երաժշտությունից է հասկանում, այլ նաև դասական երաժշտության մասին  բավականին գիտելիքներ ունի, իսկ ավելի շատ զարմացա, երբ իմացա, որ անգերեն էլ գիտի և իր լսած երգերի իմաստն էլ է հասկանում: Ու չնայած հիմնականում կողքիս նստածի հետ էի զրուցում, բայց ղեկին լինելով՝ չկարողացա հիշել նրա դեմքը: Տպավորվեցին միայն ետևում նստած «ուղևորների» դեմքերը, որովհետև դիմապակու հայելիով երևում էին:

Անցյալ օրը, ակցիայի ժամանակ, երբ ոստիկանները ուժ էին կիրառում ցուցարարների նկատմամբ, փորձեցի գտնել որոշ ժամանակ առաջ իմ ավտոմեքենան նստած «ինտելեկտուալ» ոստիկանին, սակայն այդպես էլ չկարողացա հստակ «պարզել», թե որ մեկն էր: Բայց ոստիկաններից մեկն ինձ տեսնելով՝ աչքերը «փախցրեց», և ինձ թվաց, որ դա հենց այդ ոստիկանն էր:

Այդ տղան, ով հետս զրուցել էր Նիրվանայից ու Դիոյից սկսած՝ վերջացրած Բեռլիոզով ու Ռախմանինովով, ու նույնիսկ ինձ ամաչեցրել իր երաժշտական գիտելիքներով, այդ օրը իր ոստիկանական գործողություններով ոչնչով չէր տարբերվում այն հանցագործ ոստիկաններից, ովքեր ամբողջ օրը Սպիտակցի Հայկո ու Թաթուլ են լսում և  իրենց ծնողների տարիքի մարդկանց հայհոյում ու հարվածում: Գրեթե ոչնչով չէր տարբերվում, պարզապես նա իր հայացքն էր ներքև իջեցրել, և ինձ թվաց, որ նա ինձ ճանաչել է:

Ամենասարսափելին այն է, որ թեև մարդիկ Հայաստանում պետք է գլուխները բարձր շրջեին, ու մանավանդ ծառայողները պետք է հպարտ լինեին իրենց ուսադիրների համար,  իշխանություններն ամեն ինչ անում են, որ նույնիսկ եզակի մնացած այդ հպարտ հայացքները  նայեն գետնին:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Նուբարաշեն հոգեբուժական կլինիկայից» կալանավոր է փախուստի դիմել’