‘Առաքել Սեմիրջյան. Պտույտ Մը Պեչենու բաղերին մեջ’

2589

Համացանցի նոր հերոսը դարձավ այն անձնավորությունը, ով ՍԱՍ սուպերմարկետից պեչենի էր գողացել և ոստիկանական մի քանի ստորաբաժանում ներգրավվել էին վերջինիս «հայտնաբերման և չեզոքացման» գործին: Ավելին, այդ ամենը նաև տեսագրվել էր, որպեսզի փառապանծ օպերացիան աննկատ չանցներ:

Հիմա բազմաթիվ դատողություններ կարելի է անել այն մասին, որ միայն օպերացիային «ներգրավված» ոստիկանների ավտոմեքենաների ծախսած բենզինը բավարար էր հազարապատիկ անգամ ավելի շատ պեչենի գնել ու բաժանել սովյալներին:

«Մենք ենք մեր սարերը» ստեղծագործության մեջ մի հատված կա, որտեղ փորձ է արվում հաշվել, թե ով է ավելի մեծ հանցագործ` նա, ով այլ հոտից իր հոտին խառնված ոչխար է մորթել ու կերե՞լ,  թե՞ նրանք, ովքեր իրենց սխալ ղեկավարման պատճառով՝ ստիպում են հովիվներին հազարավոր կիլոմետրերով հոտի հետ անցնել մինչև սպանդարան, ինչի արդյունքում նույն հոտը հարյուրավոր կիլոգրամներով մսի քաշ է կորցնում ու պետությանը տալիս անհամեմատելի ավելի մեծ վնաս, քան մի քանի ոչխար մորթելն էր:

Ինչո՞ւ այս պատմության արձագանքը այսքան մեծ եղավ. չէ՞ որ նմանատիպ պատմության նախատիպերը քիչ չեն մեր «պատմության» մեջ: Արձագանքի «մեծությունը. ավելի շատ ոչ թե այս դեպքի հետ էր կապված, այլ Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի:

Անարդարության զգացումն այս դեպքում ոչ թե այն է, որ «պեչենի գողացողները» պետք է անպատիժ մնան, այլ այն, երբ նույն պետության մեջ մարդասպանները կարող են անպատիժ մնալ, իսկ հավ ու պեչենի գողացողները տարիներ անցկացնեն ուղղիչ-աշխատանքային «վայրերում»: 

Սրա մասին շատ է խոսվել, ու դրա համար էլ չեմ խորանա այս հարցի մեջ, այլ կանդրադառնամ «Պեչենային իրավիճակների» այլ ասպեկտների:

Պեչենու բաղերում ընդհանուր առմամբ հայտնվել է մեր քաղաքական մշակույթի մեծ մասը: Ասենք, երբ մեկին հարցնում ես, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ենթադրենք՝ Բերձորյան իրադարձություններից հետո գնում ու հանդիպում ես այդ օպերացիայի կազմակերպիչների հետ ու սկսում գովերգել վերջինիս, միանգամից իրեն «պեչենու բաղերն» է գցում, թե բա լա՞վ էր, որ ՀԱԿ-ն էլ իշխանությունների հետ երկխոսություն էր սկսել:

Ու այս նախադասության մեջ ի հայտ է գալիս «Պեչենու» ամբողջ «պերճանքն ու թշվառությունը»: ՀԱԿ-ը իշխանությունների հետ երկխոսության էր գնացել կոնկրետ մի քանի թեմաների շուրջ, որոնցից մեկն էլ քաղբանտարկյալների ազատ արձակումն ու Մարտի մեկի սպանությունների բացահայտումն էր, որի շնորհիվ նաև ազատվեցին այն ժամանակվա բոլոր քաղբանտարկյալները, իսկ Մարտի մեկն էլ ընդգրկվեց բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, որի բացահայտումը դրվեց ՀՀ իշխանությունների վրա:

Հիմա դուք Բերձորի կազմակերպիչների հետ ի՞նչ էիք քննարկում` Շանթ Հարությունյանի ազատության հարցը՞, թե՞ Բերձորի հանցագործությունների բացահայտման խնդիրը: 

Երբ էլի հարցեր ես բարձրացնում, թե տղերք ջան, էլի կարելի է նստել բանակցել ցանկացած իշխանավորի հետ, բայց եթե դուք այդ բանը անում եք, գոնե ուրիշներին բարոյականության դասեր մի տվեք, էլի ընկնում են «պեչենու բաղերը», թե բա ինչպե՞ս կարելի է ԲՀԿ-ի հետ համագործակցության գնալ, չէ՞ որ նա կոալիցիայի մասի էր կազմում:

Ինչ-որ չեմ հիշում, որ այժմ ԲՀԿ-ն կոալիցիայի կազմում լինի, բայց ահա նրանք, ում հետ դուք համագործակցում եք, մինչ օրս էլ «կոալիցիայից» դուրս չեն եկել, բայց դա էլ մի կողմ: Հիմա կարող եմ Աստվածաշնչյան առածն էլ ասել, թե բա մարդն իր աչքի գերանը թողած, ուրիշի աչքի փուշն է մեջտեղ բերում, սակայն միևնույն է՝ այդ ամենը լիարժեք չի արտահայտի այսպիսիների հոգեկերտվածքը:

Իհարկե, որևէ մեկը չի արդարացնում ցանկացած տեսակի գողություն, սակայն երբ «հանցագործությունները» փորձում են համահավասարեցնել, կամ որ ավելի տարածված է, փորձում են իրենց կատարած հանցագործությունները թաքցնել ուրիշի չկատարած մեղքերով, դրանից ավելի մեծ «պեչենի» հնարավոր չէ ստեղծել:

Ոնց որ մեկի ամուսինը գնա խոպան աշխատելու, կինն այդ ընթացքում անբարոյականությամբ զբաղվի, ամուսնու վերադառնալուց հետո պատճառաբանի, թե բա դու ինչի՞ էիր խոպան գնում, որ ես էլ անբարոյականությամբ զբաղվեմ. այսինքն մեղավորը ոչ թե անբարոյականն է, այլ նա, ով դարձել է անբարոյականության «պատճառ»: Իհարկե, ցանկության դեպքում կարելի է գտնել խոպան գնացողների մեղավորությունը, սակայն երբ մարդ իր բարոյականությունը փորձում է կապել ուրիշների բարոյականության կամ անբարոյականության հետ, նշանակում է՝ ինքն իրեն գցում է «պեչենու բաղերը»:

Հիմա շատ բան կարող է պատահել մարդկանց հետ, շատերը կարող են կատարել սխալ, կամ ճիշտ քայլեր, սակայն ուրիշներին բարոյական խրատներ տալուց առաջ մեկ անգամ գոնե արժեր նայել սեփական բարոյական կերպարին, ու չհայտարարել, թե եթե մեկ ուրիշը նույնիսկ պեչենի է գողանում, ապա ես իրավունք ունեմ ինչ ուզեմ անել ու իմ արարքները արդարացնել ուրիշների կատարած «մեղքերով»:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժամանել է Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին փորձում է վաճառել Որոտանի կասկադը’