‘Առաքել Սեմիրջյան. «Տղայականության» կործանարար հետևանքները’

2221

Ցանկացած պետություն ունի իր հնարավորության սահմանները: Եթե ցանկությունները անցնում են այդ սահմանները, պետությունը որոշակի քայլեր է կատարում և իր ամբողջ պոտենցիալն ուղղում է իր հնարավորությունների սահմանների մեծացմանը: Իրականում ցանկացած պետության դեպքում ցանկություններն ավելի մեծ են լինում, քան հնարավորությունները, այդ իսկ պատճառով մարդկանց հուսախաբ չանելու համար պետությունում գործող բոլոր կուսակցություններն այնպես են անում, որ հնարավորություններն ու ցանկությունները իրարից շատ չտարբերվեն, որպեսզի իրենց երկրների քաղաքացիների մեջ հիասթափություն չառաջանա՝ այս կամ այն «ցանկության» չիրականացման պատճառով:

Սա չի վերաբերում ազգային երազանքներին, որոնք չեն դրվում կուսակցությունների քաղաքական ծրագրերում, այլ գործում են որպես ազգի ոգեղենությունը բարձր պահելու միջոց:

Ավելի հստակ ձևակերպելու դեպքում «ցանկության» փոխարեն կարելի է գրել «տվյալ պետության պլաններ», եւ թե ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը, և որքանով դրանք հնարավորություն ունեն կյանքի կոչվելու:

Ժողովրդավարական երկրներում կուսակցությունների նկատմամբ վստահությունը ձևավորվում է հենց ըստ այդ ներկայացված պլանների և իրականության համապատասխանելիության, ու եթե տվյալ կուսակցությունը գալիս է իշխանության ու չի կարողանում իրականացնել իր նախապես հայտարարված նախագծերը, անմիջապես տեղի է ունենում իշխանափոխություն, և իշխանության են գալիս նրանք, ում նախագծերն ավելի իրատեսական են: Սա է պետության քաղաքականության մոդելը, ու այն վերաբերում է ոչ միայն ներքին հարցերին, այլ նաև արտաքինին: Արտաքին քաղաքականության բաղադրիչ մասերից մեկն էլ արտաքին քարոզչությունն է, ըստ որի ՝ արտաքին քաղաքական խաղացողները որոշում են տվյալ երկրի «վստահելիության» աստիճանը:

Անցյալ շաբաթ Արցախում տեղի ունեցավ մի աննախադեպ ողբերգություն, որը որոշակիորեն սասանեց տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն խաղաղությունն ու պատերազմական որոշակի տրամադրություններ առաջացրեց հասարակության մեջ: Հասկանալի է, որ ցանկացած երկրում էլ նմանատիպ դեպքերում հասարակության մեջ վրեժի ցասում է առաջանում, և այդ ցասման չբավարարման կամ չուղղորդման դեպքում այն կարող է ավելի մեծ հիասթափություն առաջացնել:

Սակայն պետության ֆունկցիաներից մեկն էլ այն է, որ կարողանա որոշակիորեն «կազմակերպել» այդ տրամադրությունները և դրանք գործածել ի շահ պետության, այլ ոչ թե անխոհեմ քայլերի և հայտարարությունների միջոցով ավելի մեծ վհատություն առաջացնի մարդկանց մեջ: 

Արդեն մեկ շաբաթ է, որ հայկական կողմը հնարավորություն չունի հայրենիք վերադարձնել խփված ուղղաթիռի հայ օդաչուներին: Ու այդ հնարավորություն չունենալը  ոչ միայն ռազմական հարց է, որովհետև հայկական կողմը հայտարարում է, թե ադրբեջանցիներն անընդմեջ կրակի տակ են պահում ուղղաթիռի ընկած տեղանքը, այլ նաև դիվանագիտական, քանի որ խնդիր կա նաեւ միջազգային որևէ խաղացողի ներգրավմամբ հնարավորություն ստեղծել լուծելու նշված հարցը:

Սակայն երկու ձևով էլ այդ հարցը չի լուծվում, ու այդ հարցի չլուծման ամեն օրը ավելի մեծ կասկածներ է առաջացնում հասարակության մեջ:  Դրանք փարատելու համար իշխանության ներկայացուցիչները կամ պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն՝ հասարակությանը ցույց տալու համար, որ կարող են պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունը, կամ պետք է ազնվորեն սեփական երկրի քաղաքացիներին բացատրեն, թե ինչու չեն կարողանում այդ ամենն անել: Այնպես չէ, որ սեփական երկրի քաղաքացիների մեծամասնությունը ողջամտությունից հեռու է ու չի հասկանում, որ կան դեպքեր, երբ նույնիսկ մեծ ցանկության դեպքում պետությունը հնարավորություն չունի լուծելու իր առջև դրված խնդիրները, ու այդ պարագայում ազնվությունը ամենամեծ երաշխիքը կարող է հանդիսանալ կասկածանքի մթնոլորտը ցրելու համար:

Արցախյան պատերազմի  ամենածանր օրերին այն ժամանակվա իշխանությունները ամեն դեպքում ազնիվ էին գտնվում սեփական երկրի քաղաքացիների հանդեպ, և դրա վառ օրինակը մահապարտների գումարտակի ստեղծման կոչը կամ էլ հարևաններից փոխօգնություն խնդրելու հորդորն էր: Ցանկացած մարդու համար ավելի հասկանալի են իշխանությունների ազնիվ մտահոգությունները, որպեսզի պետության քաղաքացիներն էլ իրենց ուժերի ներածի չափով օգտակար լինեն երկրին, քան թե սին հայտարարությունները, որոնցով ավելի է խորանում իշխանություն-հասարակություն եղած անջրպետը:

Ու այսօր Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը, փոխանակ հասկանան այս պարզ ճշմարտությունը,  ռազմատենչ հայտարարություններ են անում, թե՝ «տեսեք, հեսա ինչ ենք անելու Ադրբեջանին»:

Նրանք չեն մտածում, որ մարդիկ հասկանում են, որ եթե սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հայկական ընկած ուղղաթիռին չես կարողանում մոտենալ, ապա Բաքու գրավելու մասին հայտարարությունները ծիծաղելի են:

Եթե հայտարարում ես, որ 50. 000-ոց զորավարժություն ես իրականացնում, որի նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ քո ռազմական հզորությունը, ու այդ զորավարժության ժամանակ թշնամու կողմը խոցում է քո ուղղաթիռը, ու  դու որևէ կոնկրետ պատասխան միջոցառում չես իրականացնում և միայն հայտարարում ես, թե՝ մենք էլ կպայթեցնենք ադրբեջանական գազամուղներ կամ ջրամբարներ, ապա ցանկության ու իրականության տարբերությունը բերում է նրան, որ արտաքին խաղացողները դադարում են քեզ դիտարկել որպես լուրջ պետություն, իսկ երկրի ներսում էլ առաջանում է խորը հիասթափություն, որից դուրս գալու ելքը քաղաքացիների մեծ մասը տեսնում է արտագաղթի մեջ:  

Ասածս, հետեւաբար, պարզ է. կամ մի փոքր ազնիվ եղեք, կամ էլ խոստովանեք, որ ձեր տղայականությամբ երկիր եք կործանում, ու պետք չէ ազգային երազանքները խառնել պետական պլանների ու քաղաքականություն վարելու հետ:

Նախորդ հոդվածը‘Կլաուս Յոհանիսը Ռումինիայի նոր նախագահն է’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016. Իտալիան ու Խորվաթիան խաղաղ ելք կնքեցին, թուրքերը հաղթեցին ղազախներին, բոսնիացիների անհաջող հանդես եկան (տեսանյութեր)’