‘Առաքել Սեմիրջյան. Սերժ Սարգսյանի իմանալ-չիմանալու խնդիրը’

1721

Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը որևէ կապ չունի Երևանի կենտրոնում տեղի ունեցող ավտոմեքենաների հրկիզումների ու ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների վրա հարձակումների հետ, ու պարզապես նրա ենթակաները գալիս ու  զեկուցում են, որ այսպիսի դեպքեր են տեղի ունենում երկրում: Ինչպիսի՞ն պետք է լինեն մի մարդու գործողությունները, ով, իր խոսքով՝ հանդիսանում է Հանրապետության Նախագահ:

Մինչև այս հարցը քննարկելը մի փոքր ճշտում անենք ու անցնենք առաջ, որպեսզի հետագայում սխալ եզրահանգումների չգանք:

Նախ՝ մարդու վրա դարանակալ հարձակումը ծեծ չէ, այլ մահափորձ, քանի որ մարդիկ կռվի մեջ չեն ընկել, որ դեռ ծեծի էլ ենթարկվեն, և նրանց  անսպասելի հասցված մեկ հարվածն էլ կարող էր մահվան ելք ունենալ:

Սա վերաբերում է նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեպքերին:

Կոնկրետ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի դեպքում կրկին ծեծ ասելը սխալ է, քանի որ չնայած նրանց վրա դարանակալ հարձակում տեղի չի ունեցել, սակայն նրանց  մի քանի հոգով խմբակային ծեծի են ենթարկել, ինչն ավելի ստույգ կարելի է ձևակերպել խուլիգանությամբ զուգորդվող ծեծ և մարդու մարմնի մասերը հեռացնելու սպառնալիք:

Եթե մի թմրամոլ հայտարարի, որ պատրաստվում է կտրել իր հարևանի ականջը, բոլորը կմտածեն, որ նա թմրամիջոցի ազդեցության տակ է և պարզապես սպառնում է, չնայած այդ սպառնալիքը նույնպես քրեորեն պատժելի արարք է: Սակայն երբ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնողն է սպառնում կտրել մարդկանց ականջները, դա արդեն ոչ միայն սպառնալիք է, այլ նաև ահաբեկչության կոչ և պաշտոնեական դիրքի չարաշահում, քանի որ վերջինս կարող է իր ենթականերին էլ նմանատիպ հրաման տալ, և նրանք էլ իրագործեն այդ հրամանը:

Վարդգես Գասպարիի հետ կապված՝ այդ դեպքերից առաջ տեղի ունեցած միջադեպն էլ պարզապես ծեծ չէր, քանի որ ֆիզիկական բռնությունից հետո նրան, իր խոսքով՝ ոստիկանները առևանգել էին ու տարել ոստիկանապետ Վովա Գասպարյանի մոտ, որտեղ վերջինս սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել և սպառնացել ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացնել Գասպարիին, եթե վերջինս չդադարեցնի իր տան մոտ պաստառներ պարզելը:

Նույնիսկ ավտոմեքենաների անվադողերի այրումը պարզապես կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպ չէ, քանի որ, նախ, նույն օրվա ընթացքում մի քանի ավտոմեքենա է այրվել, ու երկրորդ՝ կոնկրետ այն մարդկանց ավտոմեքենաները, որոնք մասնակացել են այս կամ այն ընդդիմադիր միջոցառմանը: Այնպես որ, այս դեպքում էլ սա պարզապես գույքի ոչնչացում չէ, այլ կազմակերպված հանցագործություն՝ ուղղված մարդկանց ահաբեկելուն:

Վերադառնալով սկզբին՝ ենթադրենք՝ Սերժ Սարգսյանը չգիտի՝ ովքեր են անում այս ամենը, ու տեղյակ էլ չէ, որ իր նշանակած ոստիկանապետն ու փոխոստիկանապետն այսպիսի հայտարարություններ են անում: Սակայն նա գոնե պետք է անհանգստանա, որ այսպիսի գաղջ մթնոլորտի պայմաններում Հայաստանի միջազգային վարկը հավասարվում է զրոյի:

Ավելի պատկերավոր ասած՝ Հայաստանի դիվանագիտությունը լեզու չի ունենում միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի կատարած հանցագործությունների մասին տեղեկատվություն, քանի որ նույն միջազգային հանրությունը հայտարարում է, որ եթե Հայաստանի ներսում են նմանատիպ իրադարձություններ տեղի ունենում, ապա Ադրբեջանն էլ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի հայկական կողմը ահաբեկչական գործողություններ չիրականացնի իր երկրի տարածքում:

Կարծում եք՝ ինչո՞ւ որևէ դատապարտող հայտարարություն չեղավ՝ հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված, ինչո՞ւ միջազգային հանրությունը սահմանափակվեց միայն երկու կողմերին կոչ անելով ՝զերծ մնալ իրավիճակի հետագա լարումից: Կարծում եք՝ ինչո՞ւ միջազգային հանրության կողմից չհետևեցին կոնկրետ գործողություններ մարդասպան Սաֆարովին Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկելուց և այնուհետև Ադրբեջանի հերոս հռչակելուց հետո, ինչո՞ւ որևէ երկիր, Հայաստանից բացի, չխզեց իր հարաբերությունները Հունգարիայի հետ, ոչ էլ որևէ բողոքի նոտա ուղարկվեց ադրբեջանական կողմին:

Իրականում  տարբերություն կա՞ արդյոք՝ հայ սպային Հունգարիայում ադրբեջանցի՞ն է սպանել, թե՞ «Հարսնաքարում»՝ հայը, կամ՝ տարբերություն կա՞՝ հայ զինվորին սահմանին ադրբեջանցի՞ն է սպանել, թե՞ հայ ազատամարտիկին Երևանի կենտրոնում՝ հայը, իրականում տարբերություն կա՞՝ Սերժ Սարգսյա՞նն է Մարտի մեկի սպանությունների հրամանը տվել, թե՞ մարդիկ իրենց սեփական նախաձեռնությամբ են բանակը բերել քաղաքի կենտրոն և տասը մարդու սպանել:

Այստեղ խնդիրն այն է, որ բոլոր դեպքերում էլ եթե հանցագործությունը չի բացահայտվում, ու կոնկրետ գործողություններ չեն արվում հանցագործների բացահայտման ու պատժի ենթարկելու ուղղությամբ, և դրանից երկրի վարկը հասնում է զրոյական մակարդակի, մարդիկ էլ գաղջից թողնում ու փախչում են երկրից, դրանից հետո արդեն իմանալ-չիմանալու հարցեր քննարկելն անիմաստ է:  

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում’
Հաջորդ հոդվածը‘Ջեն Փսակի. ԱՄՆ-ը չի փոխի հարաբերությունները Հայաստանի հետ’