‘Առաքել Սեմիրջյան. Պատասխանատվության դեֆիցիտ’

1770

Այնպիսի հարց չկա երկրում, որը անկարևոր լինի: Ու կապված իրավիճակից՝ այս կամ այն հարցը առաջնային կամ երկրորդական է դառնում: Սակայն կան հարցեր, որոնք միշտ առաջնային են, անկախ այն բանից, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել: Պատասխանատվությունը միայն անձին վերագրվող արժանիք չէ, պատասխանատու կարող է լինել կոնկրետ գերատեսչությունը, կամ պետությունը, իսկ պատասխանատվության դեֆիցիտը կարող է բերել ինչպես անհատի, այնպես էլ պետության արժեզրկմանը:

Խոսքն ամենևին հանցագործություններ կատարելու ու անպատիժ մնալու մասին չէ, չնայած դրա պակասն էլ չունենք մեր երկրում, այլ՝ կոնկրետ պատասխանատվության.  եթե որևէ մեկն իր վրա այս կամ այն ոլորտը զարգացնելու պատասխանատվություն է  վերցրել, ապա անկախ այն բանից, թե ինքը որքան սրտացավ է գտնվել իր գործում, եթե իրեն վստահված գործը «պրավալի է ենթարկվել», նա պետք է հրաժարվի տվյալ աշխատանքից:  

Ենթադրենք՝ ԱՄՆ-ում կամ մեկ այլ ժողովրդավարական զարգացած երկրում տիեզերանավ են ուղարկում երկինք, ու այդ տիեզերանավը թռիչքի պահին պայթում է: Դրանից հետո տիեզերանավի անկման մեղավորները, իհարկե, կպատժվեն, սակայն նրանք, ովքեր պատասխանատվություն են վերցրել տիեզերանավի արձակման համար, այլևս երբեք չեն հավակնի կրկին դառնալ տիեզերանավի թռիչքի կազմակերպիչներ, այլ կամովին կհրաժարվեն այդ գործից, ինչքան էլ նախկինում մեծ վաստակ ունեցած լինեն տիեզերագիտության զարգացման բնագավառում:  

Իհարկե, պետությունը անհրաժեշտության դեպքում կօգտագործի նրանց փորձն ու գիտելիքները, սակայն այդ մասնագետները հենց իրենք կամովին կհրաժարվեն կազմակերպչական աշխատանքներից, քանի որ, թեկուզ և ոչ իրենց մեղքով, անկում է տեղի ունեցել, ու իրենց վստահված բնագավառում աշխատանքներն այնպես չեն կազմակերպվել, որպեսզի կանխվեն նմանատիպ միջադեպերը: Կրնկնում եմ, խոսքը հանցագործ անփութության կամ էլ տվյալ մարդուց անկախ հանգամանքների պատճառով տեղի ունեցած անկումների մասին չէ, այլ կոնկրետ պատասխանատվության դեֆիցիտի մասին:

Հոկտեմբերի 27-ի մասին տարբեր կարծիքներ են հնչել հանցագործների ետևում տարբեր ուժերի կանգնած լինելու մասին, սակայն մի պահ ընդունենք, որ որևէ ուժ չկար այդ հանցագործության ետևում, ու միայնակ 5 ահաբեկիչ մտել ու գնդակահարել են երկրի էլիտային: Արդյո՞ք դրան հետևեց որևէ մեկի հրաժարականը, ով իր ոչ հանցավոր անփութության կամ ոչ զգոնության պատճառով չի կարողացել ապահովել երկրի առաջին դեմքերի անվտանգությունը:

Ճապոնիայում այսպիսի դեպքից հետո մի քանի իրավապահ պաշտոնյաներ ոչ միայն հրաժարական կտային, այլ նաև ինքնասպան կլինեին. պարզ պատճառով՝ չեն կարողացել փրկել իրենց վստահված մարդկանց կյանքը: Եւ դա՝ այն դեպքում, որ նրանք հանգիստ կարող էին ապացուցել, որ որևէ կերպ կապված չեն տվյալ միջադեպի հետ: Մեզ մոտ ճիշտ հակառակն է. անկախ միջադեպը կանխել չկարողանալու պատասխանատվության աստիճանից՝ յուրաքանչյուրը կփորձեր իր վրայից գցել պատասխանատվությունը և հայտարարել, թե ինքը մեղավոր չէ, եւ դեռ ավելին, կհավակներ ավելի բարձր պաշտոնների:

Մեղքի բացակայությունը դեռ չի ենթադրում պատասխանատվության բացակայություն. եթե մի քանի տարի Հայաստանը բանակցում է Եվրամիության հետ՝ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ, ու մեկ օրում մի քանի տարվա աշխատանքը ջուրն է գնում, և Հայաստանը հայտնվում է Եվրասիական միության գրկում, ապա գոնե վերոնշյալ հարցում ներգրավված անձինք պետք է հրաժարական տան, քանի որ իրենք պատասխանատվություն էին վերցրել մի հարցի լուծման համար և երկրի հիմնական պոտենցիալը ուղղել այդ ուղղությամբ, սակայն, անկախ իրենցից, դա չի ստացվել: Սակայն դրա փոխարեն՝ այս նույն մարդիկ այլ՝ ավելի մեծ հարցերի լուծման պատասխանատվություն են ստանձնում` մոռանալով, որ նախորդ հարցերը չեն կարողացել լուծել, ու շարունակում են «ճոռոմախոսել»:

Դիցուք՝ մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայից հետո արդյո՞ք որևէ պատասխանատու անձ հրաժարական տվեց այն հիմնավորմամբ, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, առանց Հայաստանի իմացության՝ այդպիսի գործողություն իրականացնել:

Իսկ օֆշորային սկանդալի հետ կապվա՞ծ. ենթադրենք՝ մեր պաշտոնյաները որևէ կերպ ներգրավված չեն եղել այդ սկանդալի մեջ, բայց երկիրը հո մի քանի միլիոնի վնաս կրե՞լ է, էլ չասած՝ երկրի վարկանիշի մասին, որի պատճառով կորսված գումարները անհաշվելի են: Դրանից հետո մեկը կարո՞ղ էր չէ՞, իր վրա պատասխանատվություն վերցնել ու հայտարարել, որ հրաժարական է տալիս՝ հիմնավորելով, որ «թեկուզ ոչ իր մեղքով՝ ինչ-որ բան է կատարվել, սակայն իր երկրին վատ դրության մեջ չդնելու համար հրաժարվում է իր աշխատանքից և անցնում այլ աշխատանքի»:

Այսքանը գրեցի, որպեսզի հասնեմ բուն նյութին ու հայկական ուղղաթիռի հետ կապված միջադեպին: Անկասկած՝ հանցագործները պետք է պատժվեն, սակայն մարդիկ, ովքեր պատասխանատվություն են վերցրել զինավարժությունը անցկացնելու համար, նրանք գոնե կարող են ներողություն խնդրել, որ իրենց վստահված աշխատանքի ընթացքում այդպիսի միջադեպ է տեղի ունեցել, էլ չեմ խոսում կամավոր հրաժարականների մասին:

Այնպես է ստացվում, որ Հայաստանում, եթե մարդուն աշխատանքից չեն հեռացնում, նա կամավոր երբեք չի էլ հեռանա իր աշխատանքից` ինչ էլ ուզում է պատահած լինի իր աշխատանքի վայրում: Դեռ ավելին, նա նույն տեղում կհավակնի ավելի բարձր պաշտոնների՝ հաշվի չառնելով, որ եթե պատասխանատվություն չի կրել ավելի ցածր գործերի համար՝ չի կարող ավելի մեծ գործեր իրականացնել: Էլ չեմ խոսում արտագաղթի, կոռուպցիայի, համատարած աղքատության մասին. երբ ողջ իշխող կուսակցությունը կարող է հայտարարել, որ պատասխանատու չէ այդ ամենի համար, և հավակնել պառլամենտում ավելի շատ տեղեր ունենալու, կամ իբր ազգի լավը ցանկանալով՝ փորձել «հավերժացնել» իր իշխանությունը:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյես. «Ուրախ եմ Իսպանիայի առաջնությունում իմ նորամուտի առթիվ, սա հիանալի էր»’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Շնորհակալություն, որ միշտ ինձ հետ եք» ‘