‘Առաքել Սեմիրջյան. Վերջին խրամատը’

2712

Շատերը նշում են, թե վերջին իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտը փոշիացված է, ու որևէ ընդդիմադիր ուժ չկա, որը կկարողանա պայքար մղել ավազակապետության դեմ:

Առաջին հայացքից, իհարկե, կարող է այդպիսի տպավորություն ստեղծվել, սակայն երբ մի փոքր խորանում ես հայաստանյան քաղաքական իրողությունների մեջ՝ հասկանում ես, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, ու որ կա մի ուժ, որը դեռ պահում է իր դիրքերն ու նաև թույլ չի տալիս թշնամուն առաջ շարժվել: 

Հոկտեմբեր 27-ից հետո էլ էր այնպիսի տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում դիմադրությունը ոչնչացված է, ու որ բռնապետությունը որքան կուզի, այնքան էլ՝ կերկարաձգի իր կյանքը, սակայն եղան անհատներ, որոնք չվհատվեցին ու պայքարեցին ռեժիմի դեմ, ու այդ պայքարը հող նախապատրաստեց 2007 թվականի Համաժողովրդական շարժման մեկնարկի համար:

2008 թվականի ռազմական հեղաշրջումից հետո անցել է 7 տարի, ու այս 7 տարիների ընթացքում Հայ ազգային կոնգրեսը հարվածներ է ստացել բոլոր կողմերից՝ է՛լ արևմտամետներից, է՛լ ռուսամետներից, է՛լ ազգայնականներից, է՛լ պացեֆիստներից, է՛լ ազգի դավաճաններից, է՛լ գողերից ու անբարոյականներից, է՛լ նեղացածներից, է՛լ լայնացածներից, է՛լ նախկիններից, է՛լ ներկաներից, ու այս շարքը կարելի է ուզած ձևով ընդլայնել, սակայն այդ բոլոր կորուստներով հանդերձ՝ Կոնգրեսը չի լքել իր խրամատն ու առայսօր պայքարում է երկրի  ազատության ու անկախության համար:

Համեմատության համար ասեմ, որ եթե հայաստանյան մեկ այլ ուժի այսքան հարվածների մեկ տոկոսի չափով էլ հարվածեին, հիմա այդ ուժը առնվազն վհատվել կամ նեղացել ու հեռացել էր քաղաքական դաշտից՝ վերածվելով վերլուծական մի միավորի, որը քաղաքականությունը պատկերացնում է այս կամ այն ակումբում մամուլի ասուլիս անցկացնելով ու ամիսը մեկ հարցազրույց տալով: 

Սակայն լավ, թե վատ, Հայ ազգային կոնգրեսն այսօր Հայաստանի միակ ուժն է, որը չի վախենում կանգնել ռեժիմի դեմ հանդիման ու կռիվ տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքերի ու ազատությունների համար: Իհարկե, Կոնգրեսից դուրս՝ կան անհատներ, ովքեր նույնպես պայքարում են ռեժիմի դեմ, սական նրանց պայքարը ավելի շուտ պարտիզանական պայքարի է նման, իսկ Կոնգրեսը կոնկրետ պահում է ընդդիմության խրամատը, այդ իսկ պատճառով բոլոր ռումբերն ու փամփուշտները նետում են հենց նրա ուղղությամբ:  

Անշուշտ, այս տարիների ընթացքում խրամատում եղել են բազմաթիվ կորուստներ, ու այդպես էլ պետք է լիներ, որովհետև պատերազմի առաջին գծում առանց կորուստների չի լինում, իսկ խրամատում գտնվողներն էլ մի փոքր կարծրացել են, մի փոքր ավելի զգայուն դարձել, երբեմն-երբեմն նկատվում է նաև որոշակի հոգնածություն, սակայն այդ ամենով հանդերձ՝ Կոնգրեսը երբեք թույլ չի տվել, որ ավազակապետությունը գրավի Հայաստանի ժողովրդի վերջին հույս-փարոսը: 

Իհարկե, շատ լավ կլիներ, որ Կոնգրեսին աջակցող ուժեր ծնվեին, ու Կոնգրեսը մենակ չմնար իր դիրքերում, սակայն այս պահին կարևորը այդ վերջին հենման կետը չկորցնելն է, որի վրա կարող  է կառուցվել ժողովրդական նոր ալիքը, որովհետև առանց այդ կետի Հայաստանը չէր ունենա նույնիսկ այն չնչին ազատությունները, որոնք ձեռք են բերվել այս յոթամյա անդադար ու աննկուն պայքարի շնորհիվ՝ լինի դա դատարաններում պայքարի փորձը, ոստիկանություններում գոնե ակնհայտ խոշտանգումների նվազեցմանը հասնելը, մամուլի որոշակի ազատությունները և, ի վերջո, մարդկանց՝ իրենց իրավունքների համար պայքարելու կամքն ու այն վստահությունը, որ մարդիկ միայնակ չեն իրենց այդ պայքարում: 

Եվ ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այս խրամատը կհամալրվի նոր անհատներով, ու այս խրամատի վրա կստեղծվի նոր դիմադրության ճակատ:

Ու մեկ էլ՝ մի բան չմոռանանք. այս խրամատի կործանումը կնշանակի Հայաստանի կործանում:

 

Նախորդ հոդվածը‘Լրացուցիչ 50 մլն՝ պաշտոնյաների գործուղումների ծախսերը փակելու համար’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց’